Տպավորություն է, որ Բյուրոն, չարաշահելով Հայաստանի նախագահի հետ շփվելու հնարավորությունը, Արցախի խնդրի լուծման քիուեսթյան տարբերակին իր համաձայնությունը կուսակցության մարմիններին «պարտադրելու» ավելի լավ ձեւ ու եղանակ չի ունեցել, քան՝ Ռոբերտ Քոչարյանի «վրեժխնդրության» վարկածով նրանց «սպառնալը»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 17
Շարունակելով քիուեսթյան «փաթեթին» դրական վերաբերմունք դրսեւորելու անհրաժեշտության հիմնավորումները, որ ներկայացված են հեռետորական հարցադրումների տեսքով, ՀՅԴ Բյուրոն դրանք հանկարծական ընդմիջել է այսպիսի միանշանակ արձանագրումով. «Մերժման պարագային պետք է քաջ գիտակցել, որ հալածանքը մեր նկատմամբ անխուսափելի է լինելու, հար եւ նման, գուցե առավել խիստ, քան նախորդ իշխանությունների օրոք:
Հոգնած, սոցիալ-տնտեսական դժվարություններ դիմագրավող մի ժողովուրդ քայլելու՞ է մեր ետեւից»:
Թե նախորդ իշխանությունների կողմից ի՞նչ «հալածանքների է ենթարկվել» Դաշնակցությունը, Բյուրոն ոչինչ չի մատնանշում, ոչ էլ նույնիսկ՝ ակնարկում: Կարելի է ենթադրել, որ խոսքը ՀՅԴ գործունեությունը կասեցնելու, նրա լրատվամիջոցների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու՝ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հրամանագրի, ինչպես նաեւ մի քանի ազդեցիկ դաշնակցականների ձերբակալության, ապա ազատազրկման ենթարկելու մասին է, որ Դաշնակցությունը ցայսօր ներկայացնում է որպես «քաղաքական հալածանք»: Բայց վերամեջբերյալ հատվածում ուշադրության առավել արժանի է ՀՅԴ երկյուղը, որ քիուեսթյան «փաթեթը» մերժելու պարագային Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի կողմից կարող է արժանանալ ավելի խիստ հալածանքների, քան նախորդ իշխանությունների օրոք:
Ազգային կուսակցությունը, որ Բյուրոյի այս շրջաբերականի ժամանակից մեկ դար առաջ տեսել էր Օսմանյան կառավարության եւ ցարական Ռուսաստանի գաղտնի ծառայությունների հալածանքները, տասնյակ երդվյալ հեղափոխականների բանտարկությունը, աքսորը, մահապատիժը,- պարզվում է իր հայրենիքում հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի համար բախտորոշ նշանակության հարցի շուրջ անկախ տեսակետ արտահայտելուց երկյուղում էր, քանի որ կարող էր ավելի խիստ հալածանքների ենթարկվել:
Նախորդիվ արձանագրել ենք իրողությունը, որ Հայաստանում Դաշնակցության «դեմ հալածանքների» փուլում ՀՅԴ Արցախի կառույցն անարգել գործել է, երբ ԼՂՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Արդեն քաղաքական վերածննդի հասած՝ Դաշնակցությունը, այդ նախադեպի եւ քաղաքական հայացքների որոշակի ընդհանրության հանգամանքներով 2001թ.-ի գարնանը նույն Ռոբերտ Քոչարյանից երկյուղելու որեւէ հիմք, տրամաբանորեն, չպետք է ունենար:
Պարզվում է, ՀՅԴ Բյուրոն Քոչարյանից գրեթե «սարսափում էր»: Ընդ որում, Բյուրոն ոչ միայն դա չի թաքցրել, այլեւ մարմիններին ներշնչել է, որ քիուեսթյան «փաթեթը» մերժելու դեպքում կուսակցությանը սպասում են «ավելի խիստ հալածանքներ»: Ի՞նչ է նախորդել «Շրջաբերականի» տեքստի հեղինակմանը: Բյուրոն Ռոբերտ Քոչարյանի հետ առանձնազրույց է ունեցել եւ նրանից «սպառնալիքնե՞ր լսել»: Սա անհավանական է թվում. եթե Դաշնակցությունն ունենար կարգավորման այդ տարբերակին հակակշիռ որեւէ առաջարկություն, Հայաստանի նախագահը «չէր դիմի սպառնալիքների»:
Տպավորություն է, որ Բյուրոն, չարաշահելով Հայաստանի նախագահի հետ շփվելու հնարավորությունը, Արցախի խնդրի լուծման քիուեսթյան տարբերակին իր համաձայնությունը կուսակցության մարմիններին «պարտադրելու» ավելի լավ ձեւ ու եղանակ չի ունեցել, քան՝ Ռոբերտ Քոչարյանի «վրեժխնդրության» վարկածով նրանց «սպառնալը»: Դա ոչ միայն արժանապատիվ կեցվածք համարել չի կարելի, այլեւ հարկ է արձանագրել, որ այդ «հնարքով» ՀՅԴ Բյուրոն Արցախի հարցով որոշման լեգիտիմությունն իջեցրել է իր հանդեպ իշխանությունների լավ կամ վատ վերաբերմունքի միջեւ հօգուտ երկրորդի ընտրության ցավալի «մակարդակի»:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
