Այս պահին այդ և նմանատիպ այլ ապօրինի պայմանագրեր շարունակում են գործել միայն մի բանի հաշվին՝ հայերի ուժի պակասի։ Շարունակում են գործել, որովհետև այդպես ավելի հարմար է։ Արևմուտքն ընդունում է դա, որովհետև այդպես ավելի կայուն է, բայց ոչ երբեք որովհետև դա ճիշտ է։
Արայիկ Մկրտումյան
Նախիջևանի Սահմանադրության նախաբանը փոփոխվում է, դրա տեքստից հանվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները։ Սա արտացոլված է Ադրբեջանի «Նախիջևանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում, որը ներկայացվել է Միլլի Մեջլիսի փետրվարի 2‑ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։ Նախիջևանի գործող Սահմանադրության նախաբանում նշվում է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16‑ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի13‑ի Կարսի պայմանագրերով։
Ադրբեջանն այսպես ասած փորձում է մաքրել ռուս-թուրքական հարյուրամյա վաղեմության կեղտը և թաղել այն նոր ձևակերպումների տակ։ Բաքուն, ըստ երևույթին իր համար դասեր է քաղել Արցախի կոնֆլիկտից և փորձում է ապահովագրել Նախիջևանը, որը, ինչպես և Արցախը, 1921թ․ապօրինի կերպով, միջազգային իրավունքների հնարավոր բոլոր խախտումներով կցվել են Ադրբեջանին՝ որպես «ինքնավար տարածքներ»։ Դա անելու պատճառները կարող են լինել մի քանիսը, որոնցից մեկը կարող է լինել Խաղաղության համաձայնագրի համատեքստում «հավասարության» ցուցադրությունը, որով Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել ենթադրյալ տարածքային պահանջները (1990 թ. անկախության հռչակագրի հղումները), իսկ ինքը «մաքրում» է իր փաստաթղթերը 1921 թ. պայմանագրերից՝ ցույց տալով, որ երկու կողմերն էլ «թարմացնում» են իրավական հիմքերը: Մյուս կողմից էլ իհարկե Նախիջևանի լիակատար ինտեգրումն և կենտրոնացումն է՝ հեռացնելով միջազգային երաշխիքները (Մոսկվայի պայմանագրի «երրորդ կողմին չհանձնելու» դրույթը)՝ Ադրբեջանը վերացնում է ինքնավարության հատուկ կարգավիճակի հետքերը, դարձնելով այն պարզապես «անբաժանելի մաս»՝ առանց արտաքին լծակների (հատկապես Ռուսաստանի կամ Թուրքիայի), ինչը հանդիսանում է Ռուսաստանի ազդեցության նվազեցում և թուրքական ինտեգրում։ Ռուսաստանի թուլացումից (Ուկրաինայի պատերազմ) օգտվելով՝ Ադրբեջանը «թաղում» է խորհրդային/ռուսական հիմքերը և անցնում 1991 թ. անկախության ակտերի + 1995 թ. Սահմանադրության վրա՝ ամրապնդելով Բաքու-Անկարա առանցքը (Զանգեզուրի ճանապարհի վերահսկողություն, ռազմատնտեսական կապեր):2020 թ. հաղթանակից, տնտեսական աճից և դաշնակիցների աջակցությունից հետո (Թուրքիա, Ռուսաստան, Արևմուտքի լուռ համաձայնություն) Ադրբեջանը տեսնում է գետնի վրա փաստերը փոխելու պատուհան, քանի դեռ խաղաղության գործընթացը շարունակվում է:Կարճ ասած՝ սա ռազմավարական մաքրում է՝ խաղաղության բանակցություններում դիրքեր ամրապնդելու, Նախիջևանը լիովին Բաքվին ենթարկելու և ռուսական