ԱՄՆ‑ի նման գերտերության կողմից 99 տարվա ներդրումային ծրագրի իրականացումը վստահության արտահայտություն է Հայաստանի պետականության երկարաժամկետ գոյության նկատմամբ։
Նիկոլ Փաշինյան
Այս հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփում է ԱՄՆ փոխնախագահի պատմական այցի արդյունքները՝ շեշտադրելով երկարաժամկետ ներդրումային ծրագրերը և տեխնոլոգիական համագործակցությունը որպես Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման միջոց։ Քննարկվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տնտեսական կենսունակությունը, որտեղ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը դիտարկվում է որպես գործնական հնարավորություն հայկական բիզնեսի համար։ Վարչապետն անդրադառնում է նաև հայ-ռուսական հարաբերությունների բարդությանը՝ վերահաստատելով, որ Երևանը չի գործելու ընդդեմ Մոսկվայի, սակայն առաջնորդվելու է բացառապես սեփական պետական շահերով։ Զրույցի զգալի մասը նվիրված է ներքին բարեփոխումներին, մասնավորապես՝ եկեղեցու բարենորոգմանան հրաժեշտությանը և քաղաքական կյանքից հոգևորականության տարանջատմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից գործնական առումով ստացվել է այն, ինչ ակնկալվում էր, սակայն այցի մթնոլորտը նույնիսկ ավելի դրական էր, քան սպասվում էր։ Նա ընդգծեց, որ սա բալանսավորված արտաքին քաղաքականության արտահայտիչ արդյունք է, և հանրության շրջանում այցը ստացել է դրական արձագանք։ Փաշինյանի գնահատմամբ՝ նման մակարդակի այցը Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում և լրացուցիչ ուշադրություն է հրավիրում երկրի ներդրումային հնարավորությունների վրա։
Վարչապետը դիտարկեց, որ հրապարակված մեծ թվերը քաղաքական կամքի ցուցիչ են։ Նրա խոսքով՝ այդ թվերը պետք է վերածվեն կոնկրետ նախագծերի, հասցեների և ուղղությունների։ Փաշինյանը կարևորեց նաև այն, որ պաշտպանության ոլորտում ԱՄՆ‑ի հետ համագործակցությունը տեղի է ունենում խաղաղության օրակարգի համատեքստում։ Նա հիշեցրեց իր նախորդ հանդիպումը Վենսի հետ և ընդգծեց, որ արդեն այն ժամանակ տեսանելի էր ամերիկյան վարչակազմի գործնական տրամադրվածությունը, որի արդյունքներն այժմ երևում են։
Անդրադառնալով ներդրումների շուրջ քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցանկացած ներդրում ստեղծում է նոր էկո համակարգ։ Նրա խոսքով՝ երկաթուղին միայն ռելս չէ, այլ նաև սպասարկում, հարակից ծառայություններ, սարքավորումներ, ուղևորահոսք և ապրանքաշրջանառություն։ Վարչապետը շեշտեց, որ խոսքը միայն երկաթուղու մասին չէ․նախատեսվում են նաև նոր էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, որոնք կապվելու են, օրինակ, Հրազդանում կառուցվող սուպերհամակարգչային կենտրոնի հետ։ Փաշինյանը նշեց, որ մեկ ներդրումը հաճախ բերում է երկու, երեք կամ չորս նոր ներդրում։
Տոկոսային հարաբերակցության վերաբերյալ նա պարզաբանեց, որ ներդրողը պետք է հնարավորություն ունենա վերադարձնելու ներդրած միջոցները և ստանալու շահույթ։ Փաշինյանը ընդգծեց, որ 50 տարի անց բաժնեմասերի հարաբերակցությունը փոխվելու է, և Հայաստանը կունենա 49%։ Նա նաև հավելեց, որ ԱՄՆ‑ի նման գերտերության կողմից 99 տարվա ներդրումային ծրագրի իրականացումը վստահության արտահայտություն է Հայաստանի պետականության երկարաժամկետ գոյության նկատմամբ։ Վարչապետը կարևորեց այս հանգամանքը՝ այն կապելով պետականության հարատևության ռազմավարության հետ։
Անազատության մեջ գտնվող հայերի հարցին անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, որ այդ թեման մշտապես բարձրացվում է բոլոր համապատասխան ձևաչափերում, այդ թվում՝ Վենսի հետ քննարկումներում։ Նա ընդգծեց, որ հարցի շուրջ որքան անաղմուկ է աշխատանքը, այնքան արդյունավետ կարող է լինել։ Վարչապետը վստահեցրեց, որ բոլոր վերաբերելի բանակցություններում այդ հարցը օրակարգում է։
Բաքվում կայացված դատավճիռների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դրանք անձնական, մարդկային և քաղաքական առումով ցավալի են։ Սակայն, նրա համոզմամբ, խնդրի լուծման միակ իրատեսական միջավայրը խաղաղությունն է։ Նա օրինակ բերեց Վագիֆ Խաչատրյանի վերադարձը՝ նշելով, որ դա հնարավոր դարձավ խաղաղության մթնոլորտի բարելավման պայմաններում։ Փաշինյանը դիտարկեց, որ էմոցիոնալ արձագանքները կարող են խոչընդոտել գործընթացին, մինչդեռ հետևողական և լուռ աշխատանքը արդյունք է տալիս։
Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին խոսելիս վարչապետը նշեց, որ քննարկվել են բոլոր հնարավոր հարցերը՝ ներառյալ սահմանազատումը, կապուղիները և խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նա վերահաստատեց, որ սահմանազատումը պետք է իրականացվի 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Փաշինյանը նշեց, որ սահմանազատման հանձնաժողովներն աշխատում են նաև հեռավար ձևաչափով, և գործընթացը շարունակվում է։
Կապուղիների թեմայով նա ասաց, որ որոշ հատվածներում անհրաժեշտ է նախ ճշգրիտ սահմանազատում կատարել, ապա նոր անցնել ենթակառուցվածքային աշխատանքների։ Վարչապետը նաև հայտարարեց, որ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը բաց է, և հայկական բիզնեսը կարող է օգտվել այդ հնարավորությունից։ Նա սա պատմական արձանագրում համարեց՝ նշելով, որ 90-ականներից հետո առաջին անգամ է նման հաղորդակցություն գործում։
Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը երբեք չի գործել և չի գործելու Ռուսաստանի դեմ, սակայն միշտ գործելու է Հայաստանի շահերից ելնելով։ Նա ընդգծեց, որ ունի ուղիղ և ջերմ հարաբերություններ Ռուսաստանի ղեկավարության հետ։ Փաշինյանի խոսքով՝ հնարավոր են որոշակի տարաձայնություններ, բայց Հայաստանը չի կարող գործել սեփական շահերի դեմ։
Եկեղեցու հարցին անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ և չպետք է ներգրավվի ներքաղաքական պայքարում։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է եկեղեցու բարենորոգման օրակարգ, որը կներառի բարեվարքության, ֆինանսական թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ։ Փաշինյանը ընդգծեց, որ գործընթացը պետք է լինի լեգիտիմ և ունենա հանրային աջակցություն։
Ներքաղաքական այլ հարցերի շրջանակում վարչապետը նաև անդրադարձավ իր աշխատավարձի թեմային՝ ակնարկելով, որ պետական պաշտոնյաների գործունեությունը պետք է լինի թափանցիկ և հաշվետու, իսկ «մեկ դրամով աշխատելու» գաղափարը չի լուծում կառավարման արդյունավետության հարցերը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
