Հիմա նորից ԱՄՆ‑ն Իրանին ստիպում է, որ իր ունեցած 440 կիլոգրամ 60% հարստացված ուրանը պետք է երկրի սահմաններից դուրս գա: Ըստ երևույթին, Իրանը ճնշումների ներքո դրան համաձայնել է, համաձայնել է, որ հարստացված ուրանը տեղափոխվի Ռուսաստան, փորձագետները համոզված են, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն այդ հարցն է քննարկել մոսկովյան այցի ընթացքում:
Տիգրան Դավուդյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Տիգրան Դավուդյանը
– Պարո՛ն Դավուդյան, Axios լրատվական հարթակը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամենայն հավանականությամբ, փետրվարի 6‑ին կհանդիպեն Ստամբուլում։ Իրանական կողմում կա՞ հստակություն այս հանդիպման վերաբերյալ:
– Գիտեք, որ ԻԻՀ արտգործնախարարն անցյալ շաբաթ այցելեց Թուրքիա, իսկ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն էլ այցելեց Մոսկվա ու հանդիպեց Դաշնության նախագահ Պուտինի հետ: Հիմա, ըստ երևույթին, Թուրքիան դարձել է ԱՄՆ-ԻԻՀ միջնորդավորված բանակցության հերթական հյուրընկալ, ըստ երևույթին իրանցիները ընդառաջում են Թուրքիայի միջնորդական առաքելությանը, որովհետև, կարծում եմ, որ Թուրքիան ավելի ողջամիտ առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին:
Մենք հիշում ենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ հարմար չէ, որ ԱՄՆ‑ն միանգամից բանակցության օրակարգի երեք կետ է պարտադրում Իրանին: Այդ երեք կետը միջուկային հնարավորությունների սահմանափակումն է, հրթիռաշինությունն ու պրոքսի՝ ներկայացուցչական ուժերի ներկայությունը հարևան երկրներում սահմանափակելը: Ըստ երևույթին, հիմա բանակցության օրակարգի միակ կետը՝ որպես առաջին փուլ, միջուկային խնդիրն է:
Մենք գիտենք, որ Իրանի միջուկային հնարավորությունների սահմանափակման բանակցությունները սկսվել են դեռ 2015-ին՝ Օբամայի նախագահության ժամանակ, ու այդ ժամանակ Իրանի պատվիրակությունը ստորագրեց այդ համաձայնագիրը, ու Իրանը իր հարստացրած ուրանը հանձնեց Ռուսաստանին ի պահ: Հետո եկավ Թրամփը նախագահ ու հետ վերցրեց ԱՄՆ‑ի ստորագրությունը, ու այս միջուկային հարցը տարիներ է՝ ինչ ձգձգվում է: Հիմա նորից ԱՄՆ‑ն Իրանին ստիպում է, որ իր ունեցած 440 կիլոգրամ 60% հարստացված ուրանը պետք է երկրի սահմաններից դուրս գա: Ըստ երևույթին, Իրանը ճնշումների ներքո դրան համաձայնել է, համաձայնել է, որ հարստացված ուրանը տեղափոխվի Ռուսաստան, փորձագետները համոզված են, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն այդ հարցն է քննարկել մոսկովյան այցի ընթացքում:
Կան նաև վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ այս անգամ այդ ուրանը ի պահ կտրվի Թուրքիային: Երկու դեպքում էլ ԱՄՆ‑ն այս հարցում որևէ կերպ զիջման չի գնում, ամբողջությամբ շրջապատել է Իրանը ու սպառնում է ռազմական ուժեղ հարվածով։ Ինձ թվում է, որ Իրանը պատրաստվում է զիջման գնալ ու իր ունեցած ուրանը կհանի երկրի սահմաններից, այս հարցը քննարկվելու է առաջիկա ուրբաթ Թուրքիայում:
– Այսինքն՝ գոնե այդ զիջմանը Իրանը պատրա՞ստ է:
