21.8 C
Yerevan

Տնտե­սա­կան Նախագծե­րը Հավելյալ Անվտանգություն Են Բերում

Ներկա­յումս Միացյալ Նահանգնե­րում տեղի է ունե­նում արտա­քին քաղա­քա­կան առաջնա­հերթություննե­րի վերա­նա­յում, և բարե­բախտա­բար Հարա­վա­յին Կովկա­սը հայտնվել է ուշադրության կենտրո­նում։  

Նարեկ Մինասյան

FactorTV‑ն զրուցել է Հայկա­կան խորհրդի ասո­ցացված փորձա­գետ Նարեկ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության դիվերսիֆի­կացման ռազմա­վա­րությունը և տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության նոր մարտահրա­վերնե­րը: Փորձա­գետ Նարեկ Մինասյա­նը վերլուծում է Ադրբե­ջա­նում պահվող հայ ռազմա­գե­րի­նե­րի հարցը՝ տարանջա­տե­լով ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րությա­նը մյուս գերի­նե­րից և շեշտե­լով, որ այս խնդի­րը ստվե­րում է խաղա­ղության գործընթա­ցը։

Նարեկ Մինասյա­նը նշեց, որ հայ ռազմա­գե­րի­նե­րի խնդի­րը շարունա­կում է մնալ ամե­նազգա­յուն հարցե­րից մեկը և էակա­նո­րեն ստվե­րում է խաղա­ղության գործընթա­ցը։ Նրա խոսքով՝ քանի դեռ կան ռազմա­գե­րի­նե­րի և անհետ կորածնե­րի հարցեր, շատ դժվար է հասա­րակ քաղա­քա­ցուն համո­զել, որ խոսքը իրա­կան խաղա­ղության մասին է։ Մինասյա­նը դիտարկում է, որ Ադրբե­ջա­նում գոյություն ունի ռազմա­գե­րի­նե­րի երկու հիմնա­կան խմբի տարբե­րա­կում․ առա­ջի­նը՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րությունն է, երկրորդը՝ մյուս գերի­նե­րը։ Քաղա­քա­գե­տը կարծում է, որ երկրորդ խմբի ազատ արձակման հավա­նա­կա­նությունը մոտ ապա­գա­յում ավե­լի մեծ է, մինչդեռ առա­ջին խմբի վերա­բերյալ Ադրբե­ջա­նում արդեն ձևա­վորվել է ներքին քարոզչա­կան դաշտ, ինչը բարդացնում է նրանց վերա­դարձի հնա­րա­վո­րությունը։ Այդ հարցը չպետք է մոռացվի, և հայկա­կան կողմը պետք է հետև­ո­ղա­կա­նո­րեն այն առաջ տանի թե պետա­կան, թե քաղա­քա­ցիա­կան մակարդակնե­րում։ Նա նշեց, որ վերջերս արձա­նագրված արդյունքնե­րը, այդ թվում՝ չորս ռազմա­գե­րի­նե­րի ազատ արձա­կումը, ցույց են տալիս, որ գործընթա­ցը կարող է շարժվել առաջ, և իր համոզմամբ՝ հարցը վաղ թե ուշ կարգա­վորվե­լու է։

Քաղա­քա­գե­տը հավե­լեց, որ գերի­նե­րի հարցի լուծման համար երկկողմ ձևա­չափն ավե­լի արդյունա­վետ կարող է լինել, քանի որ ներկա­յիս միջազգա­յին հարա­բե­րություննե­րում ուժա­յին դասա­վո­րություննե­րը փոխվել են, իսկ երրորդ երկրնե­րի միջամտությունը հաճախ Ադրբե­ջա­նում ընկալվում է բացա­սա­կան և արդյունք չի տալիս։ Նա օրի­նակ բերեց, որ նույնիսկ բարձր մակարդա­կի միջազգա­յին բարձրա­ձայնումնե­րը հաճախ ավարտվում են դիրքո­րո­շումնե­րի պարզ ներկա­յացմամբ և առանց գործնա­կան արդյունքի։Հայաստանի լծակնե­րը սահմա­նա­փակ են, և հենց այդ պատճա­ռով երկխո­սությունն է միակ իրա­տե­սա­կան ճանա­պարհը։

