Ռուսաստանի ռազմավարական նպատակների մի մասը չի իրականացվել, և կարևորագույն ձախողումը բլիցկրիգի չստացվելն էր։
Լեոնիդ Ներսիսյան
Civilnet‑ը զրուցել է APRI Armenia կենտրոնի հետազոտող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի և ռազմական ոլորտի ներկայացուցիչ, Հանրային Խորհրդի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողոի նախագահ Վազգեն Ղազարյանի հետ։ Զրույցի ընթացքում ներկայացվում է մասնագիտական քննարկում Ուկրաինայում ընթացող լայնամասշտաբ և հյուծող պատերազմի չորրորդ տարվա մեկնարկի, դրա ռազմավարական փոփոխությունների և տարածաշրջանային ազդեցությունների շուրջ։ Փորձագետները վերլուծում են կողմերի մարդկային և ռազմատեխնիկական ռեսուրսների սպառման ճգնաժամը՝ ընդգծելով, որ հակամարտությունը վերածվել է դիրքային պայքարի, որտեղ կտրուկ առաջխաղացումները դժվարացել են տեխնոլոգիական նորարարությունների և ԱԹՍ-ների լայն կիրառման պատճառով։
Լեոնիդ Ներսիսյանը նշեց, որ հակամարտող կողմերի մարդկային ռեսուրսների վիճակը կարճ ժամկետում ճշգրիտ գնահատելը դժվար է, և իրական պատկերը կերևա ճակատի դինամիկայից։ Նրա խոսքով՝ ներկայումս ռազմաճակատում հարաբերական սառեցում է, մեծ առաջխաղացումներ չկան, ինչն մասամբ պայմանավորված է եղանակային պայմաններով։ Ռազմական փորձագետը կարծում է, որ գարնանը հնարավոր է նոր ակտիվացում, քանի որ կան գնահատականներ, թե ռուսական կողմը զորք է կուտակում և կարող է փորձել հարձակողական գործողություններ մեկ կամ երկու ուղղությամբ։ Ներսիսյանը դիտարկում է, որ պատերազմը փաստացի դարձել է դիրքային և հյուծող․մարտական գործողություններ լինում են, սակայն խոշոր տարածքային փոփոխություններ գրեթե չեն արձանագրվում։ Նրա գնահատմամբ՝ նման պայմաններում կողմերը շարունակում են պայքարը՝փորձելով բարելավել դիրքերը և ազդեցություն ունենալ հետագա բանակցությունների վրա։
Վազգեն Ղազարյանն ասաց, որ մարդկային ռեսուրսների խնդիրը եղել է պատերազմի սկզբից և այն Ռուսաստանի գլխավոր ռազմավարական սխալներից էր։ Նա նշեց, որ ներխուժումն ակնհայտորեն պլանավորված էր որպես բլիցկրիգ, սակայն մոտավորապես 220 հազար հարվածային ուժով փորձել գրավել 40-միլիոնանոց երկիր, որի բանակը մոտ 200 հազար էր, սկզբից էլ ռիսկային էր։ Ղազարյանը կարծում է, որ բլիցկրիգի ձախողման և հետագա նահանջների հիմնական պատճառներից մեկը հենց մարդկային ռեսուրսների և ապահովման խնդիրն էր։
Անվտանգության ոլորտի ներկայացուցիչը նշեց, որ ներկայումս ռուսական բանակը կարող է ունենալ շուրջ 700 հազար անձնակազմ, սակայն որակական խնդիրները պահպանվում են, և որոշիչ առավելություն չունի։ Նրա խոսքով՝ ուկրաինական բանակը գնահատվում է մոտ 400–500 հազար, և նույնիսկ դասական թվային գերազանցություն չկա։ Ղազարյանը որպես ապացույց նշեց, որ 2025 թվականին Ռուսաստանը կարողացել է գրավել Ուկրաինայի տարածքի մոտ 0.75%-ը, ինչը ցույց է տալիս առաջխաղացման սահմանափակությունը։
