Սա, թերեւս, ՀՅԴ Բյուրոյի խնդրո առարկա «Շրջաբերականի» ամենացնցող բացահայտումն է: Այն միանշանակորեն վկայում է, որ ղարաբաղյան կարգավորման քիուեսթյան «փաթեթը» Հայաստանի համար ընդունելի է եղել ոչ թե սկզբունքորեն, այլ՝ նոր պատերազմի պատրաստ չլինելու հանգամանքով պայմանավորված:
Վահրամ Աթանեսյան
Մաս 16
Թե ինչու՞ Ղարաբաղյան կարգավորման քիուեսթյան «փաթեթը» չի կարելի «վասն պատմության» կեցվածքով մերժել, ՀՅԴ Բյուրոն ներկայացրել է խիստ ուշագրավ հիմնավորում: «Այս պարագայում մասամբ մերժումը եւս ունենալու է նույն արդյունքը, ինչ որ կարող էր ունենալ ամբողջական մերժումը՝ առճակատում»:
Անկասկած է, որ խոսքը ոչ թե ներքին՝ իշխանություն-ՀՅԴ, այլ՝ Հայաստան-Ադրբեջան «առճակատման» մասին է: Ընդ որում, Դաշնակցության ղեկավար մարմինը վճռականորեն պնդել է, որ «առճակատումն անխուսափելի կլինի նույնիսկ առաջարկվող տարբերակը մասամբ մերժելու դեպքում»:
Մինչ այդ, ինչպես նկատել ենք, ՀՅԴ Բյուրոն հռետորական հարցադրումներ է արել՝ կապված ԼՂ շուրջ ազատագրված տարածքները վերադարձնելու աննպատակահարմարության, դրանից հետո Հայաստանի համար բարդ անվտանգային միջավայրի, շրջափակման ոչ լիակատար վերացման հետ, նույնիսկ կասկածել, թե արդյո՞ք ապագա սերունդների փոխարեն եւ նրանց ազգային իղձերի հաշվին արժե՞ գնալ Արցախի հարցի կարգավորման:
Համարելով, որ քիուեսթյան «փաթեթի» անգամ մասամբ մերժումը կբերի հայ-ադրբեջանական անխուսափելի «առճակատման», ավելի պարզ ասած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի, Դաշնակցության Բյուրոն անուղղակի, բայց շատ բաց տեքստով հրաժարվում է նախորդիվ հնչեցրած բոլոր հարցերից: Բայց դա միայն խնդրի մի կողմն է: Պարզվում է, որ Դաշնակցությունը իրեն վերագրել է մի դերակատարություն, որ չէր կարող ունենալ ոչ քաղաքական դաշտում այդ պահի դրությամբ ներկայացուցչությամբ, ոչ, հատկապես, Հայաստանի գործող սահմանադրությամբ:
ՀՅԴ Բյուրոյի «Շրջաբերականի» վերոմեջբերյալ ձեւակերպումից կայուն տպավորություն է, որ Դաշնակցությունը «կարող էր կանխապես մերժել քիուեսթյան գործընթացը», բայց այդ քայլին չի գնացել, քանի որ դա կբերեր հայ-ադրբեջանական առճակատման: Կուսակցության պարագային այս պատասխանատվությունը խիստ չափազանցված է. սահմանադրությամբ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն նախագահն էր, նա էր իրավասու բաղդատել «պատերազմի եւ խաղաղության» հնարավորությունը եւ կայացնել մեկը կամ մյուսը նախընտրելու որոշում:
Դաշնակցության Բյուրոն, կարծես, Ռոբերտ Քոչարյանին ձերբազատել է նման ծանր պատասխանատվությունից եւ որոշել, որ «վասն խաղաղության» կամ, ավելի ճիշտ, «ելնելով պատերազմից խուսափելու անհրաժեշտությունից», պետք է ընդունել քիուեսթյան «փաթեթը»: Սա, թերեւս, ՀՅԴ Բյուրոյի խնդրո առարկա «Շրջաբերականի» ամենացնցող բացահայտումն է: Այն միանշանակորեն վկայում է, որ ղարաբաղյան կարգավորման քիուեսթյան «փաթեթը» Հայաստանի համար ընդունելի է եղել ոչ թե սկզբունքորեն, այլ՝ նոր պատերազմի պատրաստ չլինելու հանգամանքով պայմանավորված: Ռազմաքաղաքական այդ կեցվածքի ծանրագույն հետեւանքներին կանդրադառնանք հետագա դիտարկումներով:
Վահրամ Աթանեսյան
Շարունակելի
