Ամբողջ աշխարհի անկայունության ֆոնին՝ նույնիսկ ՆԱՏՕ‑ի անդամ երկրներում պատերազմի վախի պայմաններում, Հայաստանում պահպանվում է որոշակի կայունություն և դրական դինամիկա, որի կարևոր բաղադրիչներից մեկն է TRIPP ‑ը։
Միքայել Զոլյան
Հայաստանի Հանրային Ռադիոն զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են TRIPP նախագիծը, դրա շուրջ ձևավորված հանրային կարծիքները, իշխանության և ընդդիմության տեսակետները։
Միքայել Զոլյանն ասաց, որ եթե խոսքը զուտ ներքաղաքական մարտավարության մասին լիներ, ապա TRIPP‑ի ամբողջական ժխտումը տրամաբանական չէր լինի։ Նրա կարծիքով՝ հնարավոր էր քննադատել իշխանություններին՝ չժխտելով նախագծի կարևորությունը, սակայն այն ներկայացնելը որպես Հայաստանի շահերին հակասող նախաձեռնություն արդեն խոսում է արտաքին ազդեցության մասին։
Քաղաքագետը ընդգծեց, որ TRIPP‑ի գոյությունը էապես փոխել է հայ-ադրբեջանական հարաբերությունների դաշտը։ Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ Հայաստանում լրջորեն քննարկվում էր պատերազմի վերսկսման, Սյունիք ներխուժման և անվտանգության երաշխիքների բացակայության հարցը, մինչդեռ այսօր քննարկումները տեղափոխվել են տնտեսական և առևտրային թեմաների դաշտ։ Նա նշեց, որ այդ փոփոխության հիմնական բանալիներից մեկը հենց TRIPP‑ն է։
Միքայել Զոլյանը դիտարկեց, որ TRIPP‑ը առաջարկում է լուծում այն փակուղուն, որտեղ Ադրբեջանը պահանջում էր միջանցք, իսկ Հայաստանը մերժում էր։ Նրա ձևակերպմամբ՝ նախագիծը թույլ է տալիս երկու կողմին ստանալ անհրաժեշտը՝ առանց մյուսի համար անընդունելի իրավիճակ ստեղծելու։ Նա շեշտեց, որ այստեղ խոսքը զրոյական գումարով խաղի մասին չէ, և հավելեց, որ հենց զրոյական մտածողությունն է ռուսական քաղաքականության հիմնական խնդիրը։ Ամերիկյան մոտեցումը ավելի ճկուն է․ ըստ նրա՝Միացյալ Նահանգները փորձել են գտնել այնպիսի տարբերակ, որտեղ կողմերից ոչ մեկը չի պարտվում։Զոլյանը կարծում է, որ քաղաքական առումով TRIPP‑ը կարևոր դեր է խաղացել պատերազմի վտանգի չեզոքացման գործում՝ հաստատելով թեկուզ փխրուն, բայց իրական խաղաղություն։ Ամբողջ աշխարհի անկայունության ֆոնին՝ նույնիսկ ՆԱՏՕ‑ի անդամ երկրներում պատերազմի վախի պայմաններում, Հայաստանում պահպանվում է որոշակի կայունություն և դրական դինամիկա, որի կարևոր բաղադրիչներից մեկը TRIPP ‑ն է։ Տնտեսական օգուտների մասին, նրա խոսքով, կարող են ավելի մանրամասն խոսել տնտեսագետները, սակայն նախագիծը ամբողջությամբ անտեսելը նա անվանեց տարօրինակ։
Խոսելով Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ Զոլյանը նշեց, որ Մոսկվայում առկա են երկու մոտեցումներ Հայաստանի և TRIPP‑ի վերաբերյալ։ Առաջինը՝ ավանդական կոշտ մոտեցումն է, որը բնորոշ է Սոլովյովի, Դուգինի և նրանց շրջապատի հռետորաբանությանը։ Երկրորդը՝ ավելի պրագմատիկ մոտեցումն է, որը փորձում է ընդունել իրերի ներկա դրությունը և այդ պայմաններում նվազագույն կորուստներով գործել։ Քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե որ ճանապարհով գնա, ինչի հետևանքով նաև հրապարակային կոշտ քննադատությունը սահմանափակ է։ Նրա դիտարկմամբ՝ Մոսկվան խուսափում է բացահայտ հակադրվել Թրամփին, հատկապես հաշվի առնելով վերջինիս ընդգծած կարևորությունը հայ-ադրբեջանական խաղաղության հարցում։
