Արցախը չէ՞ր կորսվի, եթե ավելի քան քառորդ դար ԼՂՀ բարձրագույն իշխանությունը նրան չուրանար:
Վահրամ Աթանեսյան
Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է: Ֆեյսբուքում գրառումների եւ մեկնաբանությունների պակաս չկա:
Նրան հանդիպել եմ ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարում:
Երբ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ, այցելեցի՝ շնորհավորելու: Նրա գրասենյակը նախկին մարզգործկոմի շենքում էր: Ստեփանակերտում հոսանք, գազ չկար: Ցուրտ առանձնասենյակում նստած էր վերարկուով, ինչ-որ մեկը փայտի վառարանն էր խառնշտում: Անկախություն հռչակած երկրի բարձրագույն պաշտոնյայի սեղանին զինվորական դաշտային կապի սեւ հեռախոսատուփ էր՝ սնուցիչ մարտկոցներով:
Պատմեցի, թե անցած ընտրություններում մրցակիցս ինչպես է «հաղթել»: Ցնցվեց, զայրացավ: Առաջարկեց, որ ԿԸՀ-ին դիմում գրեմ: Հրաժարվեցի: Գիտեի, թե ով, ինչպես եւ ինչու է կազմակերպել «ընտրությունը»: Անկեղծորեն ասացի, որ եթե ընտրվեի ես, իր օգտին չէի քվեարկի: «Ինչու՞»,- հարցրեց: Բացատրեցի: Կարճ լռությունից հետո ասաց. «Գուցե ճիշտ ես»: Հրաժեշտ տվեցի: Հետո երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել հետը: Նրա ֆենոմենը քաղաքական սկզբունքայնության եւ մարդկային հանդուժողականության համատեղումն է, որ, գուցե, ողբերգության պատճառ դարձավ:
Տասնհինգ տարի ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր եմ եղել: Տարիներ երկու անգամ՝ ծննդյան եւ զոհվելու օրով, այցելել Արթուր Մկրտչյանի շիրմին: Եւ այդպես էլ չեմ հասկացել, թե ո՞վ եւ ինչու՞ է մի արարողակարգ սահմանել, երբ երկրի առաջին ղեկավարի հիշատակը պիտի Ազգային ժողովի փոխնախագահի եւ մի քանի պատգամավորի մակարդակով հարգվի:
ԼՂՀ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք մատուցեց Արթուր Մկրտչյանի հիշատակին: Աղետալի պատերազմից, երեւի, մեկ ամիս առաջ նա Արթուր Մկրտչյանին արժանացրեց Արցախի հերոսի կոչման:
Ինչու՞ այդքան ուշացած:
Արցախը չէ՞ր կորսվի, եթե ավելի քան քառորդ դար ԼՂՀ բարձրագույն իշխանությունը նրան չուրանար:
ՀՅԴ‑ն ինչու՞ չպանծացրեց Արթուր Մկրտչյանին: Գուցե նրա համար, որ Արթուր Մկրտչյանը կուսակցական ծայրահեղականությունը եւ քաղաքական սթափությունը փորձում էր մարմնավորել ԼՂՀ‑ո՞վ:
Վահրամ Աթանեսյան
