Արդեն ինքնին այն փաստը, որ երկաթուղու թեմայով խոսում է անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա, վկայում է, որ հարցը դիտարկվում է ռազմավարական և անվտանգության հարթությունում։
Գայանե Աբրահամյան
Factor TV‑ն զրուցել է Հանուն հավասար իրավունքների կենտրոն ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի դիվերսիֆիկացման ջանքերը և դրանից բխող աշխարհաքաղաքական լարվածությունը, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Հիմնական շեշտադրումը կատարվում է երկաթուղային համակարգի և ատոմակայանի նկատմամբ վերահսկողության վրա, որտեղ ռուսական կողմի սպառնալից հռետորաբանությունը դիտվում է որպես խոչընդոտ Հայաստանի տնտեսական ապաշրջափակման և ինքնիշխանության ամրապնդման համար։ Գայանե Աբրահամյանը հիմնավորում է, որ արևմտյան տեխնոլոգիաների և ներդրումների ներգրավումը կենսական է, քանի որ Ռուսաստանի հետ նախկին կախվածությունը չի ապահովել ո՛չ անվտանգություն, ո՛չ էլ զարգացում։
Գայանե Աբրահամյանը անդրադառնալով Հայաստանի շուրջ ակտիվ զարգացումներին՝ նշեց, որ դրանք վկայում են երկրի նկատմամբ աճող միջազգային հետաքրքրության մասին։ Նրա գնահատմամբ՝ հատկապես ԱՄՆ փոխնախագահի այցը կարևոր էր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով։ Աբրահամյանը կարծում է, որ այդ այցը Հայաստանին հստակ տեղադրեց տնտեսական քարտեզի վրա և ուղերձ դարձավ միջազգային, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար, որ Հայաստանը ոչ միայն ունի մարդկային ներուժ, այլ նաև վստահելի գործընկեր է։ Նա ընդգծեց, որ սա կարևոր է նաև խաղաղության օրակարգի ամրապնդման տեսանկյունից։

Անդրադառնալով Ռուսաստանի արձագանքներին՝ Գայանե Աբրահամյանը նշեց, որ հատկապես Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությունները մտահոգիչ են։ Նրա խոսքով՝ արդեն ինքնին այն փաստը, որ երկաթուղու թեմայով խոսում է անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա, վկայում է, որ հարցը դիտարկվում է ռազմավարական և անվտանգության հարթությունում։ Աբրահամյանը սա գնահատում է որպես սպառնալից հռետորաբանություն և ընդգծում, որ Հայաստանը պետք է ունենա հստակ այլընտրանքային ծրագրեր։
Նա հիշեցրեց, որ դեռ 2018–2019 թվականներին հարուցված քրեական գործերի շրջանակում բացահայտվել էին լուրջ չարաշահումներ, այդ թվում՝ շուրջ 60 միլիոն դոլարի ներդրումների չկատարման դեպքեր։ Աբրահամյանը նշեց, որ երկաթուղային համակարգը տարիներ շարունակ չի արդիականացվել, մինչդեռ պետությունը շարունակում է սուբսիդավորել այն։ Նրա համոզմամբ՝ եթե Երևան-Թբիլիսի ճանապարհը տևում է 8–9 ժամ, դա վկայում է ոչ մրցունակ համակարգի մասին, որը կարող էր շահութաբեր լինել համապատասխան ներդրումների դեպքում։
Գայանե Աբրահամյանը դիտարկում է նաև կոնցեսիոն կառավարման վերանայման հնարավորությունը։ Նա ընդգծեց, որ երկաթուղին պետական սեփականություն է, և ի տարբերություն այլ ոլորտների, այստեղ կառավարիչը պարզապես կառավարման իրավունք ունի։ Նրա խոսքով՝ եթե ներդրումներ չեն իրականացվում և համակարգը չի արդիականացվում, ապա պետությունը պետք է քննարկի կառավարման վերադարձը կամ այլ գործընկերոջ ներգրավումը, նույնիսկ եթե դա կարող է լարվածություն առաջացնել Ռուսաստանի հետ։ Սակայն նա շեշտեց, որ նման առճակատումը ցանկալի չէ, և անհրաժեշտ է փորձել բանակցային լուծումներ գտնել, այդ թվում՝ այլ միջազգային դերակատարների միջնորդությամբ։

