Պարզ հասկացվում է, որ Դաշնակցությունը Հայաստանի օրվա իշխանություններից ներշնչված էր, որ ԼՂ կարգավորման «ավելի հայանպաստ տարբերակ, քան քիուեսթյան «փաթեթն» է գոյություն չունի, իսկ այդ առաջարկության ձախողումը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար միայն սպառնալիք է»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 21
Եթե Լեռնային Ղարաբաղը թե Հայաստանի հետ միավորումը, թե անկախությունը հռչակել է ԼՂԻՄ‑ի սահմաններով,- այս պնդման, մեղմ ասած, ոչ հիմնավորվածությունը դիտարկել ենք նախորդիվ, ապա «բանակցությունների սեղանի վրա ինչպե՞ս պետք է պնդենք ազատագրված տարածքների հայկական պատկանելիության հարցը»,- կարդում ենք ՀՅԴ Բյուրոյի խնդրո առարկա «Շրջաբերականի», այսպես ասած՝ «մեկնաբանական» մասում: Այս հարցադրումը, թող ներվի, բացահայտում է ազգային կուսակցության ողջ «պերճանքը եւ թշվառությունը»:
Տասնամյակներ շարունակ, իսկ այսօր արդեն՝ հարյուր տարուց ավելի, Դաշնակցությունը հրապարակային գործունեությամբ պայքարել է «Ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի» տեսլականը մարմնավորելու համար՝ հիմք ընդունելով պատմական իրողությունները: Դա նրան ապահովել է «ազգային իղձերի իրականացման նվիրյալի» ոչ միայն քաղաքական աուրա, այլեւ նրա շուրջ հյուսել պաշտամունքի գրեթե համաժողովրդական մթնոլորտ:
Ղարաբաղյան պատերազմից յոթ տարի հետո, պարզվում է, Դաշնակցությունը կանգնած է եղել «բանակցությունների սեղանի վրա ինչպե՞ս պնդել, որ ԼՂ շուրջ տարածքները հայկական են եւ պիտի մնան հայկական վերահսկողության ներքո» հարցին պատասխան գտնելու խնդրի առջեւ: Ինչպե՞ս հասկանալ այս իրավիճակը:
Որեւէ հրապարակային տեղեկություն չկա՝ Դաշնակցությունը քիուեսթյան բանակցությունների շրջանում ե՞րբ է իրազեկվել կարգավորման առաջարկությունների «փաթեթի» մասին եւ ո՞րն է եղել ՀՅԴ Բյուրոյի առաջին արձագանքը:
Մեջբերված հարցադրումից այնպես է հասկացվում, որ կուսակցության ղեկավարները կամ առնվազն Բյուրոյի օրվա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը փորձել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին համոզել, որ ԼՂ շուրջ ազատագրված տարածքների գոնե մի մասը չհանձնվի Ադրբեջանին, բայց ստացել է «իսկ ինչպե՞ս դա հիմնավորենք» պատասխանը, ինչի հանդեպ Դաշնակցությունը մնացել է անզոր-կարկամած:
«Մերժելով այս (քիուեսթյան) առաջարկությունը, մենք ի՞նչ ենք առաջարկում բանակցությունների փոխզիջումային տրամաբանության մթնոլորտում»,- կրկին հարցադրում է արել ՀՅԴ Բյուրոն եւ պատասխանել. «Եթե միայն ձգտում ենք հարցի ձգձգման, ապա ո՞րն է երաշխիքը, որ ապագան ավելի վտանգավոր ու անբարենպաստ չի լինելու մեր ազգի համար»: Պարզ հասկացվում է, որ Դաշնակցությունը Հայաստանի օրվա իշխանություններից ներշնչված էր, որ ԼՂ կարգավորման «ավելի հայանպաստ տարբերակ, քան քիուեսթյան «փաթեթն» է գոյություն չունի, իսկ այդ առաջարկության ձախողումը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար միայն սպառնալիք է»: Ի՞նչ քննարկումներ են նախորդել դրան՝ ցավոք, բաց աղբյուրներն անցած քսանհինգ տարիներին այդ մասին ոչինչ չեն փոխանցել:
Վահրամ Աթանեսյան
Շարունակելի
