Հստակ ասում է, որ այդ վարկանիշը ոչ այնքան ներհայաստանյան առումով է անհանգստացնող, այլ՝ միջազգային եւ մակաբերվում է, որ քիուեսթյան «փաթեթին» հակադրվելու դեպքում Դաշնակցությունը կենթարկվի «համընդհանուր եւ համատարած հալածանքների»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 19
ՀՅԴ Բյուրոյի առ 2001թ. ապրիլ 16 «Շրջաբերականի» հավելվածային մասում առկա է մի չափազանց կարեւոր հարցադրում: Քննարկելով ԼՂ կարգավորման քիուեսթյան «փաթեթին» համաձայնություն չտալու դեպքում Դաշնակցությանը սպասվող փորձությունների խնդիրը, տեքստի հեղինակաները նաեւ մտահոգություն են հայտնել, թե կուսակցությունը նման դիրքորոշմամբ կարող է «շրջանառության դնել» իր մասին «դեռեւս առկա տեռորիստական ծայրահեղական իմիջը՝ հաչս միջազգային հանրության» եւ արդյոք չի՞ վայելելու «նրանց համընդհանուր ու համատարած հալածանքը»:
Մինչ այդ «Շրջաբերականը» բավական թափանցիկ նկատել է տալիս, որ կարգավորման այդ տարբերակի մերժումը կհարուցի Դաշնակցության հանդեպ Հայաստանի իշխանությունների կոշտ վերաբերմունքը, ինչպես նաեւ քաղաքական այլ ուժերի բացասական կեցվածքը: Այս հարցադրմամբ ՀՅԴ Բյուրոն ընդունում է, որ կուսակցությունը «դեռեւս ունի տեռորիստական ծայրահեղական իմիջ»: Ընդ որում, հստակ ասում է, որ այդ վարկանիշը ոչ այնքան ներհայաստանյան առումով է անհանգստացնող, այլ՝ միջազգային եւ մակաբերվում է, որ քիուեսթյան «փաթեթին» հակադրվելու դեպքում Դաշնակցությունը կենթարկվի «համընդհանուր եւ համատարած հալածանքների»:
ՀՅԴ Բյուրոն ի՞նչ տեղեկատվության հիման վրա է նման հոռետեսական եզրակացության եկել: Կուսակցության պատասխանատուները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի, ներկայացուցիչների հետ, դիցուք՝ Երեւանում հավատարմագրված դեսպանատների մակարդակով, քննարկումներ ունեցե՞լ է, թե՞ «միջազգային համատարած եւ համընդհանուր հալածանքների ենթարկվելու» հավանականության մասին նրան ասել են Հայաստանի իշխանություննե՞րը: Եթե երկրորդ տարբերակն է, ապա Դաշնակցության Բյուրոյի «խորհրդատուն» ո՞վ էր, անմիջապես նախագահ Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Դաշնակցության ղեկավար մարմնի կողմից արված այս հարցադրումը, սակայն, շատ ավելի կարեւոր է այն առումով, որ այն իր նկատմամբ «համատարած եւ համընդհանուր հալածանքի» մասին է խոսում այն դեպքում, երբ ԼՂ կարգավորման քիուեսթյան «փաթեթը», մեղմ ասած, խիստ խնդրահարույց էր Իրանի, մասամբ նաեւ՝ Ռուսաստանի Դաշնության համար: Ըստ այդմ, Մոսկվայում եւ Թեհրանում ամենեւին էլ ուրախ չէին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ԼՂ կարգավորման համաձայնության հասնեն Միացյալ Նահանգների ուղղակի հովանավորությամբ՝ չխոսած այն մասին, որ Սյունիքի հարավում տարածքային կամ սուվերեն միջանցքների փոխանակման պարագային հայ-իրանական սահմանի կարգավիճակը «մնում էր օդում կախված», իսկ այնտեղ ծառայություն իրականացնող ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը՝ հայտնվում իրավական փակուղում:
Այս տրամաբանությամբ եւ հաշվի առնելով
Դաշնակցության ավանդական կողմնորոշումները, քիուեսթյան «փաթեթի» նրա կողմից մերժումը կուսակցության համար խնդիրներ կարող էր հարուցել ԱՄՆ-ում, գուցե նաեւ՝ Ֆրանսիայում, բայց ոչ երբեք՝ Իրանում: Դաշնակցությունը, կարծես, «Շրջաբերականի» այդ հարցադրմամբ «հրաժարիմք» է ասում Իրանին: Ինչու՞:
Վահրամ Աթանեսյան