– Կարծում եմ, որովհետև Իրանը 47 տարի է, որ Արևմուտքի, Իսրայելի հետ քաշքշուկի մեջ է, ու իրենք շատ լավ ու խորամանկ դիվանագետներ են, գիտեն՝ երբ քանի քայլ առաջ գնան, երբ՝ քանի քայլ հետքայլ անեն: Իրենց համար Իսլամական Հանրապետության պահպանությունը գերակա շահ է, այսինքն՝ նրանք հանուն գոյատևման նաև զիջման կգնան: Հիմա ահավոր տնտեսական վիճակ է Իրանում, ամեն օր իրենց ազգային արժույթը սրընթաց արժեզրկվում է, ԱՄՆ‑ն ամբողջությամբ Իրանը շրջափակել է, շրջափակել է նաև նավթի արտահանման իմաստով:
Երեկ արդեն պաշտոնապես Հնդկաստանին ասվեց, որ այլևս Իրանից նավթ չգնի, ու որպես այլընտրանք առաջարկեցին վենեսուելական նավթը: Իրանի հաջորդ ամենախոշոր նավթ գնողը Չինաստանն է, ուզում են, որ դա ևս սահմանափակեն: Իրանը բազմաֆունկցիոնալ արտահանում չունի, հիմնականում կախված է նավթադոլարներից, այստեղ էլ խնդիր ունի, քանի որ չի կարողանում վաճառած նավթի արտարժույթը ստանալ, որովհետև միջազգային բանկերը չեն թողնում այդ դոլարը փոխանցվի Իրանին, փոխարենը այդ գնորդներն Իրանին առաջին անհրաժեշտության ապրանքներ են առաջարկում: Ստացվում է, որ Իրանը հիմա մի քանի կողմից ճնշումների տակ է և ուրբաթ զիջումների կգնա:
– Եթե ձեր ասած առաջին զիջմանը Իրանը գնա, մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ ԱՄՆ‑ի կողմից առաջարկվող մյուս պահանջները ևս Իրանը հերթով կատարելու է:
– Իրանցիներն այդ մասով մի քանի անգամ արտահայտվել են, ասել են, որ միջուկային հարցով զիջումների կգնան, բայց հրթիռաշինության հարցով ոչ մի կերպ չեն ընկրկի: Երրորդ կետը պրոքսի ուժերն են, դա էլ արդեն իսկ շատ ճնշված է: Հրթիռաշինության հարցն այնքան էլ հետաքրքիր չէ ԱՄՆ-ին, որքան Իսրայելին, որովհետև իրանական հրթիռներից վախենում է Իսրայելը, իսկ ԱՄՆ‑ն այդ առումով վախեր չունի: Իսրայելն է անընդհատ խնդրում ԱՄՆ-ին, որ հրթիռաշինության հարցն էլ մտցնեն օրակարգ, քանի որ հիմա Իրանն ունի արդեն բալիստիկ հրթիռներ, որոնց շառավիղը 2000 կիլոմետր է, այսինքն՝ հեշտությամբ կարողանալու է Իսրայելի վրա հրթիռ արձակել: Արևմուտքն էլ ստիպում է Իրանին, որ հրթիռները չեն կարող 400–600 կիլոմետրից ավելի շառավիղ ունենալ, սա է խնդիրը: Իրանն էլ ասում է, որ այդ զիջման չի գնալու, առաջիկա ամիսներին արդեն կտեսնենք՝ այդ զիջումը կլինի՞, թե՞ չէ:
– Պարո՛ն Դավուդյան, եթե Իրանը ոչ մի զիջման չգնա, ԱՄՆ‑ն իսկապե՞ս պատրաստ է հարվածել Իրանին:
– Այո՛, դրա համար էլ իրանցիները մտահոգ են, ես կարծում եմ, որ Թրամփը լուրջ է տրամադրված: Իրանն անպայման զիջման կգնա, արդեն այն, որ համաձայնել է հարստացված ուրանը երկրի սահմաններից դուրս հանել, արդեն իսկ մեծ զիջում է, այսինքն՝ միջուկային հարցով զիջում են, հրթիռաշինության հարցով ասում են, որ չեն զիջելու, բայց մենք չգիտենք, թե ինչպես կլինի, որովհետև Արևմուտքն այստեղ էլ բավական լծակներ ունի: Իրանն այս պահին զիջումներից զատ այլընտրանք չունի: Իրանի ռազմական հնարավորությունները խիստ սահմանափակ են, 47 տարի է՝ ինչ պատժամիջոցների տակ է:
Աղբյուրը՝ https://medialab.am/311700/
