Գերիների հարցով Ալիևը չէր հայտարարի նրանց հնարավոր ազատման մասին նույնիսկ եթե նման մտադրություն ունենար, քանի որ դրանք բանակցային գործիքներ են։
Արամ Սարգսյան
ShantNews‑ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի Հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հեռանկարներն ու տարածաշրջանային աշխարհաքաղաքական ազդեցությունները։ Սարգսյանը շեշտում է, որ Ադրբեջանի նախագահի փոփոխական հռետորաբանությունը հաճախ պայմանավորված է ռուսական ճնշումներով, սակայն կանխատեսում է փաստաթղթի ստորագրումը մինչև 2026 թվականի գարուն՝ ելնելով Արևմուտքի միջնորդությունից և տնտեսական շահավետ ծրագրերից։ Զրույցի ընթացքում քննարկվում են նաև գերիների վերադարձի հնարավորությունները, հայկական երկաթուղու կառավարումը Ռուսաստանից օտարելու անհրաժեշտությունը և ներքաղաքական պայքարի դինամիկան, եկեղեցի-պետություն հարաբերությունները։
Արամ Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահի խոսույթը հաճախ արագ փոփոխվում է ու կախված է հիմնականում ռուսական ազդեցություններից և այնտեղ տեղի ունեցող զարգացումներից։ Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը, չկարողանալով որոշ հարցեր լուծել Ադրբեջանի միջոցով, այժմ Ադրբեջանի ճնշումներով փորձում է ազդել Հայաստանի ներքաղաքական դաշտի վրա։
Սարգսյանը կարծիք հայտնեց, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի ընտրություններից մոտ երկու ամիս առաջ՝ հավանաբար ապրիլ-մայիսին, քանի որ դա ձեռնտու է թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, թե՛ Միացյալ Նահանգներին։ Նա ընդգծեց, որ Իլհամ Ալիևը բազմիցս ինքն իրեն հակասել է տարբեր հարցերում, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի, տարածքային հայտարարությունների և խաղաղության մոտ լինելու մասին խոսույթում, ուստի հնարավոր է նաև այս դեպքում հակասի իր ներկայիս դիրքորոշմանը։ Քաղաքական գործիչը համոզված է, որ արևմտյան ճնշումները և տնտեսական գործոնները նույնպես նպաստելու են փաստաթղթի ստորագրմանը։
Հանրապետություն կուսակցության նախագահը հավելեց, որ Ադրբեջանին և Թուրքիային ձեռնտու է գազի տեղափոխման ավելի արդյունավետ ուղիների ստեղծումը, ինչը նույնպես արագացնում է համաձայնագրի անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ներկայիս խորհրդարանի մեծամասնությունը ևս գործոն է, որը Բաքուն կփորձի օգտագործել՝ համաձայնագիրը շուտ ստորագրելու համար։Անդրադառնալով գերիների հարցին՝ Սարգսյանը նշեց, որ Ալիևը չէր հայտարարի նրանց հնարավոր ազատման մասին նույնիսկ եթե նման մտադրություն ունենար, քանի որ դրանք բանակցային գործիքներ են։ Նա համոզմունք հայտնեց, որ խաղաղության համաձայնագրից հետո Ադրբեջանում պահվող գերիների հարցը կլուծվի։ Սարգսյանի խոսքով՝ որոշ տեղեկությունների համաձայն՝ խնդիրը առավելապես կապված է Ռուբեն Վարդանյանի հետ և ունի նաև ռուսական գործոն։
