Իշխանությունները տեղեկություններ են ստանում հնարավոր փորձերի մասին՝ ընտրությունների վրա ազդեցություն ունենալու նպատակով արտերկրում բնակվող քաղաքացիների ներգրավման միջոցով։
Արայիկ Հարությունյան
AMGA TV‑ն զրուցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում Արայիկ Հարությունյանը ներկայացնում է «իրական Հայաստանի» հայեցակարգը՝ նպատակ ունենալով հակադարձել Սփյուռքում տարածված ապատեղեկատվությանը և պարզաբանել երկրի ներկայիս բարեփոխումները։ Հիմնական շեշտադրումն արվում է պետության և եկեղեցու հարաբերությունների վրա, որտեղ Հարությունյանը հերքում է կառավարության թշնամանքը հավատի հանդեպ՝ միաժամանակ քննադատելով որոշ հոգևոր առաջնորդների հակապետական գործունեությունը։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ իր այցի նպատակը Միացյալ Նահանգներում տարածված ապատեղեկատվությանը հակազդելն է և իրական Հայաստանը ներկայացնելը։ Նա ասաց, որ վերջին տարիներին Հայաստանում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և շատերը, այցելելով երկիր, վերադառնում են այլ պատկերացումով։ Հարությունյանը նաև ընդգծեց, որ առաջիկա ընտրությունների համատեքստում կարևոր է հայրենակիցներին ներկայացնել իրական գործընթացները և ազատել նրանց ապատեղեկատվությունից։
Նա նշեց, որ եկեղեցու և պետության միջև պայքար չկա․ ըստ Արայիկ Հարությունյանի՝ խնդիրը որոշ եկեղեցական ղեկավարների գործունեությունն է, որը, նրա գնահատմամբ, հակապետական բնույթ ունի։ Հարությունյանը դիտարկեց, որ պատերազմից հետո եկեղեցու կողմից կառավարության հրաժարականի պահանջը արտառոց քայլ էր, իսկ հետագա հայտարարությունները՝ կառավարությանչ ճանաչման մասին, ևս գնահատվում են որպես քաղաքական միջամտություն։ Նա հավելեց, որ պետությունը չի կարող հանդուրժել «պետության մեջ պետություն» իրավիճակ և անհրաժեշտ է հանգիստ ճանապարհով հասնել հանգուցալուծման՝ ունենալով իրական հոգևորականներ և ղեկավարություն։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրավապահ մարմինները գործում են իրենց լիազորությունների շրջանակում և որևէ քաղաքական միջամտություն չկա։ Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային կառույցների կողմից արձանագրում է առաջընթաց իրավական համակարգի և խոսքի ազատության ոլորտներում, և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է։
Խոսելով ընտրությունների մասին՝ Հարությունյանը վստահություն հայտնեց, որ դրանք կլինեն ազատ և արդար։ Նա ասաց, որ նույնիսկ 2021 թվականի բարդ հետպատերազմյան պայմաններում իշխանությունը թույլ չի տվել կեղծել որևէ քվեաթերթիկ, և նույն սկզբունքով են առաջնորդվելու նաև առաջիկա ընտրությունների ժամանակ։
Հայաստանը, ինչպես շատ երկրներ, ենթարկվում է հիբրիդային սպառնալիքների՝ ապատեղեկատվության և կիբերհարձակումների տեսքով։ Արայիկ Հարությունյանը դիտարկեց, որ այդ պատճառով Հայաստանը համագործակցում է միջազգային գործընկերների, այդ թվում եվրոպական կառույցների հետ՝ ինստիտուտների դիմակայունությունը բարձրացնելու համար։ Նրա խոսքով՝ սա բնական պրակտիկա է, և նման աջակցություն ստանում են բազմաթիվ երկրներ։
Հարությունյանը նշեց, որ իշխանությունները տեղեկություններ են ստանում հնարավոր փորձերի մասին՝ ընտրությունների վրա ազդեցություն ունենալու նպատակով արտերկրում բնակվող քաղաքացիների ներգրավման միջոցով։ Նա ասաց, որ կառավարությունը ուսումնասիրում է իրավիճակը և անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի, իսկ հանրությանը կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին՝ պահպանելու խաղաղությունը և կայունությունը։
