Ամբողջ տարածաշրջանը, որտեղ գտնվում է Իրանը, վաղուց արդեն շրջապատված է Միացյալ Նահանգների ռազմահենակայանների ցանցով, և Իրանը վերահսկելու համար 42 կիլոմետրանոց հատվածի անհրաժեշտություն պարզապես չկա։ ԱՄՆ‑ն նման գործիքների պակաս չունի, ինչպես նաև Հայաստանի տարածքով նման խորհրդանշական ճանապարհի կարիք չունի։
Վահրամ Աթանեսյան
1inTV‑ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է արվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին՝ արևմտյան «Խաչմերուկ» (TRIPP) նախագծի վերաբերյալ, որը նա համարում է վտանգավոր աշխարհաքաղաքական ծրագիր։ Վահրամ Աթանեսյանը նշում է, որ նման հայտարարությունները կրում են քարոզչական բնույթ և նպատակ ունեն արդարացնել Ռուսաստանի վերահսկողությունը Հայաստանի հարավային հաղորդակցության ուղիների նկատմամբ: Աթանեսյանը շեշտում է, որ ԱՄՆ‑ն Իրանին վերահսկելու համար Մեղրիի հատվածի կարիքը չունի, քանի որ արդեն իսկ ունի անհրաժեշտ ռազմական հենակայաններ տարածաշրջանում:
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները «TRIPP» նախագծի վերաբերյալ պատահական չեն և պետք է դիտարկվեն ներքաղաքական համատեքստում։ Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավորը կարծում է, որ խոսքը կապված է խորհրդարանական ընտրությունների քարոզչական փուլ մտնելու հետ, և այդ հայտարարությունների նպատակն է հանրությանը ներշնչել, թե «TRIPP» խաղաղության նախագիծ չէ, այլ Հայաստանի անվտանգության համար սպառնալիք։
Նա դիտարկում է, որ Քոչարյանի մոտեցումը բխում է այն աշխարհայացքից, ըստ որի աշխարհը պետք է բաժանված լինի ազդեցության գոտիների, և Հայաստանը պետք է տեղավորվի Ռուսաստանի առաջնորդությամբ ինչ-որ ռազմաքաղաքական դաշինքի մեջ։ Աթանեսյանի խոսքով՝ երկրորդ նախագահը համարում է, որ փոքր պետությունները պետք է ունենան անվտանգության երաշխավոր, և այդ երաշխավորը նա տեսնում է Ռուսաստանում՝ հաշվի առնելով Հայաստանի և Միացյալ Նահանգների անհամադրելի կշիռները։
Վահրամ Աթանեսյանը շեշտեց, որ հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը, երբ երկրի նախկին նախագահը խոսում է Իրանի շուրջ հնարավոր վտանգների մասին՝ առանց հաշվիառնելու, թե որ Իրանի մասին է խոսքը։ Նա նշեց, որ Իրանի ներսում և Իրանի շուրջ իրավիճակը դինամիկ է, և հնարավոր է ապագայում գործ ունենալ բոլորովին այլ իշխանության հետ, որի վերաբերմունքը «TRIPP» նախագծի նկատմամբ կարող է արմատապես տարբերվել ներկայինից։
Աթանեսյանը վտանգավոր է համարում նաև այն միտումը, երբ Հայաստանի ներսից, հատկապես ընդդիմադիր շրջանակներից, անուղղակի հրավերներ են հնչում Իսլամական Հանրապետության հասցեին՝ ակնկալելով կոշտ արձագանք ծրագրին։ Նրա խոսքով՝ պնդումը, թե Մեղրիի 42 կիլոմետրանոց հատվածը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին հնարավորություն տալ վերահսկելու Իրանին, քննադատության չի դիմանում։
Նա նշեց, որ ամբողջ տարածաշրջանը, որտեղ գտնվում է Իրանը, վաղուց արդեն շրջապատված է Միացյալ Նահանգների ռազմահենակայանների ցանցով, և Իրանը վերահսկելու համար 42 կիլոմետրանոց հատվածի անհրաժեշտություն պարզապես չկա։ Աթանեսյանի գնահատմամբ՝ ԱՄՆ‑ն նման գործիքների պակաս չունի, ինչպես նաև Հայաստանի տարածքով նման խորհրդանշական ճանապարհի կարիք չունի։
Արցախի ԱԺ նախկին պատգամավորը անդրադարձավ նաև Իսրայելի գործոնին՝ նշելով, որ Իսրայելը Իրանի հետ ավելի քան հազար կիլոմետր սահման ունեցող Ադրբեջանում վաղուց ունի հենակետեր։ Նա հիշեցրեց, որ այդ համագործակցության հիմքերը դրվել են հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, և եթե Իրանի նկատմամբ վերահսկողություն կա, ապա այն իրականացվում է Ադրբեջանի տարածքից, ոչ թե Հայաստանի։
Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ Չինաստանի, իսկ վաղը նաև այլ երկրների անունների շրջանառումը քարոզչական հնարք է, որի նպատակն է քողարկել իրական միտումը՝ Սյունիքի հարավով հաղորդակցությունների վերահսկողությունը Ռուսաստանի ձեռքում կենտրոնացնելու ցանկությունը։ Նա նշեց, որ եթե այդ քարոզչությունը խորանա, օրակարգ կբերվի այն թեզը, թե՝ քանի որ Հայաստանի երկաթուղիները կոնցեսիոն կառավարման տակ են, Մեղրիի 42 կիլոմետրանոց հատվածը նույնպես չպետք է բացառություն լինի։
Նա հավելեց, որ Ադրբեջանում արդեն իսկ փորձագիտական մակարդակով առաջ է մղվում այն մոտեցումը, թե խորհրդային շրջանում այդ հատվածը կառավարվել է Ադրբեջանի երկաթուղիների կողմից, և հետևաբար Ադրբեջանը պետք է մասնակցության իրավունք ունենա։ Աթանեսյանի խոսքով՝ նման թեզերը ուղղակիորեն կապվում են այն հանգամանքի հետ, որ Խորհրդային Միության իրավահաջորդը համարվում է Ռուսաստանը։
Ամփոփելով՝ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ «TRIPP»-ը ներկայացնել որպես ԱՄՆ‑ի կողմից նախաձեռնված նախագիծ բացառապես խաղաղության նկատառումներից ելնելով՝ միակողմանի մոտեցում է։ Նրա կարծիքով՝ անտեսվում է այն իրողությունը, որ Միացյալ Նահանգները չի ընդունում բազմաբևեռ աշխարհակարգը, որտեղ Ռուսաստանը և Չինաստանը կլինեն իրեն համարժեք սուբյեկտներ, և այս հանգամանքը պետք է հաշվի առնել քաղաքական գնահատականներ անելիս։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
