Դաշնակցության Բյուրոյի հիշյալ արձանագրումը ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի այդ փուլի գնահատման «բանալի է», քանի որ բացահայտում է չափազանց կարեւոր «շերտ»: Հասկացվում է այնպես, որ Քիուեսթում ԼՂ կարգավորման «հայեցակարգի փոխակերպում է առաջարկվել, ինչին Հայաստանը տվել է նախնական համաձայնություն»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 22
2001թ. ապրիլին Դաշնակցությունը համոզմունք ուներ, որ ղարաբաղյան կարգավորման «ձեւավորվող փաթեթը ամբողջությամբ պարտություն չի նշանակում»: Մեկ անգամ արդեն նկատել ենք տվել, որ ՀՅԴ Բյուրոն կուսակցության մարմիններին «Շրջաբերական» է հղել Քիուեսթում Քոչարյան-Հեյդար Ալիեւ մի քանի օր տեւած բանակցություններից հետո: Հարկ է վերստին հիշեցնել, որ այդ բանակցություններից Երեւանում եւ Ստեփանակերտում սպասելիքները մեծ էին: Որոշակի լավատեսություն ուներ նաեւ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը, երբ հանդիպման մեկնարկին ասում էր, որ նախագահ Բուշը պատրաստ է Սպիտակ տանն ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին:
ԱՄՆ նախագահի պատրաստակամության քաղաքական իմաստն այն էր, որ Վաշինգտոնը կարող է ձեռք բերված պայմանավորվածությունների իրացման եւ առհասարակ հայ-ադրբեջանական հաշտության երաշխավորը լինել: Հայկական կողմերի ոգեւորվածությունը եւ Վաշինգտոնի լավատեսությունը, սակայն, չարդարացան, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հրաժարվեց համաձայնություն տալ կարգավորման սկզբունքների նախագծին, թեեւ տարածքների/սուվերեն միջանցքների փոխանակման գաղափարի հեղինակն ինքն էր:
ՀՅԴ Բյուրոն Քիուեսթի բանակցությունների մանրամասնություններից չէր կարող անգետ լինել, ուստի չափազանց կարեւոր է, թե ինչու՞ «Շրջաբերականում» օգտագործվում է «ձեւավորվող փաթեթ» բնորոշումը: Եթե քիուեսթյան «փաթեթը» Հեյդար Ալիեւի կողմից հավանության չի արժանացել, բայց դրանից ոչ ավելի, քան երկու շաբաթ հետո Հայաստանի առնվազն քաղաքական իշխող համակարգի ազդեցիկ մաս կազմող ՀՅԴ բարձրագույն ղեկավար մարմինը գնահատում է, որ «ձեւավորվող փաթեթը ամբողջությամբ պարտություն չէ»,-ապա կարելի՞ է ենթադրել, որ Դաշնակցությունը գործընթացին նախապես աջակցություն էր հայտնել, քանի որ այն հայկական կողմերի համար «հաղթական էր», իսկ Քիուեսթից հետո շարունակել է պաշտպանել կարգավորման «նոր տարբերակը», որովհետեւ այն «ամբողջությամբ պարտություն չէր»:

Դաշնակցության Բյուրոյի հիշյալ արձանագրումը ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի այդ փուլի գնահատման «բանալի է», քանի որ բացահայտում է չափազանց կարեւոր «շերտ»: Հասկացվում է այնպես, որ Քիուեսթում ԼՂ կարգավորման «հայեցակարգի փոխակերպում է առաջարկվել, ինչին Հայաստանը տվել է նախնական համաձայնություն»:
Հաջորդիվ կփորձենք այս ենթադրությունը հիմնավորել եւ պարզաբանել, թե սկզբունքային ի՞նչ զիջում էր պահանջվում Երեւանից: Առայժմ արձանագրենք, որ ՀՅԴ Բյուրոյի այդ պահի ընդունած «Շրջաբերականի» իմաստով կուսակցությունը պատասխանատվություն է ստանձնել ոչ թե ԼՂ կարգավորման արդեն իսկ համաձայնեցված «փաթեթի» եւ դրա իրացման ընթացքում իշխանություններին աջակցելու, այլ՝ «ձեւավորվող փաթեթի» շուրջ դեռեւս կայանալիք բանակցությունների համար: Այդ փուլից Դաշնակցությունը շատ որոշակի իմաստով վերափոխվել է ԼՂ կարգավորման գործընթացի անմիջական դերակատարի եւ քաղաքական պատասխանատուի: Նման պատասխանատվություն փորձառու կուսակցությունը միայն մի դեպքում կստանձներ. Եթե համարեր, որ Հայաստանի իշխանությունն «իրենն է» կամ առնվազն «նաեւ իրենն է»:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