Անդրա­դառնա­լով ԱՄՆ‑ի ներգրավվա­ծությա­նը՝ քաղա­քա­գետ Նարեկ Մինասյա­նը ասաց, որ ներկա­յումս Միացյալ Նահանգնե­րում տեղի է ունե­նում արտա­քին քաղա­քա­կան առաջնա­հերթություննե­րի վերա­նա­յում, և բարե­բախտա­բար Հարա­վա­յին Կովկա­սը հայտնվել է ուշադրության կենտրո­նում։ Նրա խոսքով՝ դեռ մեկ տարի առաջ կային մտա­հո­գություններ, որ տարա­ծաշրջա­նը կարող է չլի­նել ամե­րիկյան հետաքրքրություննե­րի մեջ, սակայն իրա­վի­ճա­կը հակա­ռակ ուղղությամբ զարգա­ցավ, այդ թվում՝ դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանքի շնորհիվ։

Մինասյա­նը նշեց, որ ԱՄՆ‑ը փորձում է մեծացնել իր տնտե­սա­կան և ենթա­կա­ռուցվածքա­յին ներկա­յությունը տարա­ծաշրջա­նում, ինչը հանգեցնում է նաև Հարա­վա­յին Կովկա­սի աշխարհա­քա­ղա­քա­կան կարև­ո­րության աճին։ Նա դիտարկում է, որ ներկա­յիս ամե­րիկյան վարչա­կազմը հաճախ առաջնորդվում է տնտե­սա­կան շահե­րով, և այդ տրա­մա­բա­նությամբ է կառուցում իր արտա­քին քաղա­քա­կա­նությունը տարբեր տարա­ծաշրջաննե­րում։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ տնտե­սա­կան նախագծե­րը կարող են ստեղծել նաև անվտանգա­յին հավելյալ երաշխիքներ, նույնիսկ եթե դրանք ուղղա­կի ռազմա­կան պարտա­վո­րություններ չեն ենթադրում։ Նա ընդգծեց, որ ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րի շրջա­նա­կում Հայաստա­նը ստո­րագրել է մի շարք հուշագրեր՝ կապի, արհեստա­կան բանա­կա­նության և այլ ոլորտնե­րում, և արդեն խոսվում է միլիարդա­վոր ներդրումնե­րի մասին։ Մինասյա­նը նշեց նաև, որ ամե­րիկյան ընկե­րություննե­րի ակտի­վությունը մեծա­նում է, և հետա­խուզա­կան անօ­դա­չու սարքե­րի վաճառքը Հայաստա­նին ևս այդ համա­գործակցության մաս է։

Նարեկ Մինասյա­նը հավե­լեց, որ Ադրբե­ջա­նը նույնպես ստա­ցել է իր «բոնուսնե­րը»՝ ԱՄՆ‑ի հետ հարա­բե­րություննե­րի խորացման տեսքով, այդ թվում՝ էներգե­տի­կա­յի և տեխնո­լո­գիա­կան ոլորտնե­րում համա­գործակցության պայմա­նա­վորվա­ծություննե­րով։ Նրա դիտարկմամբ՝ այս ամե­նը տարա­ծաշրջա­նի տնտե­սա­կան զարգա­ցումը տեղա­փո­խում է նոր հարթություն և ստեղծում է փոխա­դարձ շահագրգռվա­ծություն։

Խոսե­լով խաղա­ղության վերա­բերյալ կասկածնե­րի մասին՝ քաղա­քա­գե­տը ասաց, որ ոչ ոք չի պնդում, թե պետք է «վարդա­գույն ակնոցնե­րով» նայել գործընթա­ցին կամ թուլացնել զգո­նությունը։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նի ռազմա­վա­րությունը պետք է կենտրո­նա­նա երկու ուղղության վրա։ Առա­ջի­նը՝ սեփա­կան դիմադրունա­կության բարձրա­ցումն է՝ ռազմա­կան բարե­փո­խումնե­րի, նոր սպա­ռա­զի­նության ձեռքբերման և ռազմարդյունա­բե­րության զարգացման միջո­ցով։ Նա նշեց, որ այդ ուղղությամբ արդեն կան որոշ քայլեր և տեխնո­լո­գիա­կան համա­գործակցության հնա­րա­վո­րություններ։ Երկրորդ ուղղությունը խաղա­ղության «գնի» բարձրա­ցումն է՝ փոխա­դարձ տնտե­սա­կան նախագծե­րով և հաղորդակցություննե­րի ապաշրջա­փակմամբ, որպեսզի պատե­րազմի վերսկսումը Ադրբե­ջա­նի համար ունե­նա տնտե­սա­կան ռիսկեր, իսկ խաղա­ղությունը՝ հավելյալ շահեր։ Քաղա­քա­գե­տը կարծում է, որ հենց այս երկու ուղղություննե­րով հաջող աշխա­տանքը կարող է երկա­րա­ժամկետ դարձնել խաղա­ղությունը։

