Քաղաքացիական մտածողությունը չի նշանակում հրաժարում ազգային հիշողությունից կամ պատմությունից, սակայն պահանջում է իրատեսություն և քաղաքական հասունություն։ Ամենամեծ խնդիրը հայ իրականության մեջ պատասխանատվության հասկացության պակասն է։
Կայծ Մինասյան
Լուրեր‑ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի անցումը դեպի «դրական խաղաղություն», որը հիմնված է ոչ թե լոկ զինադադարի, այլ իրական համագործակցության և միջազգային իրավունքի վրա։ Քաղաքագետ Կայծ Մինասյանը հակադրում է «փախստականի մոտեցումը», որը կառչած է անցյալի կորուստներից ու պատմական արդարության պահանջներից, «քաղաքացիական մոտեցմանը», որն առաջնահերթություն է տալիս ինքնիշխան պետության սահմանների ճանաչմանն ու իրատեսական պատասխանատվությանը։
Կայծ Մինասյանը նշեց, որ Ֆրանսիայից և ընդհանրապես Եվրոպայից այսօր իրավիճակը երևում է որպես նոր դարաշրջանի սկիզբ։ Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը կամաց-կամաց անցում են կատարում պատերազմական տրամաբանությունից դեպի «դրական խաղաղության» գործընթացի։ Նա ասաց, որ մինչև 2020–2023 թվականները գործ ունեինք միայն զինադադարի հետ, որը միջազգային հարաբերությունների մեջ համարվում է «բացասական խաղաղություն», մինչդեռ այժմ կողմերը փորձում են հասնել համագործակցության և իրական խաղաղության՝ ներառյալ տնտեսական զարգացումները։ Արտաքին աշխարհում բազմաթիվ պետություններ դրական են գնահատում այս նոր մոտեցումը, քանի որ տարածաշրջանում այլևս լայնածավալ բախումներ չկան, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ճակատագիրը մեծապես գտնվում է հենց այդ պետությունների ձեռքերում։
Անդրադառնալով հայ հասարակության ընկալումներին՝ Կայծ Մինասյանը նշեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գոյություն ունեն երկու հիմնական մոտեցում։ Նրա խոսքով՝ սխալ է հարցը բաժանել «Հայաստան-սփյուռք» կամ «արևելահայ-արևմտահայ» հակադրությամբ․իրական բաժանումը վերաբերում է մտածողության ձևին։ Առաջին մոտեցումը, նրա բնորոշմամբ, «փախստական մոտեցումն» է, որը հիմնված է պահանջատիրության, արդարության վերացական պատկերացումների, հակաթուրքական և հակաադրբեջանական մշտական պայքարի վրա։ Նա ասաց, որ այս մոտեցումը մերժում է սահմանների գաղափարը և Հայաստանը դիտարկում է որպես անսահման տարածք՝ ներառյալ Արցախը, Ջավախքը, Արևմտյան Հայաստանը և սփյուռքը։
Մինասյանը կարծում է, որ նման մտածողությունը վտանգավոր է, քանի որ կտրված է իրականությունից և անտեսում է պետական պատասխանատվության հարցը։ Նրա խոսքով՝ երկրորդ, ավելի առողջ մոտեցումը քաղաքացիական մոտեցումն է, որը ընդունում է միջազգային իրավունքը, սահմանները և Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն։ Նա ընդգծեց, որ այս մոտեցման դեպքում շեշտը դրվում է ոչ թե վերացական արդարության, այլ իրավունքի և պատասխանատվության վրա։
Քաղաքագետը նշեց, որ քաղաքացիական մտածողությունը չի նշանակում հրաժարում ազգային հիշողությունից կամ պատմությունից, սակայն պահանջում է իրատեսություն և քաղաքական հասունություն։ Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրը հայ իրականության մեջ պատասխանատվության հասկացության պակասն է․ պատմականորեն քաղաքական և հոգևոր վերնախավը հաճախ իրենց ձախողումների պատասխանատվությունը բարդել են արտաքին ուժերի՝ Ռուսաստանի, Արևմուտքի կամ հարևան պետությունների վրա։
