Ընդդիմությունը կարևոր դեր ունի՝ վերահսկելու իշխանությանը, սակայն այս դեպքում թեման շեղեց ուշադրությունը շատ ավելի լուրջ խնդիրներից։
Տիգրան Հակոբյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի տեղեկատվական անվտանգության մարտահրավերները և հեռուստառադիոհանձնաժողովի դերը մեդիա դաշտի կարգավորման գործում: Տիգրան Հակոբյանը պարզաբանում է քաղաքական զսպվածության և չեզոքության միջև առկա սկզբունքային տարբերությունը՝ պաշտպանելով Հակոբ Մովսեսի արժանապատվությունը քաղաքական շահարկումներից: Զրույցի առանցքում են նաև օրենսդրական բարեփոխումները, որոնք նպատակ ունեն վերահսկել օտարերկրյա հեռուստաալիքների կողմից տարածվող ատելության խոսքն ու ապատեղեկատվությունը:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ չի կարծում՝ հանձնաժողովի անդամի շուրջ ծավալված պատմությունը պետք է նման մեծ նշանակություն ունենար Հայաստանի համար։ Նրա դիտարկմամբ՝ եթե խորհրդարանը երկու օր շարունակ քննարկում է Հակոբ Մովսեսի մի քանի արտահայտություն, դա ավելի շատ խոսում է հարցը բարձրացողների որակի մասին։ Հակոբյանը հիշեցրեց, որ Հակոբ Մովսեսը հայտնի մտավորական է՝ փիլիսոփա, թարգմանիչ, գրող և հասարակական գործիչ, որը պարզապես թեթև քննադատական գնահատական էր տվել, սակայն դա վերածվեց լուրջ բախման։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը ասաց, որ օրենքում հստակ նշված է՝ հանձնաժողովի անդամը պետք է դրսևորի քաղաքական զսպվածություն, ոչ թե չեզոքություն։ Նրա խոսքով՝ այս երկու հասկացությունները խառնվել են․ զսպվածությունը վերաբերում է արտահայտման ձևին ու ոճին, մինչդեռ չեզոքությունը նշանակում է ընդհանրապես դիրքորոշում չունենալ։ Հակոբյանը կարծում է, որորևէ մեկը չի կարող մեղադրել Հակոբ Մովսեսին անզուսպ լինելու մեջ, և ընդգծեց, որ նույնիսկ եթե վրիպում եղել է, արձագանքը անհամաչափ էր։Ցավալի է, երբ տարիքով ու փորձով մեծ ներդրում ունեցած մարդու մասին պատգամավորները խոսում են անհարգալից տոնով։ Նրա համոզմամբ՝ նման վերաբերմունքը հատկապես անընդունելի է այն քաղաքական ուժերի կողմից, որոնք խոսում են ավանդական արժեքներից։ Նա հավելեց, որ ընդդիմությունը կարևոր դեր ունի՝ վերահսկելու իշխանությանը, սակայն այս դեպքում թեման շեղեց ուշադրությունը շատ ավելի լուրջ խնդիրներից։
Հակոբյանի խոսքով՝ եթե օրենքում առկա նորմը տարընթերցումների տեղիք է տալիս, ապա Ազգային ժողովը կարող է այն հստակեցնել օրենսդրական փոփոխություններով։ Նա ընդգծեց, որ հանձնաժողովը բազմիցս ներկայացրել է տարեկան զեկույցներ՝ տեղեկատվական դաշտը առողջացնելու առաջարկներով, սակայն դրանք երբեք նման բուռն քննարկման չեն արժանացել, ինչն իր համար իրական ցուցիչ է քաղաքական հետաքրքրվածության մակարդակի։
Տիգրան Հակոբյանը անդրադարձավ նաև խոսքի ազատության թեմային՝ նշելով, որ Հայաստանում հաճախ սխալ պատկերացում կա դրա մասին։ Նրա կարծիքով՝ խոսքի ազատությունը ինքնին ոչ արդարություն է, ոչ օբյեկտիվություն, այլ ընդամենը իրավունք, որը կարող է օգտագործվել ինչպես կառուցողական, այնպես էլ վնասակար ձևով։ Նա դիտարկում է, որ ապատեղեկատվությունը, արժանապատվությունը վիրավորող խոսքը կամ քարոզչությունը հաճախ արդարացվում են հենց խոսքի ազատությամբ, ինչը խնդիր է։
Հակոբյանը նշեց, որ մեդիայի ինքնակարգավորումը Հայաստանում արդյունավետ չի գործում, իսկ լրատվամիջոցների մի մասը այլևս չի գործում որպես իրական բիզնես և կախված է տարբեր ֆինանսական աղբյուրներից։ Նրա համոզմամբ՝ լրատվական դաշտում անհրաժեշտ է թափանցիկություն՝ պարզ լինի, թե ով է ֆինանսավորում մեդիան, ինչպես ընդունված է շատ երկրներում։
Նա նաև ընդգծեց, որ ամբողջ տեղեկատվական դաշտը կարգավորել տեխնիկապես անհնար է, հատկապես համացանցի պայմաններում, որտեղ բովանդակություն ստեղծում ու տարածում են միլիոնավոր մարդիկ։ Այդ պատճառով, Տիգրան Հակոբյանը կարևորում է հատկապես այն հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների կարգավորումը, որոնք գործում են լիցենզավորված դաշտում և պարտավորություններ ունեն պետության ու հասարակության առաջ։
Հակոբյանը զգուշացրեց նաև արհեստական բանականությամբ ստեղծվող սինթետիկ բովանդակության, դիփֆեյքերի և մանիպուլյատիվ հոսքերի վտանգների մասին՝ նշելով, որ դրանք կարող են լուրջ ազդեցություն ունենալ հատկապես անչափահասների վրա։ Նրա խոսքով՝ հասարակությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է կարգ ու կանոն այս ոլորտում, ինչը կապ չունի խոսքի ազատությունը սահմանափակելու հետ։
Վերջում Տիգրան Հակոբյանը ներկայացրեց նոր օրենսդրական նախաձեռնության նպատակը՝ հավասարեցնել հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների և ցանցային օպերատորների փաթեթներով վերահեռարձակվող ալիքների պատասխանատվությունը։ Նա նշեց, որ այսօր հանձնաժողովը գործիքներ չունի դադարեցնելու արտերկրյա ալիքի վերահեռարձակումը նույնիսկ այն դեպքում, երբ այնտեղ հնչում են բռնության կոչեր կամ Հայաստանի օրենսդրությանը հակասող բովանդակություն։ Նոր օրենքով, նրա խոսքով, հնարավոր կլինի պահանջել համապատասխան պայմանագրեր, նախազգուշացումներ կիրառել և կրկնվող խախտումների դեպքում կասեցնել այդ ալիքների հեռարձակումը՝ ելնելով երկրի տեղեկատվական անվտանգության և հասարակության շահերից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