Երկաթուղու և TRIPP նախաձեռնության թեմայով Սարգսյանը ասաց, որ Հայաստանը պետք է հարցը կոշտ դնի Ռուսաստանի առաջ, քանի որ վերջինս, նրա գնահատմամբ, չի կատարել ներդրումային պարտավորությունները հայկական երկաթուղու նկատմամբ։ Նա նշեց, որ երկրի համար կենսական է այդ ճանապարհների գործարկումը, և եթե Ռուսաստանը հրաժարվի փոփոխություններից, ապա Հայաստանը պետք է քննարկի կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու տարբերակը։ Սարգսյանը ընդունեց, որ դա կարող է տնտեսական բարդություններ առաջացնել, սակայն համոզված է, որ երկարաժամկետ առումով նոր տրանսպորտային ուղիները մեծ առավելություններ կտան Հայաստանին։

Խոսելով ընդդիմության այն պնդումների մասին, թեպետք է «ոչ» ասել Ալիևին, Սարգսյանը դիտարկեց, որ նախ պետք է հասկանալ՝ կոնկրետ ինչ առաջարկի մասին է խոսքը։ Նրա խոսքով՝ որոշ ընդդիմադիր ուժեր իրականում հենվում են ռուսական օրակարգի վրա, իսկ Ռուսաստանը տարածաշրջանում շահագրգռված է պատերազմական իրավիճակների պահպանմամբ։ Այդ պատճառով, ըստ Սարգսյանի, նրանք, ովքեր միակ լուծումը տեսնում են Ռուսաստանին հենվելը, փաստացի պատերազմական քաղաքականության կողմնակից են։ Եթե իրենք ստանան վստահություն, ապա առաջիններից կլինեն, ովքեր կպահանջեն ռուսական երկաթուղային կառավարման դադարեցումը Հայաստանում, ՀԱՊԿ-ից հրաժարումը և հակաօդային պաշտպանության համատեղ համակարգից դուրս գալը՝ սեփական պաշտպանության համակարգերը զարգացնելու համար։ Նա ընդգծեց, որ Հայաստանը աստիճանաբար ուժեղանում է, սակայն կան ներքին ուժեր, որոնք փորձում են խոչընդոտել այդ գործընթացը և երկիրը պահել ռուսական ազդեցության ներքո։
Քաղաքական դաշտի մասին խոսելիս Սարգսյանընշեց, որ ռուսական ազդեցության տակ գտնվողուժերը, իր համոզմամբ, ղեկավարվում են մեկ կենտրոնից և փորձում են թույլ չտալ, որ այդազդեցության քվեները փոշիանան, միաժամանակփորձելով պառակտել արևմտյան կողմնորոշում ունեցող ընտրազանգվածը։ Նրա խոսքով՝ իրենց կուսակցությունը նույնպես թիրախավորվում է, քանի որ կարող է համագործակցել գործող իշխանության հետ և խոչընդոտել այդ ծրագրերին։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարվել են կաթողիկոսի ձեռքը համբուրելու պատճառով, Սարգսյանը նշեց, որ նման լարվածություն չկա, և իր վերջին շփումները վարչապետի հետ եղել են նորմալ ու գործնական։ Եկեղեցու հարցում Սարգսյանը ասաց, որ թեև կարող է ունենալ անձնական անհամաձայնություններ, այնումենայնիվ պետական ինստիտուտների նկատմամբ պետք է ցուցաբերվի հարգանք, և ինքն այդպես է վերաբերվել Հայ Առաքելական եկեղեցուն։ Նրա համոզմամբ՝ եթե հոգևորականը քրեական հանցագործություն է կատարում, պետք է դատվի օրենքով, սակայն անձնական վարքագծի որոշ հարցեր պետության իրավասությունից դուրս են և պետք է լուծվեն եկեղեցու ներսում։ Ներկայումս եկեղեցին բաժանված է երկու բևեռի՝ մեկը աջակցում է վարչապետին, մյուսը՝ կաթողիկոսին, ինչը խորացնում է ճգնաժամը։ Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակի լուծման ճանապարհը կաթողիկոսի հրաժարականն է, ինչը կարող է օգնել պահպանել եկեղեցու ամբողջականությունը։ Նա ընդգծեց, որ եկեղեցու պառակտումը ցավալի է իր համար որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
