Նույնիսկ AI գործարանի կառուցման փուլում, դեռ ծառայություններ չմատուցելով, ներդրումը կմտնի ՀՆԱ‑ի «հիմնական միջոցների համախառն կուտակում» բաղադրիչ և ինքնին կարող է ապահովել երկնիշ տնտեսական աճ։
Հայկազ Ֆանյան
Հայաստանի հանրային ռադիոն զրուցել է «Աքսես» վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի տնտեսության համար բացառիկ նշանակություն ունեցող միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրերը, որոնք կարող են արմատապես փոխել երկրի զարգացման տեմպերը։ Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը մանրամասնում է, որ հատկապես Firebird‑ի արհեստական բանականության կենտրոնի և միջուկային էներգետիկայի նախագծերը ունակ են ապահովել երկնիշ տնտեսական աճ՝ շնորհիվ կապիտալի կուտակման և բարձր տեխնոլոգիական ծառայությունների արտահանման։
Հայկազ Ֆանյանը նշեց, որ խոսքը գնում է աննախադեպ մեծ ներդրումների մասին։ Նրա խոսքով՝ մինչ այժմ Հայաստանում առանձին նախագծով ամենախոշոր ներդրումը եղել է օդանավակայանի նախագիծը՝ մոտ 500–600 մլն դոլար, մինչդեռ այժմ արդեն խոսվում է մի քանի միլիարդների մասին։ Ընդհանուր հաշվարկով հնարավոր է մոտ 9 մլրդ դոլարի ներդրում՝ շուրջ 5 մլրդ միջուկային տեխնոլոգիական ուղղությամբ և մոտ 4 մլրդ՝ արհեստական բանականության գործարանի կառուցման ծրագրով։ Տնտեսագետը հատկապես զարմացած է AI գործարանի ներդրումային ծրագրերից՝ ընդգծելով, որ նման ծավալի նախագիծը դժվար թե իրականացվի միայն տեղական միջոցներով, և հավանական է ներգրավվեն ամերիկյան ներդրողներ ու խոշոր ներդրումային ֆոնդեր։
Միաժամանակ նա նշեց, որ որոշակի թերահավատորեն է վերաբերվում ծրագրի ժամանակացույցին մինչև 2026 թվականի վերջ, քանի որ նման նախագիծը պահանջում է մեծ ենթակառուցվածքներ՝ էներգետիկ հզորություններ, ինտերնետային և մալուխային ցանցեր, տեխնոլոգիական միջավայր։ Նրա հաշվարկներով՝ նախատեսվող GPU-ների շահագործման համար կարող է պահանջվել շուրջ 800 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը մոտավորապես Հայաստանի տարեկան արտադրության շուրջ 10%-ն է։ Ֆանյանի կարծիքով՝ տեխնիկապես այդ հզորությունները հնարավոր է ապահովել, օրինակ՝ չօգտագործվող կամ թերբեռնված էներգաբլոկների հաշվին, սակայն ինքնարժեքը կարող է բարձր լինել։
Անդրադառնալով ենթակառուցվածքային ծրագրերին՝ Ֆանյանը ասաց, որ տարբերգ նահատականներով Մեղրիի հատվածում երկաթուղու ներդրումը նախկինում գնահատվել է մոտ 300 մլն դոլար, իսկ այժմ՝ շուրջ 350 մլն։ Եթե ավելացվի նաև մոտ 42–43 կմ ավտոճանապարհի կառուցումը և այլ պահանջներ, ապա ընդհանուր ներդրումները կարող են հասնել մոտ 600 մլն դոլարի։
Տնտեսագետը կարծում է, որ եթե դիտարկվի մոտ 10 տարվա հեռանկար (նոր ատոմակայանի կառուցման ժամկետը հաշվի առնելով), ապա Հայաստանը կարող է սպասել շուրջ 9.5 մլրդ դոլարի ներդրում։
Տնտեսագետը բացատրեց նաև տնտեսական աճի հնարավոր ազդեցությունը․ ըստ նրա՝ նույնիսկ AI գործարանի կառուցման փուլում, դեռ ծառայություններ չմատուցելով, ներդրումը կմտնի ՀՆԱ‑ի «հիմնական միջոցների համախառն կուտակում» բաղադրիչ և ինքնին կարող է ապահովել երկնիշ տնտեսական աճ։ Հետագայում, երբ սկսվի ծառայությունների արտահանումը, դա ևս կնպաստի աճին, թեև միայն ծառայությունների հաշվին նույնպիսի բարձր աճ չի լինի։ Նա կարծում է, որ տնտեսական աճի պոտենցիալը ներկայիս մոտ 5–5.5%-ից կարող է բարձրանալ։