Ատոմակայանի թեմային անդրադառնալով՝ Աբրահամյանը նշեց, որ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների շուրջ տարածված թեզերը, թե դրանք «փորձարկված չեն», փաստացի կրկնում են ռուսական պաշտոնական խոսույթը։ Նա հիշեցրեց, որ միջուկային տեխնոլոգիաների փոխանցումը խիստ վերահսկվող գործընթաց է, և նման համագործակցությունը ինքնին բարդ է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը բնականաբար շահագրգռված չէ կորցնել ևս մեկ լծակ Հայաստանում։
Տրանսպորտային նախագծերի շուրջ քննարկումներում Գայանե Աբրահամյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը դեռ 2021 թվականից առաջ է քաշել ինքնիշխանության պահպանման սկզբունքը՝ շեշտելով, որ որևէ ճանապարհ պետք է լինի հայկական իրավազորության ներքո։ Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9‑ի հայտարարությունից հետո Հայաստանը բախվեց անվտանգային լուրջ խնդիրների, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի հարձակմանը, և ըստ նրա՝ Ռուսաստանը չիրականացրեց ակնկալվող պարտավորությունները։ Աբրահամյանի դիտարկմամբ՝ ռուսական կողմը հաճախ չի իրականացնում ինքնաքննադատություն, սակայն շարունակում է պահանջներ ներկայացնել։
Նա նաև կարծիք հայտնեց, որ եթե երկաթուղին մնա ռուսական կառավարման ներքո, ապա արևմտյան ֆինանսական կառույցները կարող են խուսափել ներդրումներից՝ հաշվի առնելով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները և ԵՄ–ՌԴ հարաբերությունները։ Այդ պատճառով, Աբրահամյանի համոզմամբ, կառավարման դիվերսիֆիկացիան կարող է ավելի արդյունավետ լուծում լինել։
Ընտրական գործընթացների և արտաքին ազդեցությունների մասին խոսելով՝ Գայանե Աբրահամյանը անդրադարձավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝«մոլդովական սցենարի» վերաբերյալ։ Նա նշեց, որ նման ձևակերպումները փորձ են՝ կանխավ անվստահություն սերմանելու ընտրական գործընթացների նկատմամբ։ Աբրահամյանը զգուշացրեց, որ եթե իշխանության գան բացահայտ պրոռուսական ուժեր, ապա Հայաստանը կարող է կանգնել ինքնիշխանության կորստի և խաղաղության գործընթացի տապալման վտանգի առաջ։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի հետ սերտ կապ ունեցող գործիչները օբյեկտիվորեն կախված են այդ համակարգից, և դժվար է պատկերացնել, որ նրանք կկարողանան վարել լիարժեք ինքնուրույն քաղաքականություն։ Աբրահամյանը նշեց, որՌուսաստանի քաղաքական համակարգում խոշոր բիզնեսը չի կարող գոյատևել առանց իշխանության հետ սերտ կապերի, և սա ազդում է քաղաքական որոշումների վրա։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Գայանե Աբրահամյանը շեշտեց, որ արժանապատվության մասին խոսելը ռուսական ազդեցության տիրույթում, իր կարծիքով, անհամատեղելի է իրական քաղաքական փորձի հետ։ Նա ընդգծեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը Ռուսաստանի հետ ունեն ավելի լայն համընկնումներ, քան Հայաստանի շահերը, և այդ պայմաններում Հայաստանը կարող է վերածվել գործիքային տարրի։
Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը շարունակում է կոշտ մնալ, սակայն ամերիկյան ներգրավվածությունը և խաղաղության օրակարգը, իր դիտարկմամբ, հանդիսանում են զսպող գործոններ։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանը վերադառնա նոյեմբերի 9‑ի տրամաբանությանը և ռուսական լիարժեք ազդեցության տիրույթ, ապա այդ զսպող մեխանիզմը կարող է չգործել։
Եզրափակելով՝ ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ թեև գործող իշխանությունների նկատմամբ հասարակական դժգոհություն կարող է լինել, սակայն արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ շրջադարձը դեպի ռուսական ազդեցության դաշտ, նրա կարծիքով, կարող է ունենալ գոյութենական հետևանքներ Հայաստանի համար։
