Ներկայումս Միացյալ Նահանգներում տեղի է ունենում արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերանայում, և բարեբախտաբար Հարավային Կովկասը հայտնվել է ուշադրության կենտրոնում։
Նարեկ Մինասյան
FactorTV‑ն զրուցել է Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ռազմավարությունը և տարածաշրջանային անվտանգության նոր մարտահրավերները: Փորձագետ Նարեկ Մինասյանը վերլուծում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը՝ տարանջատելով ռազմաքաղաքական ղեկավարությանը մյուս գերիներից և շեշտելով, որ այս խնդիրը ստվերում է խաղաղության գործընթացը։
Նարեկ Մինասյանը նշեց, որ հայ ռազմագերիների խնդիրը շարունակում է մնալ ամենազգայուն հարցերից մեկը և էականորեն ստվերում է խաղաղության գործընթացը։ Նրա խոսքով՝ քանի դեռ կան ռազմագերիների և անհետ կորածների հարցեր, շատ դժվար է հասարակ քաղաքացուն համոզել, որ խոսքը իրական խաղաղության մասին է։ Մինասյանը դիտարկում է, որ Ադրբեջանում գոյություն ունի ռազմագերիների երկու հիմնական խմբի տարբերակում․ առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, երկրորդը՝ մյուս գերիները։ Քաղաքագետը կարծում է, որ երկրորդ խմբի ազատ արձակման հավանականությունը մոտ ապագայում ավելի մեծ է, մինչդեռ առաջին խմբի վերաբերյալ Ադրբեջանում արդեն ձևավորվել է ներքին քարոզչական դաշտ, ինչը բարդացնում է նրանց վերադարձի հնարավորությունը։ Այդ հարցը չպետք է մոռացվի, և հայկական կողմը պետք է հետևողականորեն այն առաջ տանի թե պետական, թե քաղաքացիական մակարդակներում։ Նա նշեց, որ վերջերս արձանագրված արդյունքները, այդ թվում՝ չորս ռազմագերիների ազատ արձակումը, ցույց են տալիս, որ գործընթացը կարող է շարժվել առաջ, և իր համոզմամբ՝ հարցը վաղ թե ուշ կարգավորվելու է։
Քաղաքագետը հավելեց, որ գերիների հարցի լուծման համար երկկողմ ձևաչափն ավելի արդյունավետ կարող է լինել, քանի որ ներկայիս միջազգային հարաբերություններում ուժային դասավորությունները փոխվել են, իսկ երրորդ երկրների միջամտությունը հաճախ Ադրբեջանում ընկալվում է բացասական և արդյունք չի տալիս։ Նա օրինակ բերեց, որ նույնիսկ բարձր մակարդակի միջազգային բարձրաձայնումները հաճախ ավարտվում են դիրքորոշումների պարզ ներկայացմամբ և առանց գործնական արդյունքի։Հայաստանի լծակները սահմանափակ են, և հենց այդ պատճառով երկխոսությունն է միակ իրատեսական ճանապարհը։
Անդրադառնալով ԱՄՆ‑ի ներգրավվածությանը՝ քաղաքագետ Նարեկ Մինասյանը ասաց, որ ներկայումս Միացյալ Նահանգներում տեղի է ունենում արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերանայում, և բարեբախտաբար Հարավային Կովկասը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքով՝ դեռ մեկ տարի առաջ կային մտահոգություններ, որ տարածաշրջանը կարող է չլինել ամերիկյան հետաքրքրությունների մեջ, սակայն իրավիճակը հակառակ ուղղությամբ զարգացավ, այդ թվում՝ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ։
Մինասյանը նշեց, որ ԱՄՆ‑ը փորձում է մեծացնել իր տնտեսական և ենթակառուցվածքային ներկայությունը տարածաշրջանում, ինչը հանգեցնում է նաև Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարևորության աճին։ Նա դիտարկում է, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը հաճախ առաջնորդվում է տնտեսական շահերով, և այդ տրամաբանությամբ է կառուցում իր արտաքին քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում։
Քաղաքագետը նշեց, որ տնտեսական նախագծերը կարող են ստեղծել նաև անվտանգային հավելյալ երաշխիքներ, նույնիսկ եթե դրանք ուղղակի ռազմական պարտավորություններ չեն ենթադրում։ Նա ընդգծեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Հայաստանը ստորագրել է մի շարք հուշագրեր՝ կապի, արհեստական բանականության և այլ ոլորտներում, և արդեն խոսվում է միլիարդավոր ներդրումների մասին։ Մինասյանը նշեց նաև, որ ամերիկյան ընկերությունների ակտիվությունը մեծանում է, և հետախուզական անօդաչու սարքերի վաճառքը Հայաստանին ևս այդ համագործակցության մաս է։
