Ռոբերտ Քոչարյանը, փոխանակ պատասխան տալու՝ ինչու՞ է ապամոնտաժվել երկաթուղին և ուր են գնացել դրա վաճառքից ստացված միջոցները, հեգնանքով է խոսում ներդրումների մասին՝ կասկածի տակ դնելով նույնիսկ 42 կիլոմետրի վերակառուցման նպատակահարմարությունը։
Ստյոպա Սաֆարյան
1inTV‑ն զրուցել է միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի հետ։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հակադարձում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նրան մեղադրելով ռուսական շահերը պաշտպանելու և Հայաստանի ինքնիշխան ծրագրերը տապալելու փորձերի մեջ։ Սաֆարյանը խոսում է հայաստանյան քաղաքական դաշտում առկա խորը բևեռացման մասին՝ կապված երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման և տարածաշրջանային ապաշրջափակման հեռանկարների հետ։
Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ երկրորդ նախագահի հնչեցրած գնահատականները խորապես վտանգավոր են և ողբերգական իրենց բովանդակությամբ։ TRIPP նախաձեռնությունը «լավ օրից» չի առաջացել․ Հայաստանը չունի միլիարդավոր ազատ միջոցներ, քանի որ դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ընդունված որոշումների արդյունքում ավերվել, ապամոնտաժվել և վաճառվել է երկրի երկաթուղային համակարգը։ Սաֆարյանի խոսքով՝ այսօր Հայաստանը ստիպված է արտաքին ներդրողներ որոնել՝ վերականգնելու այն ենթակառուցվածքները, որոնք հենց նախկին իշխանությունների օրոք են ոչնչացվել։
Սաֆարյանը ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը, փոխանակ պատասխան տալու՝ ինչու է ապամոնտաժվել երկաթուղին և ուր են գնացել դրա վաճառքից ստացված միջոցները, հեգնանքով է խոսում ներդրումների մասին՝ կասկածի տակ դնելով նույնիսկ 42 կիլոմետրի վերակառուցման նպատակահարմարությունը։ Նա կարծում է, որ իրական հարցերը պետք է ուղղվեն հենց նախկին ղեկավարությանը։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրենը դիտարկում է, որ TRIPP գաղափարը ձևավորվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9‑ի եռակողմ հայտարարության սխալ և վտանգավոր մեկնաբանությունների ֆոնին։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական ճամբարներն այդ կետը ներկայացրել են որպես «Զանգեզուրի միջանցք», ինչը ներսում և դրսում ստեղծել է պայթյունավտանգ քննարկում։ Սաֆարյանը նշում է, որ հենց այդ վտանգավոր խոսույթը չեզոքացնելու համար է առաջ քաշվել TRIPP‑ի գաղափարը։
Նա ընդգծեց, որ TRIPP ‑ի նպատակն է նվազեցնել Հայաստանի շուրջ ձևավորված լարվածությունը, կանխել տեղեկատվական և քաղաքական պատերազմը և Հայաստանին դուրս բերել փակուղուց։ Ըստ նրա՝ ամերիկյան և միջնորդական կողմերը գործել են ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու, այլ հակառակը՝ այն պաշտպանելու տրամաբանությամբ։
Սաֆարյանը խիստ քննադատեց այն մոտեցումը, ըստ որի TRIPP ‑ը վտանգավոր է միայն այն պատճառով, որ այնտեղ անմիջականորեն ներգրավված չէ Ռուսաստանը։ Նա նշեց, որ Քոչարյանի խոսույթը օրգանապես կապված է այն խմբերի դիրքորոշումների հետ, որոնք ամեն կերպ փորձում են վերադարձնել Հայաստանը նոյեմբերի 9‑ի ռուսական բանակցային ձևաչափ, ինչը, նրա համոզմամբ, սպառնացել է Հայաստանի հարավի կորստով։
Սաֆարյանը հայտարարեց, որ TRIPP ‑ը դիտարկվում է ոչ որպես իդեալական նախագիծ, այլ որպես Հայաստանի ապաշրջափակման, գլոբալ հաղորդակցական և մատակարարման շղթաների մեջ մտնելու հնարավորություն։ Նրա կարծիքով՝ Հայաստանը, դառնալով այդ շղթաների կարևոր օղակ, բարձրացնում է իր արժեքը խոշոր դերակատարների համար, ինչը նաև ավելացնում է երկրի անվտանգությունը։
Նա ընդգծեց, որ այն թեզը, թե TRIPP ‑ը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական բախման հարթակ, իրականում վտանգավոր մանիպուլացիա է։ Սաֆարյանի խոսքով՝ TRIPP ‑ի մեջ Չինաստանի և Ռուսաստանի ներգրավման կոչերը կարող են Հայաստանին վերածել մեծ տերությունների առճակատման դաշտի՝ ինչպես Ուկրաինան։
Սաֆարյանը նաև անդրադարձավ իրանական ուղղությամբ տարվող քարոզչությանը՝ նշելով, որ որոշ քաղաքական խմբեր Թեհրանում տարածում են տեղեկություններ, թե Հայաստանը իբր ամերիկյան կամ իսրայելական հենակետ է դառնում Իրանի դեմ։ Նա նշեց, որ իր անձնական հանդիպումների ընթացքում իրանական բարձրաստիճան շրջանակներում այդ թեզերը ընկալվում են ծիծաղով և մտահոգությամբ՝ որպես ապատեղեկատվություն Հայաստանի ներսից։
Նրա համոզմամբ՝ այս վարքագիծը ոչ թե քաղաքական անգրագիտության, այլ գիտակցված գործունեության հետևանք է, որը վնասում է Հայաստանի պետական շահերին և հարաբերություններին Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ։
Սաֆարյանը եզրափակեց, որ նման ուժերի հիմնական վտանգը ոչ թե ընտրություններում հնարավոր տոկոսներն են, այլ հասարակական դիսկուրսի թունավորումը։ Նա կարծում է, որ Հայաստանի ապագայի մասին քննարկումները պետք է լինեն սթափ, փաստարկված և ուղղված պետականության ամրապնդմանը, ոչ թե նախկին վտանգավոր խոսույթների վերարտադրությանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
