Միայն ժողովրդավարական ընտրություններով ձևավորված իշխանություն ունենալը բավարար չէ․ անհրաժեշտ է նաև արդյունավետ կառավարում և կարողություններ։
Տիգրան Եգորյան
1inTV‑ն զրուցել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որի շրջանակներում փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացնում է մասնագիտական խորհրդի աշխատանքների ներկա փուլը: Քննարկման առանցքում են պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու խստացված պահանջները, ինչն ըստ բանախոսի՝ ազգային անվտանգության և շահերի պաշտպանության կարևոր երաշխիք է:
Փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ սահմանադրական խորհրդի աշխատանքների ժամկետների մասին հստակ բան ասել չի կարող, սակայն հնարավոր է սեղմ ժամկետում ունենալ նախնական տեքստ, որը հետո կդրվի լայն քննարկման։ Նրա խոսքով՝ խորհուրդը վերջնական փաստաթուղթ չի ներկայացնում, այլ ձևավորում է մեկնարկային առաջարկ, որից հետո կսկսվեն հանրային ու մասնագիտական քննարկումները։ Նա ընդգծեց, որ աշխատանքները ինտենսիվ են ընթանում, գրեթե ամեն շաբաթ տեղի են ունենում հանդիպումներ, քննարկվում են տարբեր հոդվածներ, երբեմն որոշ հարցեր մի քանի նիստում են դիտարկվում՝ մինչև լրացուցիչ ուսումնասիրություններ կատարվեն։
Տիգրան Եգորյանը դիտարկեց, որ անկախության հռչակագրի կամ նախաբանի փոփոխության հարցը խորհրդում մինչ այժմ չի քննարկվել՝ հակառակ տարածված ասեկոսեների։ Նա ասաց, որ խորհուրդը ներկայում կենտրոնացած է հիմնական բովանդակային հարցերի վրա և այդ թեմայի շուրջ շահարկումները պետք է մերկացնել։
Եգորյանը նշեց, որ երկքաղաքացիության հարցը վաղուց է քննարկվել, և հաջողվել է պահպանել սկզբունքը, ըստ որի՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Նրա համոզմամբ՝ սա կարևոր է թե՛ անվտանգային, թե՛ արդյունավետ կառավարման տեսանկյունից, որովհետև պաշտոն ստանձնող անձի «վերջին հույսը» պետք է լինի Հայաստանը, և նա չպետք է ենթակա լինի այլ երկրի օրենսդրությանը կամ շահերին։ Նա հավելեց, որ այժմ քննարկվում է այդ պահանջը որոշ պաշտոնների համար նույնիսկ խստացնելու կամ տարածքը ընդլայնելու հնարավորությունը։

Տիգրան Եգորյանը նշեց, որ տարիքային շեմի հարցով վերջնական որոշում դեռ չկա։ Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է համայնքային ընտրություններին մասնակցության տարիքային շեմի փոփոխության հնարավորությունը, սակայն համապետական ընտրությունների մասով որոշում չի ընդունվել։
Փաստաբանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական շահարկումները պետք է գնահատել ավելի ռացիոնալ։ Նա հիշեցրեց, որ նախորդ փոփոխությունները նույնպես իրականացվել են հանրային գործընթացներով, դիտորդական առաքելություններով և հանրային քննարկումներով, թեև դրանց դեմ պայքարի բավարար կարողություն չի եղել։ Նրա կարծիքով՝ այսօր հասարակության վերահսկողության հնարավորությունները բազմապատկվել են, իսկ գործող իշխանությունը ընտրվել է ժողովրդավարական ընտրություններով և առայժմ չի ցուցաբերում վարքագիծ, որը կհուշի, թե փոփոխությունները արվում են նեղ քաղաքական նպատակներով։ Նա ընդգծեց, որ խորհրդի անդամները բաց են հանրային քննարկումների համար, իսկ պատրաստվող փաթեթը լինելու է միայն նախնական առաջարկ, որը կարող է էապես փոխվել քննությունների արդյունքում։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածուի թեմային՝ Եգորյանը նշեց, որ գործընթացում թափանցիկության մակարդակը բավարար չէ։ Նրա կարծիքով՝ ցանկալի կլինի, որ թեկնածուի առաջադրումից առաջ լինեն ավելի լայն հանրային քննարկումներ, ներկայացվեն ընտրության չափանիշները և պարզ լինի՝ ինչու է ընտրվել տվյալ թեկնածուն։ Նա կարևոր համարեց թեկնածուների բարեվարքությունը, մասնագիտական հեղինակությունը, փորձը, աշխարհայացքն ու իրավական մտածողության ուղղությունը, քանի որ Սահմանադրական դատարան ուղարկվում է մարդ, որը երկար տարիներ ազդեցություն է ունենալու իրավական համակարգի վրա։
Տիգրան Եգորյանը նշեց, որ իրավունքը նույնպես ունի քաղաքական բաղադրիչ, օրինակ՝ որոշումները սոցիալական կամ բարոյական հարցերի շուրջ։ Նրա համոզմամբ՝ վտանգավոր է ձևական «չեզոքությունը», և կարևոր է հասկանալ իրավաբանի իրավական քաղաքականության ընկալումը։ Միաժամանակ նա կարևորեց կուսակցական ազդեցության բացառումը թեկնածուների ընտրության ժամանակ և հավելեց, որ պետք է հաշվի առնել նաև գենդերային հավասարության սկզբունքը, քանի որ ներկայում դատարանում ընդամենը մեկ կին դատավոր կա։
Խոսելով վերջին կրակոցների և բռնության դեպքերի մասին՝ Տիգրան Եգորյանը նշեց, որ իրավապահ համակարգի թերացումները ակնհայտ են, և օպերատիվ մակարդակում ռիսկերի կառավարումը բավարար չէ։ Նա կարծում է, որ նման դեպքերը ցույց են տալիս համակարգային խնդիրներ՝ կապված կադրային քաղաքականության, կառավարման արդյունավետության, տարբեր մարմինների փոխգործակցության և ռեֆորմների արդյունավետության հետ։ Նրա խոսքով՝ միայն ժողովրդավարական ընտրություններով ձևավորված իշխանություն ունենալը բավարար չէ․ անհրաժեշտ է նաև արդյունավետ կառավարում և կարողություններ։
Եգորյանը դիտարկեց, որ խնդիրները փոխկապակցված են դատական, դատախազական, ոստիկանության և օպերատիվ ծառայությունների ռեֆորմների հետ, և դրանք չեն կարող լուծվել մեկ անձի հրահանգով։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ժամանակ, համակարգված աշխատանք և վերլուծական ռեսուրսների ներգրավում, ոչ թե պատահական նշանակումներ։ Նա ընդգծեց, որ կադրային ընտրության գործընթացները պետք է լինեն թափանցիկ և արդյունքահեն, որպեսզի պարզ լինի՝ ինչու է որևէ անձ նշանակվում պաշտոնում և ինչ արդյունք պետք է ապահովի։
Վերջում Տիգրան Եգորյանը անդրադարձավ «սուպերվարչապետության» թեմային՝ նշելով, որ խորհրդարանական համակարգում կարևոր է ճիշտ բալանս ապահովել մեծամասնության և փոքրամասնության միջև։ Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է ունենա բավարար գործունակություն, իսկ փոքրամասնությունը՝ արդյունավետ վերահսկողության գործիքներ, սակայն ոչ այնպիսիք, որոնք կխափանեն մեծամասնության քաղաքական կամքը։ Նա նշեց, որ քննարկվում են մեխանիզմներ՝ օրինակ յուրաքանչյուր խմբակցության համար Սահմանադրական դատարան դիմելու հնարավորության ընդլայնում, որպեսզի ուժեղացվի խորհրդարանական վերահսկողությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
