ԱՄՆ‑ի անունը հաճախ բացահայտ չի հնչում, սակայն ակնհայտ է, որ Վաշինգտոնն էլ դիտարկվում է որպես պոտենցիալ թիրախ ռուսական պրոպագանդայի մեջ։
Կայծ Մինասյան
1inTV‑ն զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են Հայաստանի առջև ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերները, երբ երկիրը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը՝ միաժամանակ բախվելով Մոսկվայի ուժեղացող ճնշումներին: Անդրադարձ է կատարվում Ռուսաստանի կողմից վախի մթնոլորտ ձևավորելու փորձերին, որոնց նպատակն է կանխել Երևանի վճռական մերձեցումը Արևմուտքի հետ և պահպանել տարածաշրջանային վերահսկողությունը։

Քաղաքագետ Կայծ Մինասյանը նշեց, որ Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները չեն կարող դիտարկվել մեկ ուղղությամբ կամ մեկկենտրոնից թելադրված իրականության մեջ։ Նրա խոսքով՝ սխալ է կարծել, թե Հայաստանի ընտրությունը կարող է լինել միայն Արևմուտքի օգտին կամ միայն Ռուսաստանի դեմ, քանի որ միջազգային հարաբերությունները կառուցված են փոխկապակցված շահերի վրա, ոչ թե բարեկամության հռետորաբանության։
Նա ընդգծեց, որ Ռուսաստանը հաճախ խոսում է երկու լեզվով․ մի կողմից հայտարարում է հայ ժողովրդի հանդեպ բարեկամության և ինքնիշխանության հարգման մասին, մյուս կողմից՝գործնական քայլերով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի քաղաքական որոշումների վրա։ Քաղաքագետը նկատեց, որ այս մոտեցումը նոր չէ և կիրառվել է նաև նախկինում՝ հատկապես ընտրական փուլերում կամ արտաքին քաղաքական շրջադարձերի ժամանակ։
Կայծ Մինասյանի դիտարկմամբ՝ ռուսական պաշտոնական խոսույթում ակնհայտ է այն թեզը, որ Հայաստանը պարտավոր է իր բոլոր որոշումները համադրել Ռուսաստանի շահերի հետ՝ հաշվի առնելով Մոսկվայի լարված հարաբերությունները Եվրամիության և Արևմուտքի հետ։ Նա նշեց, որ այդ համատեքստում ԱՄՆ‑ի անունը հաճախ բացահայտ չի հնչում, սակայն ակնհայտ է, որ Վաշինգտոնն էլ դիտարկվում է որպես պոտենցիալ թիրախ ռուսական պրոպագանդայի մեջ։
Քաղաքագետը հիշեցրեց, որ նախկինում ևս Եվրոպական միությունը ներկայացվում էր որպես զուտ տնտեսական կառույց, մինչդեռ այսօր հենց ռուսական կողմն է խոսում ԵՄ‑ի՝ ռազմաքաղաքական կառույցի վերածվելու մասին՝ դա ներկայացնելով որպես սպառնալիք։ Նրա խոսքով՝ սա հակասական մոտեցում է, որը ցույց է տալիս ռուսական քաղաքական խոսքի ճկունությունն ու իրավիճակային բնույթը։
Կայծ Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ որոշ շրջանակներ առաջարկում են տարբեր նախագծերում ներառել Ռուսաստանին կամ Չինաստանին՝ դրանք «անվտանգ» դարձնելու նպատակով, սակայն, նրա համոզմամբ, վերջնական որոշումների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է պաշտոնական Երևանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանի ինքնիշխանությունը դրսևորվում է հենց այն պահին, երբ պետությունը ինքն է կայացնում իր որոշումները՝ անկախ արտաքին ճնշումներից։
Ռուսաստանն այսօր չունի բավարար գործիքներ՝ լիարժեք վերահսկելու տարածաշրջանային գործընթացները, ինչպես նախկինում, և դա տեսանելի է նաև Արևմուտքի արձագանքներում։ Նրա գնահատմամբ՝ Թուրքիան ևս վարում է սեփական խաղը, որը լավ հասկանալի է թե՛ Արևմուտքի, թե՛ մյուս դերակատարների համար։
Կայծ Մինասյանը կարծում է, որ Հայաստանի համար առավել իրատեսական ուղին բազմավեկտոր քաղաքականությունն է՝ աշխատել բոլոր հնարավոր կենտրոնների հետ՝ առանց որևէ մեկի նկատմամբ կույր կախվածության։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանա համագործակցել և՛ Բրյուսելի, և՛ Վաշինգտոնի, և՛ այլ մայրաքաղաքների հետ՝ ելնելով բացառապես սեփական շահերից։
Նա նաև ընդգծեց, որ միջազգային իրականությունը փոխվում է, և այդ փոփոխությունների ֆոնին Հայաստանի դիրքավորումը պահանջում է սառնասիրտ հաշվարկ, ոչ թե հուզական կամ պարտադրված որոշումներ։ Քաղաքագետի համոզմամբ՝ ինչ որոշում էլ կայացվի, դրա քաղաքական և պատմական պատասխանատվությունը կրելու է հենց Հայաստանը։
Կայծ Մինասյանը եզրափակեց՝ նշելով, որ այսօր բոլոր պետությունները փորձում են նորից ձևակերպել իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, և հենց այս փուլում է, որ Երևանըպետք է հանդես գա որպես սուբյեկտ, ոչ թե օբյեկտ՝ հստակ պատկերացնելով իր տեղը տարածաշրջանային և գլոբալ փոփոխությունների մեջ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
