Կայուն տպավորություն կա, թե Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքները սահմանվել են այնպես, որպեսզի նախկին ԼՂԻՄ հասկացությունը իրավա-քաղաքական իմաստով քննարկման թեմա չլինի։
Վահրամ Աթանեսյան
Մաս 20
«Իսկ (քիուեսթյան) համաձայնության ձախողության գործում հաջողություն ունենալու պարագային հնարավոր չե՞նք դարձնելու արհեստական պատերազմի հավանականությունը, որի արդյունքը լավագույն դեպքում լինելու է այն՝ ինչ լինելու է այս նոր տարբերակով նշվածը (Լաչինի միջանցքից զատ ԼՂ շուրջ մյուս բոլոր տարածքների կորուստ), բայց արդեն որպես ներկա պատերազմում պարտված կողմին պարտադրված պայմաններ»:
Որքան էլ արտառոց չհնչի, մեջբերումը ՀՅԴ Բյուրոյի 2001թ. ապրիլի 16‑ի «Շրջաբերականի» հավելվածից է: Դաշնակցության բարձրագույն ղեկավար մարմինն, ընդ որում, այս հարցադրման գոյության իրավունքը հիմնավորում է այսպես. «Մինչ այժմ ոչ ԼՂՀ‑ն, ոչ էլ ՀՀ‑ն ազատագրված տարածքները իրենց գերիշխանության մաս չեն հայտարարել, իսկ Ղարաբաղը թե իր միացումը ՀՀ հետ եւ թե իր անկախությունը հայտարարել է ԼՂԻՄ ‑ի սահմաններով»:
Այստեղ թույլ է տրված կոպիտ սխալ. Լեռնային Ղարաբաղի եւ ՀԽՍՀ միավորման մասին 1989թ. դեկտեմբերի 1‑ի որոշումը շոշափում է նաեւ Շահումյանի շրջանի եւ Գետաշենի գյուղախմբի խնդիրը, իրավաբանորեն միացյալ Հայաստանը պարտավորվում է ներկայացնել տեղի բնակչության շահերը: Իսկ 1991թ. սեպտեմբերի 2‑ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել նախկին ԼՂԻՄ‑ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում: Այդ ակտի ընդունումից տասը տարի հետո, պարզվում է, Հայաստանի ամենաազգային կուսակցությունը՝ ՀՅԴ‑ն, արդեն պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի թե Հայաստանին միացումը, թե անկախության հռչակումը տեղի է ունեցել բացառապես նախկին ԼՂԻՄ‑ի սահմաններում:
Պետք է ուշադրություն դարձնել եւս մի շատ կարեւոր «նենգափոխության» վրա, որ թույլ է տալիս ՀՅԴ Բյուրոն: Բանն այն է, որ քիուեսթյան «փաթեթով» Հայաստանին «միավորվում էր» ոչ թե ամբողջական ԼՂԻՄ‑ը, ինչպես ներկայացված է խնդրո առարկա «Շրջաբերականում», այլ՝ «Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածքի այն մասը, որ ադրբեջանական վերահսկողության տակ չէր»: Իսկ 1994թ. մայիսի 12‑ի հրադադարի հաստատման, ինչպես նաեւ քիուեսթյան «փաթեթի» քննարկման պահին եւ հետագա բոլոր տարիներին նախկին ԼՂԻՄ‑ի տարածքի զգալի մասը՝ Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում, գտնվել է ադրբեջանական զորքերի հսկողության տակ:
Դաշնակցությունն ինչու՞ այդ կարեւորագույն հանգամանքը չի դարձրել քննարկման առարկա, եթե համոզմունք ուներ, որ Լեռնային Ղարաբաղը թե Հայաստանի հետ իր միավորումը, թե իր անկախությունը «հայտարարել է ԼՂԻՄ‑ի սահմաններով», որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում գոնե քննարկման առարկա լինի նախկին ԼՂԻՄ‑ի տարածքի ամբողջականության վերականգնումը:
Կայուն տպավորություն կա, թե Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքները սահմանվել են այնպես, որպեսզի նախկին ԼՂԻՄ հասկացությունը իրավա-քաղաքական իմաստով քննարկման թեմա չլինի, իսկ տարածքների հարցում տեղի է ունեցել ոչ պաշտոնապես արձանագրված, բայց փաստացի գոյություն ունեցող փոխանակում՝ Մարտակերտի ողջ հարթավայրային գոտին եւ Մարտունու արեւլյան հատվածը թողնվել են Ադրբեջանին, որպեսզի վերջինս «զիջի» Լաչինի միջանցքը:
ՀՅԴ խոր մտահոգությունը առ այն, որ քիուեսթյան «փաթեթի» ձախողումը կարող է նոր պատերազմի «արհեստական (ըստ երեւույթին, տեքստի հեղինակը խուսափել է «ֆորմալ» բառից) պատճառ հանդիսանալ, պայմանավորված է նրանով, որ Բյուրոն տեղեկացված էր բանակցությունների նրբություններից եւ, ըստ էության, մարմիններին ահազանգել է մի բան. այն, ինչ առաջարկվում է, առավելագույնն է, որ Հայաստանը երբեւէ կարող է ստանալ:
«Շրջաբերականը» հեղինակելու դրությամբ ՀՅԴ‑ն Հայաստանում եւ Արցախում իշխանության այլեւս անքակտելի մաս էր թե խորհրդարանական, թե կառավարության կազմում ներկայացվածությամբ , եւ նրա բարձրագույն ղեկավար մարմինը, ինչպես հետեւում է վերոմեջբերյալից, համոզմունք ուներ, թե նոր պատերազմի արդյունքը «լավագույն դեպքում լինելու է այն, ինչ առաջարկվում է» քիուեսթյան «փաթեթով»: Այդու, որքան էլ չցանկանաք կամ փորձենք ձեռնպահ մնալ քաղաքական բնութագիր հնչեցնելու «գայթակղությունից», ճշմարտության առջեւ չմեղանչելու պարտավորությամբ ստիպված ենք կարեւորագույն արձանագրում անել. արդեն 2001թ.-ին, Ադրբեջանի հետ հրադադարից յոթ տարի անց, Հայաստանի իշխանությունները կայուն համոզմունք ունեին, որ նոր պատերազմը միայն աղետ է բերելու:
Վահրամ Աթանեսյան
