Վերջին ութ տարիներին Հայաստանում որևէ բնական հարստություն չի հայտնաբերվել, սակայն տնտեսությունը զարգացել է շատ մեծ արագությամբ՝ նույնիսկ համավարակից և պատերազմից հետո։
Թագուհի Ղազարյան
1inTV‑ն զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է ժողովրդավարությունը որպես Հայաստանի գլխավոր ռազմավարական պաշար, որը նպաստում է պետության տնտեսական աճին և արտաքին քաղաքական կայունությանը: Անդրադարձ է կատարվում Արարատ Միրզոյանի ելույթին ԵԽԽՎ-ում, որտեղ շեշտվել է երկրի ինքնիշխանության պաշտպանությունը և խաղաղության գործընթացի կարևորությունը: Պատգամավոր Թագուհի Ղազարյանը վերլուծում է 2018 թվականից հետո գրանցված առաջընթացը՝ մատնանշելով աշխատատեղերի ավելացումն ու կոռուպցիայի նվազումը:
Թագուհի Ղազարյանը, նշեց, որ օրը խորհրդանշական է ոչ միայն Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի առումով, այլև Հայոց բանակի օրն է։ Նա շնորհավորեց բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ կապված են բանակի հետ՝ ծառայած, ծառայող, ծառայելու պատրաստ քաղաքացիներին և նրանց ընտանիքներին՝ ընդգծելով, որ բանակի հետ առնչություն ունենալը փաստացի վերաբերում է հասարակության մեծամասնությանը։
ԱԺ պատգամավորը կարծում է, որ ժողովրդավարությունն այսօր Հայաստանի ամենամեծ ռեսուրսն է՝ աշխարհաքաղաքական, տնտեսական և մարդկային իմաստով։ Նրա խոսքով՝ վերջին ութ տարիներին Հայաստանում որևէ բնական հարստություն չի հայտնաբերվել, սակայն տնտեսությունը զարգացել է շատ մեծ արագությամբ՝ նույնիսկ համավարակից և պատերազմից հետո։ Ղազարյանը նշեց, որ միջազգային պատվիրակությունները բազմիցս փորձել են հասկանալ այդ աճի պատճառը, և պատասխանն ըստ էության մեկն է եղել՝ ժողովրդավարությունը։
Նա ընդգծեց, որ ժողովրդավարականւցուցանիշներով Հայաստանը վերջին տարիներին գրանցել է բացառիկ առաջընթաց՝ մամուլի խոսքիազատության, կոռուպցիայի ընկալման, տնտեսական ազատականացման ոլորտներում։ Ղազարյանի դիտարկմամբ՝ այս ցուցանիշները միայն վիճակագրություն չեն, այլ ուղիղ կերպով ազդում են մարդկանց առօրյայի վրա։ Նրա խոսքով՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 300 հազար նոր աշխատատեղ, նվազել է աշխատանք չգտնող քաղաքացիների թիվը, իսկաշխատուժի պահանջարկն այնքան մեծ է դարձել, որ երկիր են եկել նաև տասնյակ հազարավոր աշխատանքային միգրանտներ։
Թագուհի Ղազարյանը նշեց, որ տնտեսական զարգացումը ուղեկցվում է կրթական ծրագրերի ակտիվացմամբ։ Նա փաստեց, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է շուրջ 800 նոր կրթական ծրագիր՝ վերապատրաստման, վերամասնագիտացման ուղղությամբ, ինչը նպաստում է թե՛ մարդկային կապիտալի զարգացմանը, թե՛ համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Նրա գնահատմամբ՝ սա լավագույն օրինակն է, թե ինչպես է ժողովրդավարությունը փոխում մարդկանց կյանքի որակը։
ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ 2018 թվականի փոփոխությունները մեկ քաղաքական ուժի ձեռքբերում չեն, այլ համաժողովրդական գործընթաց։ Նա նշեց, որ հետազոտությունների համաձայն՝ Հայաստանի բնակչության ավելի քան 90 տոկոսը իրեն համարում է այդ ժողովրդավարական գործընթացի մասնակից, ինչը լեգիտիմության կարևոր հիմք է։