Նա հավելեց, որ Ռուսաստանը շարունակաբար բախվել է մարդկային ռեսուրսների խնդրի, իսկ կողմերից որևէ մեկը տարածքային լուրջ առաջընթաց ապահովելու համար ստիպված կլինի մեծացնել զորքերի քանակը, հնարավոր է՝ նոր քայլեր ձեռնարկելով գարնանը։

Լեոնիդ Ներսիսյանը մասամբ համաձայնեց այն գնահատականներին, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակների մի մասը չի իրականացվել, և կարևորագույն ձախողումը բլիցկրիգի չստացվելն էր։ Նա օրինակ բերեց հարավային ուղղությունը, որտեղ ռուսական զորքերը արագ առաջացան՝ հասնելով Խերսոն, ինչը, նրա կարծիքով, պայմանավորված էր նաև տեղում պաշտպանական խնդիրներով և հնարավոր հետախուզական հաջողություններով։ Այլ ուղղություններում նույնը չստացվեց, և ամբողջ պլանը տապալվեց։
Ներսիսյանը կարծում է, որ պատերազմը մոտակա ամիսներին դժվար թե ավարտվի, սակայն մեկ-երկու տարվա ընթացքում կողմերը կարող են հասնել ռեսուրսային սահմանների։ Նա համեմատեց իրավիճակը ռինգում երկար կռվող երկու հավասար ուժերի հետ, որոնք ժամանակի ընթացքում սպառվում են և չեն կարող վճռական առավելություն գրանցել։

Վազգեն Ղազարյանը նշեց, որ դեռ 2022-ից հետո պատերազմը արդեն որոշ առումով անտրամաբանական էր, բայց չի կարծում, թե կողմերից որևէ մեկը պատրաստ է հեշտությամբ զիջել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ռազմական բյուջեն հասցրել է մոտ 105 միլիարդ եվրոյի և կարող է ավելացնել այն նաև ոչ հրապարակային միջոցներով։ Միևնույն ժամանակ Ուկրաինան նույնպես մեծացրել է ռազմաարդյունաբերական ներուժը․ այժմ օգտագործվող զենքի մոտ 40%-ը կամ ինքն է արտադրում, կամ համատեղ։
Ղազարյանը նշեց նաև, որ Ուկրաինան սկսել է ավելի ակտիվ հարվածել Ռուսաստանի ռազմավարական օբյեկտներին՝ նավթավերամշակման և ռազմարդյունաբերական կենտրոններին, ինչը թեև կործանարար հետևանքներ չի բերել, բայց խնդիրներ է ստեղծել։ Նրա դիտարկմամբ՝ տրամաբանորեն պատերազմը կարող էր վաղուց կանգնել, սակայն ագրեսորը չի պատրաստվում թուլացնել հարվածները, և բանակցային գործընթացներում նույնպես վճռական առաջընթաց չի երևում։ Նա հավելեց, որ որոշ գնահատականներով Ուկրաինան նույնիսկ պատրաստվում է երկարատև պատերազմի։ Նման երկարատև, առանց հստակ հաղթողի ավարտվող պատերազմների օրինակ կա՝ Իրանի և Իրաքի ութամյա պատերազմը, և կարծում է, որ ներկայիս հակամարտությունն էլ կարող է ավարտվել նման տրամաբանությամբ։
Լեոնիդ Ներսիսյանը անդրադարձավ եվրոպական դիրքորոշմանը՝ նշելով, որ չափազանցված է ասել, թե Եվրոպան չի ցանկանում պատերազմի ավարտ։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները չեն ուզում, որ պատերազմը ավարտվի Ուկրաինայի պարտությամբ, սակայն Ուկրաինայի լիակատար հաղթանակի մոդելը նույնպես քիչ է քննարկվում։ Նա կարծում է, որ Եվրոպան ավելի շատ շահագրգռված է հարաբերականորեն ընդունելի պայմաններով սառեցման տարբերակով՝ առանց խոշոր զիջումների։
Ներսիսյանը նշեց, որ Եվրոպան չի ցանկանում անմիջականորեն ներգրավվել պատերազմում երկու պատճառով՝ հասարակական տրամադրությունների և հնարավոր մեծ էսկալացիայի, այդ թվում՝ միջուկային ռիսկերի վախի պատճառով։ Միաժամանակ, նրա խոսքով, արևմտյան աջակցությունը շարունակվում է՝ հետախուզական տվյալներից մինչև զինամատակարարում։
Վազգեն Ղազարյանը Հարավային Կովկասի ազդեցությունների մասին ասաց, որ Արցախի կորուստը միայն Ռուսաստանի թուլացման հետևանք չէր, այլ նաև լայն ռազմաքաղաքական գործընթացների մաս։ Նա նշեց, որ Ուկրաինայի պատերազմը հանգեցրեց Ռուսաստանի դիրքերի թուլացմանը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Սիրիայում, ինչն իր հերթին ուժեղացրեց Թուրքիայի տարածաշրջանային դերը։ Նրա կարծիքով՝ սա Հայաստանի համար ռիսկային է, սակայն միաժամանակ բացում է համագործակցության նոր հնարավորություններ Եվրոպայի և ԱՄՆ‑ի հետ։
Ղազարյանը նշեց նաև, որ Ուկրաինայի պատերազմը դարձել է ռազմատեխնիկական փորձադաշտ, որտեղ եվրոպական նախագծերը զարգանում են, օրինակ՝ համատեղ հրթիռային ծրագրեր, և Եվրոպան ակտիվորեն օգտվում է այդ փորձից։
Լեոնիդ Ներսիսյանն ասաց, որ շատ արևմտյան ռազմարդյունաբերական ընկերություններ նույնիսկ փոքր խմբաքանակներով զենք են ուղարկում Ուկրաինա՝ մարտադաշտում փորձարկելու համար։ Նրա խոսքով՝ սա հնարավորություն է նաև այլ երկրների համար՝ ավելի օբյեկտիվ հասկանալու, թե ինչ զինատեսակ է արդյունավետ, և ինչ՝ ոչ։
Վազգեն Ղազարյանը նշեց, որ Հայաստանում տարածված է կարծիք, թե Ուկրաինայի փորձը լիովին կիրառելի է Հայաստանի համար, սակայն դա ամբողջությամբ ճիշտ չէ, քանի որ լանդշաֆտը, ռազմաճակատների խորությունը և պատերազմների բնույթը տարբեր են։ Նա ընդգծեց, որ պատերազմի ընթացքում կիրառված որոշ նորարարություններ, օրինակ՝ փոքր խմբերի, դրոնների և էժան տեխնոլոգիաների լայն օգտագործումը, հաճախ առաջացել են ոչ թե ռազմավարական պլանավորման, այլ ձախողումները փակելու անհրաժեշտությունից։Ղազարյանը կարծում է, որ այդ փորձը պետք է ուսումնասիրել և ադապտացնել, սակայն ինստիտուցիոնալ մակարդակով դեռ պարզ չէ՝ որքանով է դա արվում Հայաստանում։
Լեոնիդ Ներսիսյանը հավելեց, որ նոր տեխնոլոգիաները, հատկապես FPV դրոնները, արագ զարգացել են և արդեն մեծ ազդեցություն ունեն մարտադաշտում՝ ստեղծելով լայն «անվտանգ գոտիներ», որտեղ տեխնիկայի կամ մեծ խմբերի շարժը դժվարանում է։ Սակայն նա նշեց, որ նույնիսկ առաջատար բանակներում այս տեխնոլոգիաների կիրառումը դեռ լիովին կարգավորված չէ։ Ներսիսյանն ընդգծեց, որ Հայաստանի հնարավոր պատերազմը չի լինի նույնը, ինչ ռուս-ուկրաինականը, և Ադրբեջանի բանակը մի շարք ոլորտներում, օրինակ՝ դրոնների կիրառման մեջ, արդեն բավական զարգացած է։ Միաժամանակ նա նշեց, որ դասական զինատեսակները՝ հրետանին և ավիացիան, շարունակում են որոշիչ դեր ունենալ, պարզապես փոխվել է դրանց կիրառման ձևը, արագությունը և կառավարման համակարգերը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