Անդրա­դառնա­լով հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րին՝ Նարեկ Մինասյա­նը նշեց, որտե­ղի է ունե­նում երկու փոփո­խություն՝ բովանդա­կա­յին և ձևա­կան։ Նրա խոսքով՝ եթե նախկի­նում համա­գործակցությունը հիմնա­կա­նում կառուցվում էր արժե­քա­յին հիմքե­րի վրա՝ ժողովրդա­վա­րություն, մարդու իրա­վունքներ և այլն, ապա այժմ առաջնա­հերթությունը տնտե­սա­կան շահն է։ Նա կարծում է, որ առա­ջի­կա տարի­նե­րին Վաշինգտո­նի համար հենց տնտե­սա­կան համա­գործակցությունն է լինե­լու գերա­կա։

Մինասյա­նը նաև ասաց, որ փոխվում է հարա­բե­րություննե­րի ձևը․ Հայաստա­նը օգնության սպա­ռո­ղից աստի­ճա­նա­բար դառնում է գործընկեր, որի հետ ԱՄՆ‑ը պատրաստ է կնքել պայմա­նագրեր, իրա­կա­նացնել ռազմա­կան գործարքներ և վաճա­ռել սպա­ռա­զի­նություն։ Նա ընդգծեց, որ անօ­դա­չունե­րի վաճառքը կատարվել է ռազմա­կան գործարքի շրջա­նա­կում, ոչ թե որպես օգնություն, և դա կարև­որ նախա­դեպ է հետա­գա­յի համար։

Անդրա­դառնա­լով ատո­մա­կա­յա­նի և երկա­թուղու թեմա­յին՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ Հայաստա­նը վարում է տնտե­սա­կան դիվերսիֆի­կացման քաղա­քա­կա­նություն։ Նրա խոսքով՝ արդեն ավե­լի­քան տասը տարի ռուսա­կան ընկե­րությունը կոնցե­սիոն կառա­վարման ներքո շահա­գործում է հայկա­կան երկա­թուղին, սակայն ներդրումնե­րի արդյունա­վե­տությունը հասա­րա­կության համարտե­սա­նե­լի չէ, և ենթա­կա­ռուցվածքնե­րը շարունա­կում են մնալ հնա­ցած։

Մինասյա­նը նշեց, որ եթե ի հայտ են գալիս այլընտրանքա­յին հնա­րա­վո­րություններ, բնա­կան է, որ ռուսա­կան կողմը կարող է անհանգստա­նալ իր դիրքե­րը կորցնե­լուց, սակայն Հայաստա­նը պետք է առաջնորդվի սեփա­կան շահե­րով։ Ատո­մա­կա­յա­նի հարցում, նրա խոսքով, պետք է հաշվի առնել ոչ միայն գինը, այլ նաև երկա­րա­ժամկետ քաղա­քա­կան կախվա­ծություննե­րի ռիսկե­րը, քանի որ խոսքը ռազմա­վա­րա­կան ենթա­կա­ռուցվածքի մասին է։

Երկա­թուղու մասով Նարեկ Մինասյա­նը ասաց, որ տարա­ծաշրջա­նում ընթա­նում է տնտե­սա­կան շահե­րի մրցակցություն, և բոլոր երկրնե­րը ձգտում են, որ հաղորդակցություննե­րը անցնեն իրենց տարածքով։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նը պետք է ակտի­վո­րեն աշխա­տի, այդ թվում՝ ռուսա­կան կողմի հետ խորհրդակցություննե­րով, որպեսզի ստա­նա հստակ պատասխաններ ներդրումնե­րի և ժամկետնե­րի վերա­բերյալ։ Եթե ներդրումներ չեն լինե­լու, պետք է հասկա­նալ՝ ինչ այլ լուծումներ կան, քանի որ սպա­սե­լու ժամա­նա­կը սահմա­նա­փակ է։

Քաղա­քա­գե­տը նշեց նաև, որ տեսա­կա­նո­րեն հնա­րա­վոր են տարբեր իրա­վա­կան սցե­նարներ՝ կոնցե­սիոն պայմա­նագրի վերա­նա­յումից մինչև մասնա­կի փոխանցումներ կամ նույնիսկ խզում, սակայն ամե­նա­ռա­դի­կալ տարբե­րակնե­րից այս փուլում, իր կարծի­քով, պետք է խուսա­փել և փորձել գտնել ավե­լի գործնա­կան լուծումներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