Նարեկ Մինասյանը հավելեց, որ Ադրբեջանը նույնպես ստացել է իր «բոնուսները»՝ ԱՄՆ‑ի հետ հարաբերությունների խորացման տեսքով, այդ թվում՝ էներգետիկայի և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության պայմանավորվածություններով։ Նրա դիտարկմամբ՝ այս ամենը տարածաշրջանի տնտեսական զարգացումը տեղափոխում է նոր հարթություն և ստեղծում է փոխադարձ շահագրգռվածություն։
Խոսելով խաղաղության վերաբերյալ կասկածների մասին՝ քաղաքագետը ասաց, որ ոչ ոք չի պնդում, թե պետք է «վարդագույն ակնոցներով» նայել գործընթացին կամ թուլացնել զգոնությունը։ Նրա կարծիքով՝ Հայաստանի ռազմավարությունը պետք է կենտրոնանա երկու ուղղության վրա։ Առաջինը՝ սեփական դիմադրունակության բարձրացումն է՝ ռազմական բարեփոխումների, նոր սպառազինության ձեռքբերման և ռազմարդյունաբերության զարգացման միջոցով։ Նա նշեց, որ այդ ուղղությամբ արդեն կան որոշ քայլեր և տեխնոլոգիական համագործակցության հնարավորություններ։ Երկրորդ ուղղությունը խաղաղության «գնի» բարձրացումն է՝ փոխադարձ տնտեսական նախագծերով և հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, որպեսզի պատերազմի վերսկսումը Ադրբեջանի համար ունենա տնտեսական ռիսկեր, իսկ խաղաղությունը՝ հավելյալ շահեր։ Քաղաքագետը կարծում է, որ հենց այս երկու ուղղություններով հաջող աշխատանքը կարող է երկարաժամկետ դարձնել խաղաղությունը։
Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ Նարեկ Մինասյանը նշեց, որտեղի է ունենում երկու փոփոխություն՝ բովանդակային և ձևական։ Նրա խոսքով՝ եթե նախկինում համագործակցությունը հիմնականում կառուցվում էր արժեքային հիմքերի վրա՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն, ապա այժմ առաջնահերթությունը տնտեսական շահն է։ Նա կարծում է, որ առաջիկա տարիներին Վաշինգտոնի համար հենց տնտեսական համագործակցությունն է լինելու գերակա։
Մինասյանը նաև ասաց, որ փոխվում է հարաբերությունների ձևը․ Հայաստանը օգնության սպառողից աստիճանաբար դառնում է գործընկեր, որի հետ ԱՄՆ‑ը պատրաստ է կնքել պայմանագրեր, իրականացնել ռազմական գործարքներ և վաճառել սպառազինություն։ Նա ընդգծեց, որ անօդաչուների վաճառքը կատարվել է ռազմական գործարքի շրջանակում, ոչ թե որպես օգնություն, և դա կարևոր նախադեպ է հետագայի համար։
Անդրադառնալով ատոմակայանի և երկաթուղու թեմային՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանը վարում է տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականություն։ Նրա խոսքով՝ արդեն ավելիքան տասը տարի ռուսական ընկերությունը կոնցեսիոն կառավարման ներքո շահագործում է հայկական երկաթուղին, սակայն ներդրումների արդյունավետությունը հասարակության համարտեսանելի չէ, և ենթակառուցվածքները շարունակում են մնալ հնացած։
Մինասյանը նշեց, որ եթե ի հայտ են գալիս այլընտրանքային հնարավորություններ, բնական է, որ ռուսական կողմը կարող է անհանգստանալ իր դիրքերը կորցնելուց, սակայն Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով։ Ատոմակայանի հարցում, նրա խոսքով, պետք է հաշվի առնել ոչ միայն գինը, այլ նաև երկարաժամկետ քաղաքական կախվածությունների ռիսկերը, քանի որ խոսքը ռազմավարական ենթակառուցվածքի մասին է։
Երկաթուղու մասով Նարեկ Մինասյանը ասաց, որ տարածաշրջանում ընթանում է տնտեսական շահերի մրցակցություն, և բոլոր երկրները ձգտում են, որ հաղորդակցությունները անցնեն իրենց տարածքով։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է ակտիվորեն աշխատի, այդ թվում՝ ռուսական կողմի հետ խորհրդակցություններով, որպեսզի ստանա հստակ պատասխաններ ներդրումների և ժամկետների վերաբերյալ։ Եթե ներդրումներ չեն լինելու, պետք է հասկանալ՝ ինչ այլ լուծումներ կան, քանի որ սպասելու ժամանակը սահմանափակ է։
Քաղաքագետը նշեց նաև, որ տեսականորեն հնարավոր են տարբեր իրավական սցենարներ՝ կոնցեսիոն պայմանագրի վերանայումից մինչև մասնակի փոխանցումներ կամ նույնիսկ խզում, սակայն ամենառադիկալ տարբերակներից այս փուլում, իր կարծիքով, պետք է խուսափել և փորձել գտնել ավելի գործնական լուծումներ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
