Հայաստանի հիմնական խնդիրը ոչ թե արտաքին կողմնորոշումն է, այլ պետականության, ինքնիշխանության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը։ Միայն այդ դեպքում երկիրը կարող է ունենալ հավասարակշռված հարաբերություններ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ տարածաշրջանային այլ դերակատարների հետ։
Հայկ Սուքիասյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի ներկայիս ներքաղաքական լարվածությունը՝ որակելով այն որպես ռուսական գրոհ ընդդեմ երկրի ինքնիշխանության։ Սուքիասյանի համոզմամբ, ընդդիմադիր բևեռները փորձում են սահմանադրական հեղաշրջման միջոցով պետությունը վերադարձնել կախյալ անցյալին՝ խաթարելով Արևմուտքի աջակցությամբ ձևավորվող խաղաղության գործընթացը։ Առանձնակի քննադատության է ենթարկվում Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան դասի ներգրավվածությունը քաղաքականության մեջ, որը Սուքիասյանը բնորոշում է որպես եկեղեցու օկուպացիա օտարածին շահերի կողմից։
Հայկ Սուքիասյանը նշեց, որ քաղաքական դաշտում ձևավորվող միավորումները իրականում ռուսական ազդեցության դրսևորումներ են և, նրա կարծիքով, դրանք ուղղված են ոչ թե իշխանության փոփոխությանը, այլ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակմանը։ Սուքիասյանի դիտարկմամբ՝ այդ ուժերը սահմանադրությունը պատրաստ են հարմարեցնել կոնկրետ անձի համար, ինչը նա գնահատում է որպես հակասահմանադրական մոտեցում և պետականության ընկալման խնդիր։Նման ուժերը ներկայացնում են նախկին համակարգի դերակատարների շարունակությունը՝ նորացված դեմքերով, սակայն նույն աշխարհաքաղաքական ուղղվածությամբ։ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ նրանք փորձում են վախի դիսկուրս ձևավորել Թուրքիայի ու Ադրբեջանի թեմայով՝ այդ կերպ արդարացնելու Ռուսաստանի ազդեցության մեծացումը Հայաստանի վրա։
Սուքիասյանը կարծում է, որ նախկին իշխանությունները ժամանակին արդեն մեծապես կախվածության մեջ են դրել Հայաստանը Ռուսաստանից՝ հանձնելով ռազմավարական ոլորտներ՝ երկաթուղի, էներգետիկ համակարգ և այլ ենթակառուցվածքներ։ Նրա գնահատմամբ՝ հենց այդ քաղաքականության հետևանքով է վտանգվել երկրի իրական ինքնիշխանությունը։ Գործող իշխանություններին մեղադրելը՝ իբր նրանք զիջումներ են արել Ադրբեջանին, հիմնավորված չէ, և հակառակը՝ նախկինում են եղել փաստաթղթեր ու համաձայնություններ, որոնք ենթադրում էին տարածքային զիջումներ։ Նա կարծում է, որ ընդդիմադիր խոստումները՝ «կգանք ու կստիպենք Ալիևին», պարզապես քաղաքական հռետորաբանություն են և չեն հիմնվում պետական ռեսուրսների իրական հաշվարկի վրա։ Խաղաղության գործընթացը խաթարելը կարող է նպաստել նոր լարվածության, ինչը, ըստ նրա, ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են վերականգնել Ռուսաստանի ներկայությունը որպես անվտանգության գլխավոր գործոն Հայաստանում։ Նա պնդեց, որ Հայաստանի անվտանգությունը պետք է հիմնված լինի սեփական պետական կարողությունների վրա, ոչ թե արտաքին հովանավորի։
Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարելի անվանել արևմտամետ․ նրա խոսքով՝ այնավելի շուտ բալանսավորման քաղաքականություն է, որտեղ Ռուսաստանը պարզապես գործընկերներից մեկն է։ Նրա կարծիքով՝ նախկինում հարաբերությունները եղել են ենթակայության, իսկ հիմա միայն սկսում են ձևավորվել ավելի ինքնիշխան հարաբերություններ։
Ներդրումների, մեգանախագծերի ու հարյուր հազարավոր աշխատատեղերի մասին հայտարարությունները պետք է գնահատել նախկին իշխանությունների կառավարման արդյունքներով։ Նա հիշեցրեց, որ նրանց իշխանության տարիներին չի իրականացվել նման ծրագրերի նույնիսկ փոքր մասը, իսկ էներգետիկ ու տնտեսական կախվածությունները միայն խորացել են։Կոռուպցիայի թեմային անդրադառնալով՝ Սուքիասյանը նշեց, որ հակակոռուպցիոն խոստումները անհավատալի են հնչում այն քաղաքական գործիչների կողմից, որոնք երկար տարիներ եղել են իշխանության մեջ և, նրա բնորոշմամբ, հենց իրենք են կոռուպցիոն համակարգի կրողները։
Եկեղեցու հարցում քաղաքագետը կարծիք հայտնեց, որ որոշ հոգևոր շրջանակներ ներգրավված են քաղաքական գործընթացներում և գործում են պետական շահերին հակասող ուղղությամբ։ Հայկ Սուքիասյանի գնահատմամբ՝ եկեղեցին պետք է կենտրոնանա ժողովրդի հոգևոր կյանքի վրա և հեռու մնա քաղաքական պայքարից։
Հայաստանի հիմնական խնդիրը ոչ թե արտաքին կողմնորոշումն է, այլ պետականության, ինքնիշխանության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը։ Նրա համոզմամբ՝ միայն այդ դեպքում երկիրը կարող է ունենալ հավասարակշռված հարաբերություններ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ տարածաշրջանային այլ դերակատարների հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