հետքերը ջնջելու համար, երբ ուժը թույլ է տալիս դա անել առանց մեծ ռիսկի: Հայկական կողմում դա ընկալվում է որպես պատմության վերաձևում: Բաքուն անում է ամեն ինչ, որպեսզի 1921թ‑ի անօրինականությունը այսօր ոչ միայն շարունակի գործել, այլև գործի օրինականության հիմունքներով։ Բայց Բաքվում մոռանում են մի բան․ անկախ նրանից, թե 1921թ‑ն այսօր ինչպես կփորձեն փաթեթավորել, այն միևնույն է մնում է ապօրինի պայմանագիր։ Այսօր ինչպես էլ կոչես, ինչպես էլ ինտեգրես, միևնույն է դրա հիմքը 1921‑ի անօրինական պայմանագիրն է, որ կնքել են միջազգային օրենքով չճանաչված Ռուսաստանն ու մահվան դատապարտված հանցագործ, ընդամենը ՀԿ‑ի հիմնադիր, ռազմական հետախուզման մեջ գտնող Քեմալը։
Այն, որ այդ պայմանագիրն ամեևին էլ անբեկանելի չէ, ցույց են տվել նաև ռուսները, երբ 1945թ․ Մոլոտովի շուրթերով ցանկանում են հետ ստանալ Կարսի մարզը, պարզապես ուժերը չբավականացրեց։
Մենք նաև չպետք է մոռանանք, որ Ադրբեջանն իրեն համարում է 1918թ․ Ադրբեջանի ժառանգորդը(որը նույնպես չճանաչված պետություն էր), բայց միաժամանակ նաև «օգտվում է» խորհրդային Ադրբեջանին բաժին հասած բարիքներից։ Այլ կերպ ասած՝ մի խումբ հանցագործներ շարունակում են արդեն նեխած պայմանագրի վրա թարմ ժապավեններ կպցնել՝ հուսալով, որ դա օրինականություն է տալու։
Մենք իհարկե կրկին անգամ պետք է հարց ուղղենք Հայաստանի առաջին իշխանություններին, որոնք Ալմա-Աթայում հռչակագիր էին ստորագրում։ Նրանք ինչ է չէի՞ն տեսնում, որ ադրբեջանցիները Բաքվում անկախության հռչակագրում մի բան են ստորագրում, իսկ Ալմա-Աթայում՝ մեկ այլ բան։ Ուրեմն Բաքուն երկո՞ւ անկախություն ունի, թե՞ Բաքվում հասկացել են, թե ինչպես կարելի է օօգտվել միաժամանակ ամեն ինչից։
Հարկ է նշել, որ այս «թարմացումով» Բաքուն նաև թքում է 1921‑ը ստորագրող ռուսական ու թուրքական ձեռքերին։ Իրեն ժամանակավոր խնամակալության հանձնված «ինքնավար տարածքը» սեփականացնելով՝ Բաքուն ռուսներին դուրս է հրավիրում տարածքից ամբողջապես՝ ցույց տալով, որ «դուք ձեր բաժինն արել եք, կարող եք հեռանալ»։
Զարմանալի է միայն այն, որ ընդդիմությունը հերթական անգամ փորձում է սա կապել TRIPP‑ի հետ ու «ապացուցել» որ սա մեր թրքացման հերթական փուլն է։ Ո՛չ, պարոնայք, սա մեր չհասկացված անցյալի հերթական հարվածն է, որին ուշադիր պիտի լինեիք նաև դուք, երբ տասնամյակներ շարունակ՝ 1991թ․սկսած ըստ էության չհետաքրքրվեցիք, թե Ադրբեջանն ինչպես և ինչու է իրեն դիրքավորում այս և այն կերպ։
Որպես ամփոփում կարող եմ ասել, որ, այս պահին այդ և նմանատիպ այլ ապօրինի պայմանագրեր շարունակում են գործել միայն մի բանի հաշվին՝հայերի ուժի պակասի։ Շարունակում են գործել, որովհետև այդպես ավելի հարմար է։ Արևմուտքն ընդունում է դա, որովհետև այդպես ավելի կայուն է, բայց ոչ երբեք որովհետև դա ճիշտ է։ Այն եղել ու մնում է ապօրինի, անկախ նրանից, թե այն ինչպես կփաթեթավորես։
Արայիկ Մկրտումյան
