Ակնարկն այն մասին, որ ՀՅԴ կենտրոնը տեղափոխվել է Հայաստան, կարծես թե հասցեագրված է կուսակցության Սփյուռքի կառույցներին, որ, ինչպես հասկացվում է, այդ քայլը, մեղմ ասած, չեն ողջունել:
Վահրամ Աթանեսյան
Մաս 14
Դաշնակցության Բյուրոյի առ 2001թ. ապրիլի 16 «Շրջաբերականի» հավելվածում, որտեղ անդրադարձ է կատարվում ԼՂ կարգավորման քիուեսթյան «փաթեթի» ընդունման դեպքում քաղաքական ուժերի պատասխանատվության խնդրին, հանդիպում ենք այսպիսի հարցադրման. «Եւ վերջապես չի՞ ձեւավորվելու մի համընդհանուր հակաքարոզչություն, որ Դաշնակցության կենտրոնը ՀՀ տեղափոխելով, ՀՅԴ օրվա ղեկավարությունը իշխանական տաքուկ աթոռներին տիրանալով, իշխանության կերակրամանին մոտ գտնվելով, իշխանությունների ուղղակի ազդեցությունը կրելով այլասերվել է եւ իշխանությունների հետեւորդի դերում է հայտնվել»:
Այս «մտահոգությունը», ինչպես ակնհայտի հասկացվում է ձեւակերպումից, արտաքին քաղաքական որեւէ նշանակություն չունի: Կարգավորման գործընթացի միջնորդների եւ Ադրբեջանի համար կարեւորը ոչ թե պայմանավորվածություններից հետո Հայաստանի որեւէ կուսակցության վարկանիշի անկումը կամ բարձրացումն էր, այլ՝ թե նրանցից որը կարող է աջակից, որը՝ հակաճառող կամ ընդդիմադիր լինել: Այդու, Դաշնակցության կասկածները կապված են իր ապագա հեղինակության եւ, բնականաբար, Հայաստանի ներքաղաքական կյանքում ունենալիք դերի հետ:
Այստեղ, երեւի, շատ սկզբունքային է, որ Դաշնակցությունը տեսնում է իր դեմ «համընդհանուր հակաքարոզչության» վտանգ, բայց դա կապում է ոչ թե գաղափարական, այլ, կարելի է ասել, «կենցաղային մակարդակի» քննադատության հավանականության հետ: Ընդ որում, ակնարկն այն մասին, որ ՀՅԴ կենտրոնը տեղափոխվել է Հայաստան, կարծես թե հասցեագրված է կուսակցության Սփյուռքի կառույցներին, որ, ինչպես հասկացվում է, այդ քայլը, մեղմ ասած, չեն ողջունել: «Շրջաբերականի» ընդունման փուլում Դաշնակցությունը, ճիշտ է, ներկայացված էր թե Ազգային ժողովում, թե կառավարությունում, բայց, ինչպես փաստաթղթի հեղինակներն են ձեւակերպել՝ «իշխանական տաքուկ աթոռների» ինստիտուցիոնալ տեր չէր: ՀՅԴ Բյուրոն, մինչդեռ, կանխատեսում էր, որ այդ եւ «իշխանական կերակրամանին մոտ գտնվելու» քննադատություն, համընդհանուր հակաքարոզչություն ծավալվելու է: Կարելի է ենթադրել, որ ՀՅԴ այդ պահի ղեկավարությունը սեփական վարկանիշի խնդիրը Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է: Փաստաթղթում Դաշնակցությունը գործածել է «այլասերում» բնորոշումը, որ ենթադրում էր ստանալ «համընդհանուր հակաքարոզչության» դեպքում: Հայաստանում որեւէ քաղաքական ուժ ՀՅԴ-ին նման քննադատության չի արժանացրել ոչ քիուեսթյան գործընթացի փուլում, ոչ՝ հետագայում:
Մնում է ենթադրել, որ ՀՅԴ Բյուրոյի օրվա ներկայացուցիչը եւ նրա համակիրները երկյուղ ունեին, որ կուսակցությունը «կարող է ներքին պառակտում ապրել» մանավանդ Սփյուռքում, որտեղ, բնականաբար, քիուեսթյան «փաթեթով» ենթադրվող տարածքային եւ այլ զիջումները պետք է առավել սուր քննադատության արժանանային: Դաշնակցությունն, այսպիսով, 2001թ. ապրիլի 16‑ի դրությամբ եւ հետագա ամիսներին կանգնած էր իր իսկ «լարած ծուղակը» հաղթահարելու չափազանց բարդ, բայց միայն ներկուսակցական արժեք ունեցող դժվարության առաջ: Նա քիուեսթյան «փաթեթը» նախորդ առաջարկությունների հետ բաղդատությամբ գնահատել էր «աչքառու առավելություն ունեցող», բայց անգամ իր մարմիններին դրանում համոզելու հիմնավոր փաստարկներ չէր գտնում:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
