ՈՒրեմն ի՞նչ պատահեց այդ կուսակցությանը։ Ինչո՞վ կարող է հպարտանալ ՀՅԴ‑ն Հայաստանում վերջին 5, տասը, քսան տարում։ Ոչ մի բանով։ Դաշնակցությունը բացի երգելուց, գոռգոռալուց ու թուրքերի պատկերով վախեցնելուց, այլևս ոչինչ չի արել։ Արածը եղել է իշխանությունների թևի տակ տաք տեղավորվելն ու իբր ներսից բարեփոխելը ու շարքերն էլ միամտաբար հավատացել ու երևի շարունակում են հավատալ, որ ՀՅԴ‑ն այնքան անձնազոհ է, որ պաշտոն է վերցնում, որ չար ու վատ իշխանություններին ներսից փոխի։
Մեր Ուղին
Երեկ ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսին իր լիազորություններից զրկելու «Հայաստան» խմբակցության, մասնավորապես ՀՅԴ անդամների կողմից ձեռնարկված նախագիծը ոչ միայն տապալվեց, այլև, ինչպես նշեց ՔՊ անդամ Թագուհի Ղազարյանը, վերածվեց ՀՅԴ հոգեհանգստի կազմակերպման։ ՀՅԴ-ին հասցեին ՔՊ պատգամավորները բավական կոշտ, երբեմն էլ ծաղրական ու հեգնական տոնով ելույթ ունեցան։ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի ելույթն էլ նոր սրախոսությունների առիթ տվեց, երբ նա նորից սկսեց խոսել այն մասին, որ իրենց դեմ կայսրություններն են պայքարել ու հիմա արխիվացված են ու նա մեղադրեց, որ իրենց շարքերում Հովհաննես Թումանյան ու Ավետիք Իսահակյան են եղել, ՔՊ‑ն ո՞վ է որ իրենց դեմ պայքարի։ Նրան էլ հակադարձեցին, որ եթե հիշում են Թումանյանին ու Իսահակյանին, ապա թող հիշեն Շիրվանզադեին, ՆԺդեհին կամ այլ մեծերի, ովքեր խստագույնս քննադատել են ՀՅԴ-ին։
ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի խոսքերը քիչ թե շատ սթափ վիճակում լսելու և մտավորականին որպես մտավորական պատասխանելու փոխարեն ՀՅԴ‑ն կրակեց իր իսկ ոտքին՝ հնարավորություն տալով ՀՅԴ-ին նվաստացուցիչ մակարդակի ծաղրելու։ Դաշնակացականները հավանաբար կրկին չեն ընդունի այն փաստը որ իրենք կուսակցությանն այնպիսի անմխիթար վիճակում են դրել, որ ցանկացած քիչ թե սթափ միտք ունեցող մարդ կարող է այդպես ծաղրել։ Դաշնակցականները իրենք իրենց հարցրե՞լ են, թե ո՞րն է պատճառը, որ ՔՊ հասարակ պատգամավորները կարողանում են այդպես սուր ու հեգնական տոնով հատ-հատ կուսակցության «դեմքին շպրտել» նրանց անթիվ սխալները։ Հավանաբար ոչ։ ՀՅԴ‑ն իրեն հակադարձող ցանկացած մեկին թուրք է անվանում ու դրանով իսկ բավարարվում։
Հավանաբարար ՀՅԴ-ում չեն էլ ուզում մտածել, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ իրենց իսկ բնորոշած «կայսրությունների դեմ պայքարած» կուսակցությունը իր միակ զենքը դարձրել է այս ու այն կողմ «թուրք» բառը վիրավորելը։ Այդ ինչպե՞ս է պատահել, որ «Մահ կամ Ազատություն» ՀՅԴ‑ն դեմ էր 1990-ականներին Հայաստանի անկախացմանը, այդ ինչպե՞ս է պատահել, որ «Միացյալ ու Ազատ Հայաստան» քարոզող ՀՅԴ‑ն ունի 55 շրջաբերականը, որտեղ շատ հանգիստ տոնով քննարկում է, թե ինչ միջոցներով կարելի է Մեղրին փոխանակել Լաչինի հետ, կամ էլ մեկ այլ 004 շրջաբերականը, որտեղ էլի հանգիստ քննարկում են ՀՀ անկախությունը սակարկելու հարցը։

Հակոբ Մովսեսն ասում էր, որ ժողովուրդը 60 տարի սպասել է ՀՅԴ-ին, բայց այդ ո՞վ եկավ ՀՅԴ անունով, աղավաղեց ու այլասերեց կուսակցությանն այնպես, որ վերջինս իր ուժերով 5 տոկոս քվե չի կարողանում ստանալ։ Այդ ովքե՞ր ՀՅԴ անունից գործեցին վերջին 30 տարում, որ հասարակության մեջ ՀՅԴ անունն այդպես կատեգորիկ կերպով ընկավ։ Եվ մի՞թե Արմեն Ռուստամյանը ինքն իր խոսքին հավատում է, երբ ասում էր, որ ՀՅԴ‑ի շարքերում Հովհաննես Թումանյան ու Իսահակյան են եղել, նշանակում է իրենց դեմ չպետք է պայքարել, չի կարելի պայքարել։ Նույն տրամաբանությամբ կարելի էր 2020թ․ ադրբեջանցիների երեսին գոռալ, որ հայ ժողովրդի շարքերում Տիգրան Մեծ ու Նարեկացի է եղել, այդ ինչպե՞ս են ադրբեջանցիները հանդգնում ձեռք բարձրացնել հայի վրա։
