Սամվել Կարապետյանը ինքն էլ իրեն չի պատկերացնում վարչապետի պաշտոնում, իսկ իրական բանակցողը Ռուսաստանի հետ, կարող է լինել այլ քաղաքական գործիչ։ Որոշ ուժեր ընտրություններից հետո կարող են աջակցել այլ թեկնածուի։
Արամ Սարգսյան
Civic News‑ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվում է Հայաստանի նախընտրական իրավիճակը՝ շեշտադրելով պրոռուսական ուժերի կենտրոնացված մարտավարությունը և նրանց ազդեցությունը չեզոքացնելու անհրաժեշտությունը։ Սարգսյանը պնդում է, որ ԿԸՀ‑ն պետք է արգելի Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություններին, քանի որ այն ներկայացնում է օտարերկրյա միջամտություն և ֆինանսավորվում է դրսից։
Արամ Սարգսյանը նշեց, որ պրոռուսական դաշտի ուժերը, իր դիտարկմամբ, ուղղորդվում են մեկ կենտրոնից, որի նպատակը եղած ձայների փոշիացումից խուսափելն է։ Սարգսյանը կարծում է, որ այդ կենտրոնները հաշվարկել են՝ Հայաստանում պրոռուսական տրամադրություններ ունեցող քաղաքացիների բաժինը մոտ 38–42 տոկոս է, և փորձում են այդ հատվածից ոչ մի քվե չկորցնել՝ միաժամանակ քայլեր անել, որպեսզի պրոարևմտյան թևում ձայները մասնատվեն։
Սարգսյանի խոսքով՝ այդ տրամաբանությամբ են ձևավորվում տարբեր դաշինքներ, որպեսզի որևէ ուժ պրոռուսական դաշտից դուրս չմնա անհրաժեշտ տոկոսից և ձայները չկորչեն։ Նա դիտարկեց, որ որոշ քաղաքական ուժեր միացվում են Գագիկ Ծառուկյանին, քանի որ առանձին մասնակցության դեպքում շեմը չէին հաղթահարի, մինչդեռ այս ձևաչափով կարող են անցնել խորհրդարան։ Արամ Սարգսյանը նաև ընդգծեց, որ այդ ուժերը փորձում են մասնակցել ոչ թե դաշինքով, այլ կուսակցության ցուցակով՝ ավելի ցածր շեմ հաղթահարելու հաշվարկով։ Այդ ուժերը հիմնականում խոսում են Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու, ռուսական անվտանգության և տնտեսական համակարգի շրջանակում խնդիրներ լուծելու մասին, սակայն ինքն այդ մոտեցումները իրատեսական չի համարում՝ հաշվի առնելով Ռուսաստանի ներկայիս քաղաքական դիրքորոշումները տարածաշրջանի երկրների ինքնիշխանության վերաբերյալ։
Սարգսյանը նաև ասաց, որ ռուսական քաղաքական շրջանակներում հնչող հայտարարությունները երբեմն նույնիսկ ենթադրում են Հայաստանի տարածքային հարցերի քննարկում այլ ուժերի մասնակցությամբ, ինչը, նրա խոսքով, վտանգավոր մոտեցում է։ Հանրապետություն կուսակցության նախագահը կարծում է, որ ռուսական ուղղությամբ գործող քաղաքական ուժերը փաստացի հակված են այնպիսի քայլերի, որոնք կարող են հանգեցնել նոր պատերազմի ռիսկերի։

Խոսելով այն մասին, թե ինչու Մոսկվան մի քանի տարբեր թեկնածուներով է ներկայանում, Սարգսյանը նշեց, որ ցուցակի առաջին համարը պարտադիր չի նշանակում ապագա վարչապետ։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը փորձում են տարբեր դեմքերով մասնակցել, քանի որ հասկանումեն՝ հաջողության հավանականությունը սահմանափակ է։
Սարգսյանը անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի քաղաքական մասնակցությանը՝ նշելով, որ, իր համոզմամբ, այդ ուժի գրանցումը նույնիսկ կարող է իրավական խնդիրների առաջ կանգնել, քանի որ կան կասկածներ արտաքին ուղղորդման և ֆինանսավորման վերաբերյալ։ Նա հավելեց, որ նման դեպքերում պետք է առաջնորդվել օրենքով և բացառել արտաքին միջամտությունը երկրի ներքաղաքական գործընթացներին։
