Երկրորդ նախագահը քաջ գիտի, որ համակիրներից ոչ ոք չի հարցնելու, թե «վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո» ու՞մ հետ է քննարկելու Արցախ վերադարձի հարցը: Նա գերազանց գիտի, որ ոչ միայն Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի որեւէ առաջնորդ Հայաստանի վարչապետի հետ այդ խնդիրը չի քննարկելու:
Վահրամ Աթանեսյան
Շուրջ քառորդ դար առաջ, երբ «օդում կախված էր քիուեսթյան վարդագույն երազների ուրվականը», տողերիս հեղինակը մի հոդվածաշար նախաձեռնեց, որ տպագրվում էր «Ազատ Արցախ» հանրապետական թերթում:
Առաջին երկու հրապարակումներն «աննկատ մնացին», երրորդը թողեց «ռումբի պայթյունի էֆեկտ». ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հանդգնել էր «հերետիկոսայան» երկու միտք արտահայտել: Առաջինը վերաբերում էր Ադրբեջանին Մեղրիում ցամաքային անխոչընդոտ ճանապարհ տրամադրելուն եւ մտահագություն էր արտայտում, որ կարգավորման այդ տարբերակով «Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը կարող են միավորվել, բայց ռազմավարական իմաստով մնալ խուլ շրջափակման մեջ»:
Երկրորդ ընդգծումը ԼՂ չափազանց հոռետեսական էր: Գրել էի, որ Ղարաբաղյան Շարժումը չպետք է այնպիսի տրամաբանություն եւ ընթացք ունենա, երբ մի X պահի հարկադրված կլինենք ասել, որ «ավելի լավն էինք ցանկանում, բայց ստացվեց՝ ինչպես միշտ»: Օրինակ էի բերել նախանցյալ դարավերջի-անցյալ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի առանձին դրվագների վերաբերյալ պատմագիտական բնութագրումը. «Թեեւ Զեյթունի/Սասունի ապստամբությունը պարտվեց, բայց խոր հետք թողեց հայ ժողովրդի պատմության մեջ»:
Հոդվածը նոր էր լույս տեսել, երբ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը «հրավիրեց իր մոտ» եւ առանց նախաբանի հայտնեց, որ պետք է դիմում գրեմ եւ «Ազատ Արցախ» թերթում աշխատանքից ազատվեմ: Հիմնավորեցի, որ օրենքը պատգամավորի ստեղծագործական, մանկավարժական եւ գիտական վճարովի աշխատանքը թույլատրում է: Հակադարձեց, որ «Ազատ Արցախը» պետական պաշտոնաթերթ է: Հիշում եմ, որ թերթի խմբագրին մոտավորապես այս բովանդակությամբ դիմում գրեցի. «Չցանկանալով խաթարել Ազգային ժողովում քաղաքական ուժերի համագործակցությունը, խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից»: Արդեն գիտեի, որ հանրապետական թերթից ինձ հեռացնելու պահանջ «Դաշնակցություն» խմբակցությունն էր հարուցել:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի առաջին տպավորությամբ ֆեյսբուքում կարճ գրառում եմ կատարել: Իմաստն այն է, որ «պետք չէ Հայաստանը ներկա վիճակից դուրս բերել»: Քաղաքական գործիչների եւ կուսակցությունների խնդիրն է Հայաստանը «պահել ռեսլսերի վրա, մնացած խնդիրները հընթացս կկարգավորվեն»:
Մշտական ընթերցողներից մեկը մեկնաբանել է. «Պարոն Աթանեսյան, ինչու՞ Քոչարյանին,- ինքը այլ «անվանում» է գործածել,- ուղղակի չեք քննադատում»: Սա արդեն «ախտորոշում» է, երբ մարդկանց թվում է, թե ով ավելի խիստ քննադատի Քոչարյանին, ուրեմն Փաշինյանի ամենահավատարիմն է կամ ով Փաշինյանին է դատափետում, նա է Քոչարյանի համախոհը:
Քառորդդարյա վաղեմության իմ հոդվածաշարը, որի տպագրությունն ընդհատվեց, Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՅԴ Բյուրոյի դեմ չէր: Անհանգստություն էր, որ ԼՂ հարցում ամենաբարձր նշաձող սահմանելով՝ մենք կարող ենք կորցնել անգամ նվազագույնը, հետո «հիմնավորել» կամ «դավաճաններ» փնտրել:
Այսօր հենց այդ վիճակում ենք: Երկրորդ նախագահը քաջ գիտի, որ համակիրներից ոչ ոք չի հարցնելու, թե «վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո» ու՞մ հետ է քննարկելու Արցախ վերադարձի հարցը: Նա գերազանց գիտի, որ ոչ միայն Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի որեւէ առաջնորդ Հայաստանի վարչապետի հետ այդ խնդիրը չի քննարկելու: Լավագույն դեպքում քննարկելու է «պարիտետի սկզբունքով. որքան հայ տեղափոխվի Ղարաբաղ, նույնքան ադրբեջանցի պիտի վերադառնա Հայաստան, իրավունքների հարցն էլ պետք է կարգավորվի համարժեքորեն»: Այդպես էլ՝ մյուս հարցերի դեպքում: Երկրորդ նախագահը երբեք նախընտրական նման «խոստում» չէր հնչեցնի, եթե համոզված չլիներ, որ այդ խոսույթը հանրության որոշակի խավերի կողմից պահանջված է:
«Վճռական մենակի» կերպարը մեր ազգային հոգեկերտվածքին հարազատ է: Հակառակ դեպքում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրությունը, հայ ժողովուրդն առհասարակ կպաշտպաներ ղարաբաղյան կարգավորման փոխզիջումային առաջարկությունը, որ 1997–1998 թվականներին դեռեւս իրացնելի էր, այդուհետեւ՝ ոչ: Քանի որ, ինչպես ժամանակին Վանո Սիրադեղյանն է ճշտորեն սահմանել, «ազգային-ազատագրական պայքարն ավարտվում է, երբ ազգն ունենում է պետություն»: Հայաստանի այսօրվա գերխնդիրը պետության ամրապնդումը եւ բոլոր առումներով կատերալագործումն է:
Վահրամ Աթանեսյան