Սա զավեշտ չէ, ոչ էլ ծաղր, սա խորը մտահոգություն է առ այն, որ ՀՅԴ‑ն ոչ միայն կորցրել է իրականության զգացումը, այլև ապրում է այդ իրականության զգացումից դուրս, իր պատվի պահապաններ է կարգում միայն իր անցյալը։ Այո՛, եղել են Թումանյան ու Իսահակյան, բայց չէ՞ որ Հակոբ Մովսեսը Դաշնակցության գաղափարի ու Թումանյանի վրա չէր հարձակվել։ Իսկ ո՞ւր են ժամանակակից թումանյաններն ու իսահակյանները ՀՅԴ շարքերում։ Իր անցյալի մտավորականներով հպարտացող ՀՅԴ‑ի մտավորականությունն ո՞ւր է, ովքե՞ր են։ Ու մի՞թե Ռուսատմյանը կարծում է, որ ՀՅԴ‑ն է Հովհաննես Թումանյանին դարձրել Հովհաննես Թումանյան։ Մի՞թե Ռուստամյանի մտքով չի անցնում, որ Թումանյանն է իր հեղինակությամբ բարձրացրել ՀՅԴ անունը ու մտել է ՀՅԴ շարքեր, որովհետև այն ժամանակ ՀՅԴ‑ն իրական էր։ Իսկ ինչո՞ւ այսօր մարդիկ հերթ չեն կանգնում դաշնակցական դառնալու համար։ Ինչո՞ւ ՀՅԴ‑ն չունի այն էլեգանտ մտավորականությունը, որ կարող է ցանկացած կուսակցության ու նունիսկ հասարակության զարդարել։
Որովհետև ՀՅԴ‑ն այլևս ՀՅԴ չէ։ Ամեն ինչ է, բայցի ՀՅԴ լինելուց։ Տխուր է, բայց ճշմարտություն է նաև այն, որ ՀՅԴ‑ն այսօր իրոք «Սարոյան եղբայրներ» ֆիլմի Հայկին է սկսել նմանվել, մինչդեռ բոլորս միշտ ՀՅԴ‑ն նույնացրել ենք Գևորգի հետ։
ՈՒրեմն ի՞նչ պատահեց այդ կուսակցությանը։ Ինչո՞վ կարող է հպարտանալ ՀՅԴ‑ն Հայաստանում վերջին 5, տասը, քսան տարում։ Ոչ մի բանով։ Դաշնակցությունը բացի երգելուց, գոռգոռալուց ու թուրքերի պատկերով վախեցնելուց, այլևս ոչինչ չի արել։ Արածը եղել է իշխանությունների թևի տակ տաք տեղավորվելն ու իբր ներսից բարեփոխելը ու շարքերն էլ միամտաբար հավատացել ու երևի շարունակում են հավատալ, որ ՀՅԴ‑ն այնքան անձնազոհ է, որ պաշտոն է վերցնում, որ չար ու վատ իշխանություններին ներսից փոխի։
ՀՅԴ ամեն հրապարակային նման քայլը միայն բախվում է տապալման ու հերթական ծաղրի ալիքն է բարձրացնում։ Հակոբ Մովսեսին չէր կարելի նման մեղադրանքով դիմել, թեկուզ այն բանի համար, որ վերջինս, ըստ էության հայ հասարակությանը գերմանական դասական փիլիսոփայությանը ծանոթացնող այն բացառիկ մարդն է, ով կարողացել է բնօրինակից Նիցշե թարգմանել։ Քանի՞սը կարող են ոչ միայն կարդալ, այլև հասկանալ, իսկ հետո այնպես թարգմանել, որ հայերենով ևս այն հասկանալի լինի։
Մեղքը Հակոբ Մովսեսինը չէր, այլ ՀՅԴ-ինն էր, որ որևէ լուրջ բան օրակարգ բերել չկարողանալու պատճառով ընկավ սովորական խարդավանքների հետևից ու փոխարենը միայն խայտառակ եղավ։
Հիմա հավանաբար ՀՅԴ գրասենյակներում ամենավերջին հայհոյանքներն են ուղղում թե՛ Հակոբ Մովսեսի, թե՛ իշխանությունների հասցեին ու թե առհասարակ իրենց քննադատողներին, բայց դա այլևս կարևոր չէ, որովհետև դա որևէ կերպ չի փոխում իրավիճակը։ Որովհետև ՀՅԴ‑ն շարունակում է մերժված մնալ։ Բավ է չարաշահել ՀՅԴ ֆիդայական անցյալն ու Առաջին Հանրապետության զոհողությունները։ Նրանց հանդեպ բոլորի հարգանքը մնում է բարձր ու կայուն։ ՀՅԴ‑ի պատմական անցյալի լավը հարգում ու սիրում են բոլորը, իսկ վրիպումների ու թերությունների մասին խոսելիս պետք չէ նման ցավագին կերպով անհանգստանալ։
ՀՅԴ‑ն ի՞նչ է պատրաստվում անել ապագայում։ Բացի հայհոյելուց ու սրան-նրան «թուրք» անվանելուց։ 2026թ‑ի ընտրություններին նորից Քոչարյանի թևի տա՞կ են աշխատելու ու դա արդարացնեն հերթական անհասկանալի բառերով, նոր շրջաբերականնե՞ր են ի հայտ գալու։ ՀՅԴ‑ն ինչո՞ւ է շարունակում իր տակ նոր ռումբեր դնել։ Մի՞թե հայ ժողովրդի ազատագրության համար երդում տված ուժն այնպես է զառամել, որ ինքն էլ իրեն հաշիվ չի տալիս, թե ինչով է զբաղված ու թույլ է տալիս, որ մի քանի պատգամավոր այդպես կարողանան իրեն խայտառակել։
Մեր Ուղին