Խոսելով օրենքի գերակայության մասին՝ Ղազարյանը նկատեց, որ այստեղ դեռևս կան խորքային խնդիրներ։ Նրա կարծիքով՝ հասարակության և սահմանադրական կարգի միջև գոյություն ունի որոշակի խզում, քանի որ շատ քաղաքացիներ իրավակարգը չեն ընկալում որպես սեփական որոշման արդյունք։ Նա կարևոր համարեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը՝ որպես այդ կապը վերականգնելու հնարավորություն՝ շեշտելով, որ մարդկանց համար անհրաժեշտ է ոչ միայն իրավական, այլև էմոցիոնալ կապ սահմանադրական կարգի հետ։
Թագուհի Ղազարյանը նաև անդրադարձավ մարդկային կապիտալի խնդրին՝ նշելով, որ անգամ լավագույն օրենքները չեն կարող արդյունավետ աշխատել, եթե դրանց կիրառման համար բավարար հմտություններ և կարողություններ չկան։ Նա նշեց, որ այս խնդիրն արձանագրվել է նաև Եվրամիության հետ համագործակցության շրջանակում։ Միաժամանակ Ղազարյանը դրական փոփոխություններ է նկատում իրավապահ համակարգում, հատկապես Ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում՝ վերապատրաստումների, ոստիկանության նոր գործառույթների և քաղաքացիների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։
Քաղաքական խոսքի վերաբերյալ նա քննադատական դիտարկում արեց «ուժեղ առաջնորդ» արտահայտության մասին։ Ղազարյանը նշեց, որ այդ գաղափարախոսությունը փորձված է տարբեր երկրներում և սովորաբար ուղղված է ավանդական ու գյուղական ընտրազանգվածին, սակայն Հայաստանում այն արդեն մերժվել է։ Նրա խոսքով՝ հասարակությունը պրագմատիկ է և ընտրում է անվտանգությունը, խաղաղությունը և բարեկեցությունը, այլ ոչ թե պաթոսային ու վտանգավոր առաջարկները։
Անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ Թագուհի Ղազարյանը նշեց, որ խնդիրն ընդդիմության հետ բանավեճը չէ, այլ աշխարհայացքների տարբերությունը։ Նա կարծում է, որ որոշ քաղաքական ուժեր շահագրգռված են Հայաստանը մշտական կոնֆլիկտի մեջ պահելու գաղափարով և չեն ընդունում սահմանների ֆիքսման ու տարածքային ամբողջականության միջազգային ընկալումները։ Նրա գնահատմամբ՝ այդ մոտեցումները մնացել են նախորդ դարի աշխարհակարգում և չեն համապատասխանում հետպատերազմյան միջազգային իրականությանը։
Գործող իշխանության դիրքորոշման մասին խոսելիս Ղազարյանը նշեց, որ Հայաստանի նպատակը տարածաշրջանում ագրեսիվ հռետորաբանության նվազեցումն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքականությունն ուղղված է նրան, որպեսզի որևէ երկիր Հայաստանին չընկալի որպես սպառնալիք։ Նա կարևոր համարեց խաղաղասիրական հռետորաբանությանը համապատասխան արձագանքել և հստակ տարբերակել այն դեպքերը, երբ խոսքը ագրեսիայի կոչի մասին է։
Եզրափակելով՝ Թագուհի Ղազարյանը նշեց, որ ժողովրդավարությունը ինքնապաշտպանության մեխանիզմներ ունի, և դրանցից մեկը հենց ժողովրդավարության դեմ ուղղված գործողությունների կանխումն է։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի հասարակությունը հասուն է, կենսունակ և ի վիճակի է տարբերել իրական քաղաքականությունը մանիպուլացիայից՝ շարունակելով ընտրել խաղաղության, զարգացման և ժողովրդավարության ուղին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
