Նախորդ տարի դեսպանության դեմ կազմակերպված ցույցերը և պետական ներկայացուցիչների հանդեպ բացասական վերաբերմունքը, իր գնահատմամբ, ազդել են իրավիճակի վրա։ Այդ ուժը հաճախ առաջնորդվում է Երևանից ստացվող քաղաքական թելադրանքներով։
Մինաս Տեր-Հովհաննիսյան
1inTV‑ն զրուցել է հունահայ վերլուծաբան Մինաս Տեր-Հովհաննիսյանի հետ։ Զրույցում ներկայացվում են վերլուծաբանի մեկնաբանությունները ՀՀ նախագահի Հունաստան կատարած պաշտոնական այցի և տեղի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ: Հեղինակը հերքում է Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից հանդիպումը բոյկոտելու լուրերը՝ պնդելով, որ կուսակցությունն իր բացասական վարքագծի պատճառով պարզապես չէր հրավիրվել միջոցառմանը։
Մինաս Տեր-Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի նախագահի այցը Հունաստան կարևոր է, քանի որ շուրջ 15 տարվա ընդմիջումից հետո սա Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է այդ երկիր։ Պատվիրակության կազմում կան տարբեր պաշտոնյաներ, նախատեսվում են համագործակցության հուշագրեր՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև մշակութային ծրագրեր, այդ թվում՝ ցուցահանդես, որը ներկայացնում է հայկական քաղաքակրթությունն ու մշակույթը։ Վերլուծաբանը հավելեց, որ նախատեսված են նաև հանդիպումներ Հունաստանի ղեկավարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ։
Տեր-Հովհաննիսյանը անդրադառնալով Դաշնակցության կողմից հայտարարած բոյկոտին՝ նշեց, որ իրականում խոսքը բոյկոտի մասին չէ, քանի որ, ըստ նրա, այդ ուժը հանդիպմանը հրավիրված էլ չէր։ Նա ասաց, որ համայնքային կառույցների հետ նախագահի հանդիպումը անցել է շատ հաջող, նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության, բանակի արդիականացման և այլ հարցեր, պատասխանել է հարցերին, և հանդիպումը եղել է ջերմ մթնոլորտում։ Նրա խոսքով՝ մասնակցել են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, համայնքի ակտիվ դեմքեր և եկեղեցականներ։ Հայաստանում որոշ կայքեր չափազանցրել են իրավիճակը՝ «մի բաժակ ջրի մեջ փոթորիկ ստեղծելով», մինչդեռ, իր պնդմամբ, համայնքում նման լարված արձագանք չի եղել։ Նա կարծում է, որ այդպիսի քայլերը կարող են միայն ավելի մեկուսացնել տվյալ քաղաքական ուժին, և հավելեց, որ նույնիսկ այդ կուսակցության ներսում կան ավելի առողջ մտածողություն ունեցող մարդիկ, որոնք ամբողջությամբ չեն կիսում նման քաղաքականությունը։
Խոսելով պատճառների մասին՝ Մինաս Տեր-Հովհաննիսյանը նշեց, որ նախորդ տարի դեսպանության դեմ կազմակերպված ցույցերը և պետական ներկայացուցիչների հանդեպ բացասական վերաբերմունքը, իր գնահատմամբ, ազդել են իրավիճակի վրա։ Նա ասաց, որ այդ ուժը հաճախ առաջնորդվում է Երևանից ստացվող քաղաքական թելադրանքներով։ Տեր-Հովհաննիսյանը պատմական համեմատություն արեց՝ նշելով, որ շուրջ 70 տարի առաջ եկեղեցու պառակտումը ևս կապվում էր նույն քաղաքական ուժի հետ։ Նա կարծիք հայտնեց, որ այսօր Հայաստանը ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում իր քաղաքականությունը, պետական պաշտոնյաներին և արտաքին հարաբերությունները։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ վերլուծաբանը նշեց, որ որոշ քաղաքական ուժեր, իր կարծիքով, փորձում են արդարացնել Ռուսաստանի դերակատարությունը Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցած գործընթացներում։ Նա ասաց, որ Արցախի հարցում պատասխանատվությունը փորձում են տեղափոխել ներհայկական դաշտ, սակայն իր համոզմամբ՝ հիմնական դերակատարությունը եղել է արտաքին ուժերինը։ Նախկինում Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունները հաճախ հակասել են իրար․ մի կողմից պատրաստ չէին զիջումների, մյուս կողմից՝ չէին պատրաստվում պատերազմի, և հույսը դնում էին արտաքին ուժերի վրա։ Նրա գնահատմամբ՝ դեռ 2016 թվականի պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը մեծապես միայնակ է անվտանգության հարցում։ Նախկին իշխանությունների օրոք պետական կառույցների մի մասը տնտեսական ու էներգետիկ առումով կախված էր Ռուսաստանից, ինչն ազդում էր քաղաքական որոշումների վրա։ Ըստ նրա՝ 2020 թվականի պատերազմը վերաբերում էր ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանի վրա ճնշում գործադրելու ավելի լայն նպատակների։
Տեր Հովհաննիսյանը ասաց, որ Հայաստանի վարչապետը կարող է ընդունել ոչ պոպուլյար որոշումներ, եթե դրանք նպաստում են պետականության պահպանմանը։ Նա օրինակ բերեց նախկին ղեկավարներին՝ ընդգծելով, որ պետական գործիչները հաճախ առաջնորդվում են երկարաժամկետ տրամաբանությամբ, մինչդեռ հասարակությունը՝ ընտրական կարճաժամկետ հաշվարկներով։ Հայաստանը միատարր ազգ է և չունի էթնիկական փոքրամասնությունների վրա հիմնված ներքին հակադրությունների վտանգ, ուստի արտաքին ուժերը փորձում են ազդել այլ մեխանիզմներով։
Անդրադառնալով ներկա քաղաքական կուրսին՝ վերլուծաբանը նշեց, որ Հայաստանի իշխանությունը գործում է երեք հիմնական ուղղությամբ՝ տեսլական, անվտանգություն և սոցիալական արդարություն։ Նա ասաց, որ պաշտպանության ոլորտը դառնում է ավելի տեխնոլոգիական, իրականացվում է զինված ուժերի արդիականացում, ամրապնդվում են դիրքերը, և արտաքին քաղաքականությունը միտված է այնպիսի միջավայր ստեղծելուն, որ հակառակորդների համար պատերազմը դառնա ավելի ծախսատար, քան համագործակցությունը։Հայաստանը չի առաջ քաշում այնպիսի կարգախոսներ, որոնք տվյալ պահին իրատեսական չեն լուծելու, քանի որ դա կարող է երկիրը ներքաշել արտաքին ուժերի շահերից բխող պատերազմների մեջ։ Նրա համոզմամբ՝ առանց ուժեղ Հայաստանի հնարավոր չէ ունենալ ուժեղ Արցախ, սփյուռք կամ ազգային ինստիտուտներ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
