Ժամանակակից աշխարհում անվտանգությունը մեծապես կախված է նաև միջազգային ցանցային դաշինքներից։ Նախկինում Հայաստանը վստահում էր նման համակարգերի, սակայն դրանք գործնականում չեն աշխատել։
Հովսեփ Խուրշուդյան
1inTV‑ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ‑ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված մարտահրավերները, որոնք բխում են Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքական և տնտեսական ճնշումներից։ Ըստ Խուրշուդյանի՝Մոսկվան օգտագործում է տեղական «հինգերորդ շարասյանը» և Ադրբեջանի հետ ստվերային պայմանավորվածությունները, որպեսզի խոչընդոտի Հայաստանի մերձեցումը Արևմուտքին։
Հովսեփ Խորշուդյանը հիշեցրեց, որ նախկինում բազմիցս ասել է՝ Ռուսաստանն ունի երեք հիմնական գործիք Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Նրա խոսքով՝ առաջինը տնտեսական կախվածությունն է, որը պարբերաբար օգտագործվել է որպես ճնշման միջոց։ Նա նշեց, որ այժմ այդ գործիքի կիրառումը սահմանափակ է, քանի որ Հայաստանի կողմից հնչել են հակաքայլերի մասին ազդակներ։ Երկրորդ գործիքը Ադրբեջանն էր, որը երկար ժամանակ օգտագործվում էր որպես ճնշման լծակ Հայաստանի նկատմամբ։ Սակայն, նրա կարծիքով, այժմ իրավիճակը փոխվել է, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը ստացել է այն, ինչ անհրաժեշտ էր, և այլևս չի շտապում կատարել Ռուսաստանի հետ ունեցած պայմանավորվածությունները։
Խորշուդյանը հավելեց, որ այս պայմաններում Ռուսաստանի հիմնական լծակը Հայաստանում մնացել են այն քաղաքական ուժերը, որոնք, իր գնահատմամբ, հանդես են գալիս ռուսական շահերին համահունչ դիրքերից։ Նա նշեց, որ այդ ուժերը տարբեր շարժառիթներով են գործում՝ ոմանք իշխանության հասնելու նպատակով, ոմանք՝ անվտանգության կամ քաղաքական հաշվարկների պատճառով, իսկ մի մասը՝ գաղափարական ռուսամետությունից ելնելով։

Հովսեփ Խորշուդյանը նաև անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին՝ նշելով, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում նկատվում է լարվածություն։ Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, դա կարող է դիտվել որպես Ռուսաստանի համար կարևոր սահմանագիծ։ Նա կարծիք հայտնեց, որ նախկինում եղել է պայմանավորվածություն, ըստ որի Ռուսաստանը աջակցել է Ադրբեջանին Արցախում, իսկ Ադրբեջանը պետք է հետագայում աջակցեր Հայաստանի վրա ճնշումների ավելացմանը։ Սակայն այժմ, ըստ Խորշուդյանի, այդ փոխադարձ սպասումները լիովին չեն իրականանում։
Խորշոդյանը նաև հիշեցրեց, որ Ռուսաստանի խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցավ Արցախի հայ բնակչության բռնագաղթը, ինչը, նրա համոզմամբ, ցույց տվեց անվտանգության նախկին համակարգերի անկարողությունը։ Նա նշեց, որ այս ամենից հետո Ռուսաստանը ակնկալում էր ավելի մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի տարածքում, այդ թվում՝ ենթակառուցվածքների վերահսկողության միջոցով։
Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ Խորշուդյանը դիտարկեց, որ Հայաստանում գործող ռուսամետ քաղաքական խոսույթը տարածվում է ինչպես տեղական ուժերի, այնպես էլ ռուսական մեդիա և տեղեկատվական հարթակների միջոցով։ Նրա համոզմամբ՝ հասարակությունը աստիճանաբար ավելի լավ է հասկանում այդ գործընթացները։
Խորշուդյանը նաև խոսեց անվտանգային ընտրությունների մասին։ Նա նշեց, որ Հայաստանը չի կարող իր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում հենվել այլընտրանքային կենտրոնների վրա՝ բացի արևմտյան ուղղությունից։ Նրա խոսքով՝ համագործակցությունը Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ կարող է նպաստել ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման ապահովմանը։ Միևնույն ժամանակ նա հավելեց, որ Չինաստանի հետ համագործակցությունը հնարավոր է, սակայն Չինաստանը սովորաբար ֆինանսական աջակցություն տրամադրում է սեփական շահերի խիստ հաշվարկով, և դա չի կարելի համեմատել եվրոպական աջակցության մեխանիզմների հետ։Նույնիսկ ուժեղ բանակ ունենալու դեպքում Հայաստանը միայնակ չի կարող հավասարակշռել տարածաշրջանային ռազմական անհավասարությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ներուժը։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում անվտանգությունը մեծապես կախված է նաև միջազգային ցանցային դաշինքներից։ Նախկինում Հայաստանը վստահում էր նման համակարգերի, սակայն դրանք գործնականում չեն աշխատել։ Խորշուդյանի խոսքով՝ օրինակ՝ ՀԱՊԿ‑ը պատրաստակամություն չի ցուցաբերել միջամտելու նույնիսկ անդամ երկրների միջև բախումների դեպքում, ինչը կասկածի տակ է դնում այդ կառույցի արդյունավետությունը։
Հայ հասարակությանը այլևս դժվար է մոլորեցնել արտաքին քաղաքական կեղծ ընտրություններով։ Սակայն նա նաև զգուշացրեց, որ ներքաղաքական դժգոհությունը կարող է օգտագործվել տարբեր ուժերի կողմից։ Նրա կարծիքով՝ ժողովրդավարական և արևմտամետ քաղաքական ուժերը պետք է իրական այլընտրանք առաջարկեն հասարակությանը, որպեսզի դժգոհ ընտրողները չդառնան մանիպուլյացիաների զոհ։
Անդրադառնալով ռուսական տնտեսությանը՝ Խորշուդյանը նշեց, որ մի շարք խոշոր պետական ընկերություններ արդեն ֆինանսական խնդիրներ ունեն, և դա վկայում է համակարգային դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ նավթի գների անկումը, զեղչերով վաճառքը և սահմանափակումները լուրջ ազդեցություն են ունենում Ռուսաստանի տնտեսական կայունության վրա։ Հայաստանի իշխանությունները փորձում են խուսափել կտրուկ քայլերից Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ սպասելով, որ որոշ խնդիրներ ժամանակի ընթացքում ինքնին կլուծվեն։ Նա ընդգծեց, որ չի կարող միանշանակ ասել՝ այդ մոտեցումը որքան արդյունավետ է, սակայն նկատելի է, որ արևմտյան գործընկերներն էլ առայժմ բավարարված են ընթացիկ աստիճանական զարգացումներով։
Հայաստանին անհրաժեշտ է նաև ներքին կառավարման և կադրային քաղաքականության համապատասխանեցում՝ արևմտյան երկրների հետ ընդլայնվող համագործակցության պահանջներին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