Կայծ Մինասյանը շեշտեց, որ սահմանների ճանաչումը չի նշանակում թրքասիրություն կամ որևէ մեկի շահերի սպասարկում։ Ըստ նրա՝ սեփական տան սահմանները հստակ իմանալը նախապայման է խաղաղ հարևանության համար։ Նա կարծում է, որ ավանդական կառույցները, որոնք շարունակում են առաջնորդվել միայն փախստականի մտածողությամբ, կամ ստիպված կլինեն փոխվել, կամ աստիճանաբար կմարգինալացվեն(կմեկուսացվեն ու կհայտնվեն անկյունում)։
Անդրադառնալով վերջին տասնամյակների փորձին՝ Մինասյանը նշեց, որ պետության վերականգնումը և 2020–2023 թվականների պարտությունը եղել են«իրատեսության ապտակ» հայ ժողովրդի համար։ Նրա խոսքով՝ 30 տարի շարունակ գերիշխող մոտեցումը հիմնված էր այն մտքի վրա, որ պատերազմ չի լինի, իսկ անվտանգությունը կապահովի Ռուսաստանը, սակայն իրականությունը ցույց տվեց այդ մտածողության սնանկությունը։
Քաղաքագետը ներկայացրեց երեք հնարավոր ճանապարհ հայ ժողովրդի համար․ առաջինը՝ մինչև վերջ պայքարել առանց ռեսուրսների, երկրորդը՝ ամբողջապես հենվել արտաքին ուժերի, հատկապես ՝ Ռուսաստանի վրա, և երրորդը՝ խելամիտ ու պատասխանատու լինել՝ սեփական ուժերի հաշվարկով։ Նա ընդգծեց, որ «խելոք լինելը» չի նշանակում թույլ լինել, այլ նշանակում է կենտրոնանալ տնտեսական զարգացման, սոցիալական կայունության և մարդկանց հայրենիքում պահելու վրա։
Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ Կայծ Մինասյանը նշեց, որ Հայաստանի զարգացման առանցքային նպատակը պետք է լինի կենսունակ պետություն ստեղծելը, որտեղ մարդիկ կցանկանան ապրել և վերադառնալ։ Նրա խոսքով՝ հայրենասիրությունը չի սահմանափակվում միայն տարածքային պահանջներով, այլ ներառում է մարդու իրավունքների պաշտպանությունը և արժանապատիվ կյանքի ապահովումը։
Անդրադառնալով ԱՄՆ‑ի հետ ստորագրված հռչակագրին և «TRIPP» նախագծին՝ քաղաքագետը նշեց, որ նման նախաձեռնությունը մի քանի տարի առաջ անհավանական կթվար։ Նրա կարծիքով՝ ամերիկյան ներգրավվածությունը կարող է ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը և փոխել երկրի տեղը միջազգային քարտեզի վրա՝ դարձնելով Հայաստանը կարևոր խաչմերուկ։
Մինասյանը ընդգծեց, որ Հայաստանը երկար ժամանակ ապրել է պատերազմի, ճգնաժամերի և տոտալիտար համակարգերի պայմաններում, և այժմ պատմական հնարավորություն ունի՝ խելամիտ քաղաքականության դեպքում։ Նրա խոսքով՝ կրթության, անվտանգության և տնտեսական զարգացման վրա կենտրոնանալը կարող է Հայաստանը դարձնել տարածաշրջանում գրավիչ և մրցունակ պետություն։
Քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանի ազդեցությունից աստիճանաբար դուրս գալը չի նշանակում հակառուսական դիրքորոշում, ինչպես նաև Արևմուտքի հետ համագործակցությունը չի նշանակում թրքասիրություն։ Նրա խոսքով՝ մանիքեական(երկգույն, դուալիստական)՝ «կամմեկը, կամ մյուսը» մտածողությունը մանկական է և վտանգավոր Հայաստանի համար։
Ամփոփելով՝ Կայծ Մինասյանը ասաց, որ հայ ժողովրդի ներուժը մեծ է, և ժամանակն է այդ ներուժը վերածել կայուն պետության և առողջ հասարակության։ Նրա համոզմամբ՝ իրական վտանգը ոչ թե խաղաղության օրակարգն է, այլ դատարկ, պահանջատիրական խոսքը, որը տարիների ընթացքում մարդկանց դուրս է մղել Հայաստանից և չի ապահովել երկրի զարգացումը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