Միքայել Զոլյանը անդրադարձավ նաև Իրանի շուրջ ձևավորվող խոսույթին՝ նշելով, որ TRIPP‑ը ներկայացվում է որպես Իրանի դեմ ուղղված նախաձեռնություն՝ կրկնվող պնդումների միջոցով։ Նրա խոսքով՝ Իրանը ներկայում գտնվում է չափազանց բարդ ներքաղաքական և տարածաշրջանային իրավիճակում, և TRIPP‑ը նրա համար առաջնահերթ խնդիր չէ։
Զոլյանը նշեց, որ Իրանի կոշտ արձագանքները հիմնականում պայմանավորված էին ներքին ճգնաժամով և փողոցային բախումներով։ Նա կարծում է, որ Թրամփը, որքան էլ անկանխատեսելի լինի, ստիպված է լինելու գոնե խորհրդանշական քայլ անել՝ սեփական հեղինակությունը պահպանելու համար, և Իրանի շուրջ հնարավոր զարգացումները կարող են ամբողջությամբ փոխել տարածաշրջանային հաշվեկշիռը։ Հայաստանի կառավարությունը Իրանի հետ մշտապես երկխոսության մեջ է և փորձում է փարատել բոլոր մտահոգությունները՝ ընդգծելով, որ TRIPP-իշրջանակում ամերիկյան ռազմական ներկայություն կամ սահմանների վերահսկում նախատեսված չէ։ Նրա համոզմամբ՝ Իրանի հետ կապված վտանգների շուրջ ահազանգերը հիմնականում արհեստական են։
Զոլյանը ասաց, որ ժողովրդավարության պայմաններում իշխանությունները չեն կարող կանխել այն խոսույթը, ըստ որի Հայաստանը ներկայացվում է որպես Իրանի դեմ հարձակման հարթակ, սակայն նշեց, որ իրանցիները ունեն բավարար տեղեկատվական և հետախուզական կարողություններ՝ իրավիճակը ճիշտ գնահատելու համար։ Խոսելով Իրանի ապագայի մասին՝ քաղաքագետը նշեց, որ երկիրը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, և հնարավոր սցենարները բազմազան են՝ շատ բացասականից մինչև հարաբերականորեն դրական։ Նա ընդգծեց, որ անգամ ամենածանր սցենարների դեպքում TRIPP-ըկարող է Հայաստանի համար անվտանգության կարևոր գործոն դառնալ։
Միքայել Զոլյանը անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական պատերազմին՝ նշելով, որ բանակցային գործընթացը ներկայում ավելի շատ իմիտացիոն բնույթ ունի։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի ներկայացրած պահանջները այնպիսի են, որ որևէ ուկրաինական ղեկավար չի կարող դրանք ընդունել, իսկ առաջարկվող անվտանգության երաշխիքները չափազանց անորոշ են։ Նա հիշեցրեց 1994 թվականի Բուդապեշտի հուշագիրը՝ ընդգծելով, թե ինչպես են աշխատել նախկին երաշխիքները, և ասաց, որ Ուկրաինան դժվար թե համաձայնի հերթական նման առաջարկին։ Զոլյանը հնարավոր համարեց ժամանակավոր զինադադար, սակայն պատերազմը մոտակա ամիսներին ավարտվելու հավանականությունը գնահատեց որպես ցածր։
Չնայած Ռուսաստանի հիմնական ռեսուրսները կենտրոնացված են Ուկրաինայի ուղղությամբ, Հայաստանը մնում է նրա համար առաջնահերթ կարևորության հարցերից մեկը, հատկապես առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Նրա խոսքով՝ Հայաստանը կորցնելով՝ Ռուսաստանը կորցնում է նաև ազդեցության լծակներ Ադրբեջանի և տարածաշրջանի նկատմամբ։
Զոլյանը եզրափակեց՝ նշելով, որ ներկայիս ընդդիմադիր դաշտի վիճակը մտահոգիչ է։ Նրա կարծիքով՝ եթե իշխանությունը կրկին ձևավորվի նույն կերպ, ապա առանց որակապես նոր ընդդիմության դա վնասակար կլինի երկրի քաղաքական զարգացման համար։ Նա նշեց, որ մեծ սպասումներ ուներ նոր քաղաքական ուժերի ի հայտ գալու առումով, սակայն առայժմ դրանք չի տեսնում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