Խոսելով տնտեսության կառուցվածքային փոփոխությունների մասին՝ Ֆանյանը նշեց, որ նման խոշոր տեխնոլոգիական նախագծերը կարող են ստեղծել «գրավիտացիոն էֆեկտ»․մեծ հաշվողական կենտրոնների առկայությունը կբարձրացնի երկրի գրավչությունը այլ ներդրողների համար և կուժեղացնի Հայաստանի դիրքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Սակայն նա զգուշացրեց, որ զբաղվածության ազդեցությունը սահմանափակ կլինի, քանի որ նման կենտրոններում շահագործման փուլում աշխատակիցների թիվը մեծ չէ։

Ֆանյանը նաև նշեց, որ բյուջետային անմիջական եկամուտների աճը կարող է սահմանափակ լինել, քանի որ ծառայությունների արտահանումը հաճախ ազատված է ԱԱՀ-ից, իսկ մեծ ներդրումների դեպքում առաջին տարիներին շահութահարկը կարող է նվազ լինել՝ «զսպանակի» պատճառով։ Նրա դիտարկմամբ՝ առավել զգալի կարող են լինել երկրորդային ազդեցությունները՝ օրինակ՝ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների լրացուցիչ հարկային վճարումները։ Նման ծրագրերը կարող են բարելավել Հայաստանի միջազգային իմիջը, բարձրացնել ներդրումային գրավչությունը, նվազեցնել ռիսկայնության ընկալումը և նույնիսկ նպաստել եվրաբոնդերի եկամտաբերության նվազմանը։ Նա այս գործընթացները բնութագրեց որպես «խաղաղության դիվիդենդների» դրսևորումներ։
Տնտեսական աճի ընթացիկ կանխատեսումների մասին խոսելով՝ Ֆանյանը նշեց, որ իր սպասումները2025 թվականի համար ավելի բարձր են, քան մոտ 6% պաշտոնական գնահատականը, և կարծում է, որաճը կարող է գերազանցել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կանխատեսումները։ Նա ընդգծեց, որ ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը դեռ առկա է, բայց աստիճանաբար նվազում է։
Սահմանների հնարավոր բացման ազդեցության մասին տնտեսագետը նշեց, որ դա կարևոր է ոչ միայն երկկողմ առևտրի համար, այլ նաև տարանցիկ հնարավորությունների՝ հայկական արտադրանքը այլ շուկաներ ավելի մատչելի հասցնելու և ներմուծումները դիվերսիֆիկացնելու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ առանց հայ-թուրքական սահմանի բացման դժվար է խոսել լիարժեք տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին, քանի որ բարձր տրանսպորտային ծախսերը նվազեցնում են հայկական ապրանքների մրցունակությունը։
Թվային գնահատական տալու հարցում Ֆանյանը նշեց, որ կոնկրետ հաշվարկներ չունի, սակայն տեսնում է առևտրի պոտենցիալ տարբեր ուղղություններով՝ օրինակ էլեկտրաէներգիայի հնարավոր արտահանում Թուրքիա կամ որոշ հումքերի ներմուծում Ադրբեջանից՝ հետագա վերամշակմամբ և արտահանմամբ։ Նա հավելեց, որ ավելի մատչելի ներմուծումները կարող են բարձրացնել ընդհանուր բարեկեցությունը, քանի որ խնայված միջոցները կուղղվեն այլ սպառման։
Վերջում Ֆանյանը նշեց, որ իրենց կենտրոնը նախկինում ուսումնասիրել է հայ-ադրբեջանական առևտրի հնարավորությունները և գնահատում է, որ պոտենցիալը զգալի է, թեև այս պահին կոնկրետ թվերը չի հիշում։ Նա հույս հայտնեց, որ 2026 թվականին հնարավոր կլինի տեսնել նաև հակառակ ուղղությամբ ապրանքների մատակարարում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
