Հայաստանը չպետք է իրեն համեմատի այլ հետխորհրդային երկրների սցենարների հետ։ Ցանկացած երկիր կարող է կիրառել ազդեցության լծակներ, և կարևորն այն է, թե Հայաստանը հետագայում ինչ հարաբերություններ է կառուցելու տարբեր դերակատարների հետ։
Մարիա Կարապետյան
Հայաստանի Հանրային Ռադիոն զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի ներքաղաքական գործընթացներն և արտաքին մարտահրավերները,իշխող կուսակցության ներքին ժողովրդավարական մեխանիզմները։ Կարապետյանը հակադարձում է ընդդիմադիր քննադատությանը և պնդում, որ թափանցիկ ընտրացուցակների կազմումը վկայում է առողջ մրցակցության մասին։ Շեշտվում է բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականության անհրաժեշտությունը, որի նպատակն է խուսափել աշխարհաքաղաքական բախումներից և ապահովել տևական խաղաղություն տարածաշրջանում։
Մարիա Կարապետյանը նշեց, որ կուսակցության ներկուսակցական ընտրությունները դեռ ավարտված չեն․առաջին 50 տեղերը զբաղեցրած թեկնածուները ևս մեկ փուլով քարոզարշավ են իրականացնելու, ապա ավելի քան հազար պատվիրակ կրկին քվեարկելու է վարկանիշային տրամաբանությամբ։ Գործընթացը բաց ու կազմակերպված էր, և հենց այդ հրապարակայնությունը խոսուն ապացույց է առողջ մրցակցության մասին։
Քաղաքական գործիչը կարծում է՝ հակասական են այն քննադատությունները, թե ամեն ինչ որոշում է մեկ անձը, բայց միաժամանակ նույն մարդիկ պնդում են, որ այդ անձը նույնիսկ կուսակցության ներսում հեղինակություն չունի։ Նրա խոսքով՝ իրականությունն այն է, որ ցուցակը ձևավորվում է համաժողովի կողմից, ինչը նաև օրենքով նախատեսված մեխանիզմ է, և կուսակցության ներսում առկա է իրական մրցակցություն։
Անդրադառնալով քաղաքական մրցակցությանը՝ Մարիա Կարապետյանը ասաց, որ իրենք մրցակիցներ չեն ընտրում․ներկայացնում են իրենց ծրագրերն ու արժեքները՝ խաղաղություն, ժողովրդավարություն և պետական զարգացում։Ըստ նրա՝ թիրախավորվում են միայն այն ուժերը, որոնք հակադրվում են այդ օրակարգին։
Պատգամավորը նշեց, որ Հայաստանի նախկին իշխանությունների ժամանակ ձևավորված համակարգը միայն ուղղահայաց իշխանություն չէր, այլ նաև փոխկախված տնտեսական-քաղաքական հարաբերությունների ցանց, որտեղ տնտեսական դերակատարները ապահովում էին քաղաքական աջակցություն։ Նրա դիտարկմամբ՝ այսօր քաղաքական դաշտում ի հայտ եկող որոշ «նոր» դեմքեր իրականում այդ համակարգից են գալիս, իսկ ռուսական կապիտալի գործոնը կարևոր դեր է ունեցել նախկին իշխանությունների վրա ազդեցություն պահպանելու հարցում։ Կարապետյանը պնդում է, որ այդ փոխկապակցվածության վերջին շերտերից մեկը նաև եկեղեցու թեմայի քաղաքականացումն է, որը նախկինում օգտագործվել է հասարակական ազդեցության համար։ Եկեղեցու շուրջ մեղադրանքները կորցնում են ուժը, երբ պարզվում է՝ արժեքների պահպանումը հաճախ չի համապատասխանել դրանց իրական կիրառմանը, և այդ թեմաները երկար ժամանակ ծառայել են քաղաքական նպատակների։
Արտաքին քաղաքականության մասին խոսելիս պատգամավոր Կարապետյանը նշեց, որ Հայաստանը չպետք է իրեն համեմատի այլ հետխորհրդային երկրների սցենարների հետ։ Նրա համոզմամբ՝ ցանկացած երկիր կարող է կիրառելազդեցության լծակներ, և կարևորն այն է, թե Հայաստանը հետագայում ինչ հարաբերություններ է կառուցելու տարբեր դերակատարների հետ։ Նա ընդգծեց, որ պարտադիր չէ արձագանքել բոլոր մարտահրավերներին, այլ պետք է հասկանալ՝ որ ուղղությամբ է պետք շարժվել։
Մարիա Կարապետյանը կարծում է, որ հակամարտության տրամաբանության վերակենդանացումը կարող է հանգեցնել պատերազմի, ուստի իրենց քաղաքական դիրքորոշումը խաղաղության պահպանումն է։ Նրա գնահատմամբ՝ որոշ ուժեր փորձում են կասկածի տակ դնել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները և ներգրավել նոր դերակատարների, ինչը կարող է տարածաշրջանը կրկին տանել ռազմական բախման։ Պատգամավորը համոզված է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է տարբեր հանգամանքների ձևավորման դեպքում։ Նա նշեց, որ Ադրբեջանի խոսույթում վերջին շրջանում նկատվում են փոփոխություններ և որոշ հարցերում ավելի հաճախ են կրկնվում փոխադարձ համաձայնեցված ձևակերպումներ, ինչը դրական է գնահատում։
Կարապետյանը դիտարկում է, որ արտաքին քաղաքականությունը պետք է լինի շարունակական բալանսավորում․ աշխարհը մշտապես փոխվում է, և պետությունը պետք է ամեն օր վերագնահատի իր հարաբերությունները տարբեր գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ նպատակը որևէ երկրի դուրս մղելը չէ, այլ փոխշահավետ առաջարկների քննարկումը բոլոր ուղղություններով։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը պետք է իր ամենազգայուն թեմաները պահի սեփական օրակարգում, որպեսզի դրանք չդառնան այլ երկրների ներքաղաքական պայքարի գործիք։
Տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների թեմայով Մարիա Կարապետյանը նշեց, որ կան կառուցողական ազդակներ տարբեր կողմերից, այդ թվում՝ երկաթուղային կապերի վերականգնման վերաբերյալ, սակայն վերջնական գնահատականը պետք է տան գործադիր իշխանության ներկայացուցիչները։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը պատրաստ է քննարկել բոլոր առաջարկները և ընտրել այն տարբերակները, որոնք փոխշահավետ են երկրի համար։
Ամփոփելով՝ Կարապետյանը ասաց, որ պետական քաղաքականության նպատակը խաղաղության ապահովումն ու գործընկերների հետ հավասարակշռված հարաբերությունների պահպանումն է, և այդ գործընթացը պետք է շարունակական լինի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
