Սխալ է պնդել, թե ԱՄՆ‑ը սպասել է երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտին՝ տարածաշրջանում ներկայությունը հաստատելու համար։ 44-օրյա պատերազմի հրադադարի միջնորդը Ռուսաստանն էր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և այսօր հետպատերազմյան իրավիճակում ԱՄՆ ակտիվացումը չի կարելի դիտարկել որպես ուշացած կամ պատեհապաշտ քայլ։
Վահրամ Աթանեսյան
«Լուրերը» զրուցել է Արցախի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցի նշանակությունը՝ ընդգծելով Միացյալ Նահանգների դերը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված միջնորդի: Քննարկման առանցքում են հայ-ամերիկյան գործակցության նոր հորիզոնները, հատկապես խաղաղ միջուկային էներգետիկայի և ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտներում, որոնք դիտարկվում են որպես Հայաստանի համար անվտանգային լրացուցիչ երաշխիքներ:
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ ՄիացյալՆահանգների փոխնախագահի այցը առաջինհայացքից կարելի է գնահատել դրական, սակայն, նրա համոզմամբ, անհրաժեշտ է սպասել նաև Բաքու կատարվելիք այցին և դրա վերաբերյալ տեղեկատվական ամբողջական պատկերին։ Վերլուծաբանը կարծում է, որ միայն դրանից հետո հնարավոր կլինի անել վերջնական և ամփոփիչ եզրակացություններ, քանի որ այցը տարածաշրջանային բնույթ ունի։ Նա հիշեցրեց, որ փետրվարի 6‑ին Վենսը Իտալիայում հանդիպել է Վրաստանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ, ուստի ամբողջ շղթան պետք է դիտարկել միասնական համատեքստում։
Աթանեսյանը դիտարկում է, որ ընդհանուր առմամբ Վենսի Երևան այցը լիովին արդարացրել է սպասելիքները՝ հատկապես տեղեկատվական հոսքերի և վերլուծական արձագանքների տեսանկյունից։
Վերլուծաբանը կարևորեց բարձրաստիճան պաշտոնյայի այցը՝ նշելով, որ ԱՄՆ փոխնախագահը դա ինքն է ընդգծել վարչապետ Փաշինյանի հետ բանակցություններից հետո, երբ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կառուցում է խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նրա խոսքով՝ սա գործնական շարունակությունն է 2024 թվականի օգոստոսի 8‑ի քաղաքական հայտարարության, որի մասնակիցն ու վկան ԱՄՆ նախագահն էր։ Աթանեսյանը ընդգծեց, որ այդ գործընթացն արդեն կարելի է անվանել խաղաղության գագաթաժողովի արդյունք, և այստեղ Ադրբեջանի նախագահի ներկայիս խոսույթի ու մեկ-երկու տարի առաջվա դիրքորոշումների միջև արմատական տարբերությունը ակնհայտ է։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ տարածված այն տեսակետները, թե ԱՄՆ հետաքրքրությունը պայմանավորված է բացառապես Իրանով, Չինաստանից Կենտրոնական Ասիան կտրելու ցանկությամբ կամ Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու նպատակով, ինքը չի կիսում։ Նա դրանք համարեց թերի կամ մանիպուլյատիվ՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգները դեռևս նախկինում՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, եղել է առանցքային մոդերատոր։ Նրա խոսքով՝ Քի Վեսթի բանակցությունները, Մադրիդյան սկզբունքների ձևավորումը և մինչև 2008 թվականը ընթացող գործընթացները փաստում են ԱՄՆ երկարաժամկետ ներգրավվածության մասին։
Աթանեսյանը կարծում է, որ սխալ է պնդել, թե ԱՄՆ‑ը սպասել է երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտին՝ տարածաշրջանում ներկայությունը հաստատելու համար։ Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի հրադադարի միջնորդը Ռուսաստանն էր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և այսօր հետպատերազմյան իրավիճակում ԱՄՆ ակտիվացումը չի կարելի դիտարկել որպես ուշացած կամ պատեհապաշտ քայլ։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգների շահը ոչ թե առանձին վերցրած Հայաստանն է կամ Ադրբեջանը, այլ ամբողջ Հարավային Կովկասը՝ Սև ծովյան-Կասպյան տարածաշրջանով և Կենտրոնական Ասիայինինտեգրման հեռանկարով։ Նա հիշեցրեց Վաշինգտոնում անցկացված «Կենտրոնական Ասիա- ԱՄՆ» առաջին գագաթնաժողովը՝ շեշտելով, որ գործընթացները փոխկապակցված են։
Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ Վենսի այցը կարող է վերջ դնել Ալիևի նախկին հավակնություններին և հստակեցնել այն իրողությունը, որ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասի երեք երկրներին դիտարկում է որպես իրավահավասար գործընկերներ։ Նրա խոսքով՝ այսօր դիվանագիտական դիսկուրսում Ադրբեջանը որևէ առավելություն չունի Հայաստանի նկատմամբ, ինչը էական փոփոխություն է նախորդ տարիների համեմատ։

Խոսելով խաղաղության գործընթացի «հաջորդ փուլի» մասին՝ Աթանեսյանը նշեց, որ խաղաղությունը թղթից իրականություն դարձնելը ժամանակ և ջանք է պահանջում։ Նրա գնահատմամբ՝ հաջորդ փուլը վերաբերում է գործնական իրականացմանը, ինչը լինելու է փորձություն կողմերի համար։ Նա օրինակ բերեց Նախիջևանի ուղղությամբ երկաթուղու վերակառուցման շուրջ իրականացվող տնտեսատեխնիկական ուսումնասիրությունները՝ դա դիտարկելով խաղաղության գործնական հաստատման քայլ։
Վերլուծաբանը կարծում է, որ նման շեշտադրումները անպայման կհնչեն նաև Բաքվում, քանի որ ԱՄՆ շահագրգռվածությունը ոչ թե որևէ մեկ երկրի հետ հարաբերությունները առանձնացնելն է, այլ ողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը։
Աթանեսյանը մեծ կարևորություն տվեց միջուկային խաղաղ էներգիայի ոլորտում ԱՄՆ-Հայաստան համագործակցությանը՝ այն դիտարկելով որպես անվտանգության լուրջ երաշխիք։ Նրա խոսքով՝ այն երկրները, որտեղ ԱՄՆ‑ը ունի նման մակարդակի համագործակցություն, սովորաբար զգում են իրենց ամերիկյան անվտանգության հովանոցի ներքո։ Նա ընդգծեց, որ սա իրավիճակային քայլ չէ, այլպետական նպատակաուղղված քաղաքականություն, որը, իր կարծիքով, կշարունակվի նաև վարչակազմերի փոփոխության դեպքում՝ դառնալով ինստիտուցիոնալ։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ փոքր մոդուլային ատոմակայանների հարցում միակողմանի ու վերջնական ընտրություն պարտադրելը արդյունավետ չէ։ Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է կախված լինի մեկ ուժային կենտրոնից, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով։ Նա օրինակ բերեց Ղազախստանը, որը միաժամանակ բանակցում է Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և ԱՄՆ‑ի հետ՝ առանց մեղադրանքների արժանանալու։
Վերլուծաբանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանը պետք է պահպանի իր խաղաղ միջուկային երկրի կարգավիճակը, քանի որ դա անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ է, հատկապես ներկայիս պայմաններում։
Խոսելով հետախուզական և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների ձեռքբերման մասին՝ Աթանեսյանը նշեց, որ ինքը ռազմական փորձագետ չէ, սակայն ենթադրում է, որ այդ տեխնոլոգիաները կարող են ծառայել, մասնավորապես, Հնդկաստանից ձեռք բերված ինքնագնաց հրետանային համակարգերի կրակի կոորդինացման համար։ Նա ընդգծեց, որ դա ընդամենը մասնագիտական ենթադրություն է։
Վերջում Վահրամ Աթանեսյանը անդրադարձավ հնարավոր արտաքին դժգոհություններին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից հնարավոր սահմանափակումները առաջին հերթին կվնասեն հենց իրեն։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ‑ի ներգրավվածությունը ավելի շատ բացում է նոր քննարկումների դաշտ, քան ստեղծում անմիջական ճնշման ռիսկեր։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա Աթանեսյանը կարծում է, որ Թեհրանը ներկայում կենտրոնացած է սեփական միջուկային ծրագրի վրա և շահագրգռված չէ հարևանների նկատմամբ կոշտ արձագանքներով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