Տնտեսական ծրագրերի մասին խոսելիս՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ ամերիկյան ներդրումային ծրագրերը կարող են մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա՝ բերելով ներդրումներ և տեխնոլոգիաներ։ Նրա գնահատմամբ՝ Միացյալ Նահանգների հետ համագործակցության խորացումը նաև քաղաքական նշանակություն ունի և Հայաստանին դարձնում է ավելի վստահելի գործընկեր այլ ներդրողների համար։ Նա հավելեց, որ արդեն իսկ տնտեսությունը բարձր աճ է արձանագրում, և դրական մթնոլորտը պայմանավորված է վերջին համաձայնագրերով և քաղաքական քայլերով։
Արայիկ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ ԱՄՆ-ում իշխանությունների հնարավոր փոփոխությունը չի խաթարի հարաբերությունները, քանի որ ԱՄՆ‑ը համակարգային պետություն է, իսկ ներդրումային ծրագրերը երկարաժամկետ բնույթ ունեն։ Նա նշեց, որ Հայաստանը կառուցում է այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն հարաբերությունների շարունակական զարգացումը՝ անկախ քաղաքական փոփոխություններից։
Անվտանգության թեմայով նա ասաց, որ վերջինշրջանում սահմանին զոհեր չեն եղել, ինչը, ըստ նրա, աննախադեպ իրավիճակ է։ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները որոշում են կայացրել շարժվել խաղաղության ճանապարհով, իսկ ստորագրված փաստաթղթերը և միջազգային ներգրավվածությունը լրացուցիչ երաշխիքներ են ստեղծում գործընթացների անշրջելիության համար։ Նա նաև նշեց, որ տրանսպորտային կապերի բացումը, առևտրի զարգացումը և գերիների վերադարձը ևս խոսում են դրական գործընթացների մասին։
Արայիկ Հարությունյանը ընդգծեց, որ կառավարությունն ու պաշտպանության նախարարությունը շարունակում են աշխատել բանակի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ, իսկ արտաքին քաղաքականությունը նպատակ ունի բացառել պատերազմի հավանականությունը։ Նրա խոսքով՝ խաղաղությունը պետք է պահպանել և զարգացնել՝ բոլոր ներքին և արտաքին քայլերը ուղղելով այդ նպատակին։
Արտաքին քաղաքականության մասին խոսելիս՝ նա բարձր գնահատեց արտաքին գործերի նախարարի աշխատանքը և նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը ռազմավարական համագործակցության փաստաթղթեր է ստորագրել մի շարք խոշոր երկրների հետ։ Հարությունյանը կարծում է, որ այս գործընթացները նպաստում են նոր դաշնակիցների ձեռքբերմանը և հնարավոր խնդիրների դեպքում միջազգային աջակցություն ունենալուն։

Ապագայի տեսլականի մասին Արայիկ Հարությունյանը նշեց, որ 10 տարի հետո Հայաստանը պետք է լինի խաղաղ, զարգացող և սոցիալ-տնտեսապես բարեկեցիկ երկիր։ Նա ասաց, որ մեծ ներդրումներ են արվում կրթության, ենթակառուցվածքների, դպրոցների և մանկապարտեզների կառուցման մեջ, ինչպես նաև ստեղծվելու է ակադեմիական քաղաք, որը կբարձրացնի համալսարանների մակարդակը միջազգային չափանիշներին։ Նրա խոսքով՝ նպատակն է Հայաստանը դարձնել միջին եվրոպական երկրի մակարդակի հարմար և ապահով պետություն՝ նաև օտարերկրացիների համար գրավիչ։
Վերջում Արայիկ Հարությունյանը դիմեց սփյուռքի հայրենակիցներին՝ կոչ անելով ակտիվ կապ պահպանել Հայաստանի հետ, հաճախ այցելել, ներդրումներ անել և հնարավորության դեպքում հաստատվել հայրենիքում։ Նա նշեց, որ իշխանության ռազմավարական նպատակներից մեկն է մինչև 2050 թվականը ունենալ 5 միլիոն բնակչություն, և դրա լավագույն միջոցը ներգաղթն է։ Հարությունյանը հավելեց, որ արդեն արձանագրվել է միտում, երբ տարվա ընթացքում ավելի շատ քաղաքացիներ վերադարձել են Հայաստան, քան հեռացել, ինչը, նրա խոսքով, վկայում է երկրի զարգացման ճիշտ ուղղության մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