Արամ Սարգսյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանը ինքն էլ իրեն չի պատկերացնում վարչապետի պաշտոնում, իսկ իրական բանակցողը Ռուսաստանի հետ, ըստ Սարգսյանի, կարող է լինել այլ քաղաքական գործիչ։ Նա չի բացառել, որ որոշ ուժեր ընտրություններից հետո կարող են աջակցել այլ թեկնածուի։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների թեմային՝ Սարգսյանը նշեց, որ երկու երրորդ ձայներ ապահովելը խորհրդարանում գործնականում անհնար է առանց լայն հանրային աջակցության, և նման խոսակցությունները հիմնականում ընտրողներին մոլորեցնելու նպատակ ունեն։ Արամ Սարգսյանը շեշտեց, որ առաջիկա ընտրությունները, իր գնահատմամբ, լինելու են քաղաքակրթական ընտրություն՝ Հայաստանի արևմտյան ինտեգրման ճանապարհի և ռուսական մոդելի միջև։ Նա կարծում է, որ խաղաղության հարցը ևս առանցքային է, և հասարակությունը ավելի քիչ է վստահում ռուսական անվտանգության մոդելին՝ տեսնելով վերջին տարիների զարգացումները տարածաշրջանում։ Սարգսյանը մեկնաբանեց նաև երկաթուղու թեման՝ նշելով, որ հայկական երկաթուղիների կառավարումը Ռուսաստանին հանձնելը նախկինում եղել է սխալ որոշում, որի հետևանքները մինչ օրս զգացվում են։ Նրա խոսքով՝ բեռնափոխադրումների ծավալները նվազել են, աշխատատեղերը կրճատվել են, իսկ ենթակառուցվածքների մի մասը դադարել է գործել։
Ռուսաստանը փորձում է տարբեր ուղղություններով ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում, այդ թվում՝ լեզվական և քաղաքական նախաձեռնությունների միջոցով, և զգուշացրեց նման գործընթացների վտանգների մասին։ Որոշ քաղաքական ուժեր իրական տնտեսական ծրագրեր չեն ներկայացնում և սահմանափակվում են ընդհանուր խոստումներով։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի զարգացման իրական հնարավորությունները կապված են նոր արդյունաբերական ուղղությունների հետ։ Որպես օրինակ՝ Սսրգսյանը ներկայացրեց նատրիումային մարտկոցների արտադրության գաղափարը։ Նա նշեց, որ աշխարհում աճում է էլեկտրական տեխնոլոգիաների պահանջարկը, իսկ նատրիումը՝ աղից ստացվող և ավելի մատչելի նյութ, կարող է դառնալ լիթիումի այլընտրանք։ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի աղի պաշարները կարող են հնարավորություն տալ ներգրավել միլիարդավոր ներդրումներ և ստեղծել լայն արդյունաբերական շղթա։ Այդ ուղղությամբ արդեն կան միջազգային հետաքրքրություններ և հնարավոր համագործակցություններ, ներառյալ եվրոպական ավտոարտադրողների հետ աշխատանքը։ Նրա կարծիքով՝ նման ծրագրերը կարող են ապահովել Հայաստանի տնտեսության թռիչքային զարգացում և նոր աշխատատեղեր։
Վերջում Սարգսյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժը փորձում է ոչ միայն քննադատել, այլ նաև առաջարկել կոնկրետ ծրագրեր և մասնակցել դրանց իրականացմանը, և ընդգծեց, որ խորհրդարանում ներկայացված լինելու դեպքում այդնախաձեռնությունները առաջ տանելու հնարավորությունները կմեծանան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
