Տարբեր ուժեր փորձելու են ազդեցություն ունենալ, սակայն վճռորոշը հայ ժողովրդի ընտրությունն է։ Արդար ընտրությունները նշանակում են ոչ միայն տեխնիկական խախտումների բացառում, այլ նաև փողի բաժանման և «բարեգործական» քողարկված քարոզչության կանխարգելում։
Գեղամ Նազարյան
Freenews Armenia‑ն զրուցել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։ Զրույցի առանցքում սպասվող խորհրդարանական ընտրություններն են, որոնք դիտարկվում են ոչ թե սոսկ որպես քաղաքական մրցապայքար, այլ որպես պատմական անցումային փուլ երրորդ և չորրորդ հանրապետությունների միջև: Պատգամավոր Գեղամ Նազարյանը շեշտում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի հին, էմոցիոնալ և Արցախի հարցի շուրջ կառուցված տրամաբանությունից՝ տեղի տալով նոր իրողություններին, որոնք հիմնված են պետականության ամրապնդման և խաղաղ համակեցության վրա: Զրույցի ընթացքում քննադատվում են քաղաքական պոպուլիզմն ու նյութական շահերով ընտրողներին գայթակղելու փորձերը, հատկապես այն ուժերի կողմից, որոնք չունեն պետականամետ օրակարգ:
Գեղամ Նազարյանը կարծում է, որ հունիսի 7‑ին ընտրվելիք խորհրդարանը լինելու է անցումային՝ մատնանշած դարաշրջանի և նոր շրջանի միջև։ Նրա դիտարկմամբ՝ այս խորհրդարանի վրա դրված է լինելու Հայաստանը նոր իրականության տանելու դերակատարությունը, և դրանից հետո արդեն անհրաժեշտություն է առաջանալու անցկացնել ընտրություններ, որոնք բխելու են չորրորդ հանրապետության տրամաբանությունից։Նազարյանը նշեց, որ թեև գնում ենք նոր փուլ, սակայն այս ընտրությունները դեռ մեծապես անցկացվելու են արցախյան թեմայի ազդեցության ներքո։ Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում դեռ գերակշռում են մեղադրանքները՝ «ով հանձնեց Արցախը», և այդ խոսույթը շարունակում է ձևավորել ներքաղաքական տրամաբանությունը։ Պատգամավորը կարծում է, որ մի հատված իրապես հավատում է, թե Արցախը իրավաբանորեն ամրագրված էր որպես Հայաստանի մաս և հանձնվել է, իսկ մյուս հատվածը գիտի իրականությունը, սակայն շահարկում է թեման քաղաքական նպատակներով։
Գեղամ Նազարյանը շեշտում է, որ Արցախը երբեք միջազգային հանրության կողմից չի ճանաչվել որպես Հայաստանի մաս կամ անկախ պետություն, և պնդումները, թե որևէ անձ պարզապես «վերցրեց ու հանձնեց», չեն դիմանում տրամաբանությանը։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ընդունել դառը կամ քաղցր իրողությունները և դրանց հիման վրա կառուցել առաջընթացը, այլապես Հայաստանը կմնա խաղից դուրս։ Պատգամավորը բերեց օրինակ՝ պատմելով Կանադայում բնակվող հայազգի գործարար կնոջ հետ իր զրույցի մասին։ Նազարյանը նրան հարցրել է՝ եթե 300 միլիոն դոլարից հետո բանկում մնացել է ընդամենը 30 հազար, որոշումները կկայացնի՞ նախկին թե՞ ներկա ռեսուրսների տրամաբանությամբ։ Նա ընդգծեց, որ պետությունն այսօր պետք է գործի այն իրողությունից ելնելով, ինչ ունի, այլ ոչ թե կորցրած հնարավորությունների էմոցիոնալ հիշողությունից։

Անդրադառնալով «չեք տեսնի նախկիննախագահներին քաղաքականության մեջ» հայտարարությանը՝ Գեղամ Նազարյանը նկատեց, որ որոշ ժամանակ անցումային փուլում դեռ գործելու են անցյալի տրամաբանությամբ առաջնորդվող ուժեր, սակայն հետո քաղաքական դաշտը մաքրվելու է և կենտրոնանալու է Հայաստանի Հանրապետության, պետական ինստիտուտների և մարդու իրական խնդիրների վրա։ Նրա համոզմամբ՝ քաղաքականությունը պետք է տեղափոխվի պատմափիլիսոփայական դիսկուրսներից դեպի քաղաքացու առօրյա խնդիրների լուծում։
Նազարյանը առանձնապես կարևորեց սոցիալական արդարության հարցը՝ նշելով, որ հասարակությունը ամեն օր բախվում է անարդարությունների՝ սկսած ենթակառուցվածքներից մինչև աշխատավարձերի ուշացումներ։ Նրա կարծիքով՝ ապագա քաղաքական մրցակցությունը պետք է կառուցվի հենց այս հարցերի շուրջ։
Խոսելով «ուժեղ Հայաստանի» նախագծի մասին՝ Գեղամ Նազարյանը այն բնութագրեց որպես երրորդ հանրապետությանը բնորոշ երևույթ, երբ մեծ ֆինանսական ռեսուրս ունեցող անձինք քաղաքական դաշտ են մտնում առանց անհրաժեշտ քաղաքական գիտելիքի և փորձի։ Նա ընդգծեց, որ քաղաքականությունը չի կարող դառնալ բիզնես նախագծի շարունակություն, և ֆինանսական կարողությունը բավարար հիմք չէ պետության կառավարմանը մասնակցելու համար։ Նազարյանի խոսքով՝ հրապարակային խոսքում նկատվում է քաղաքական գիտելիքի պակաս և վերևից նայելու վերաբերմունք։
Անդրադառնալով մյուս ընդդիմադիր բևեռներին՝ պատգամավորն ընդունեց, որ այնտեղ կան փորձառու քաղաքական գործիչներ, սակայն նրանց որոշ պոպուլիստական հայտարարությունները սահմանափակում են լայն աջակցություն ստանալու հնարավորությունը։ Նրա դիտարկմամբ՝ երբ հստակ չեն ձևակերպվում Հայաստանի արտաքին հարաբերությունների առաջնահերթությունները, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանների և հաղորդուղիների հարցում, հանրային վստահությունը նվազում է։ Ընդդիմադիր երեք բևեռների հավաքական առավելագույն ներուժը կարող է կազմել շուրջ 21 տոկոս, և մեծամասնություն ձևավորելու հեռանկար նա չի տեսնում։ Նա նաև ընդգծեց, որ Գյումրու ընտրական սցենարի կրկնությունը հանրապետական ընտրություններում անհնար է համարում։
Պատգամավորը համոզված է, որ իշխանության հիմնական քաղաքական կապիտալը կայացրած ծանր որոշումներն են, որոնց շնորհիվ այսօր սահմանային հարաբերական կայունություն կա։ Նրա խոսքով՝ եթե այդ որոշումները չկայացվեին, նույնիսկ «պարտությամբ խաղաղություն» էլ չէր լինի, և ներկայիս հարաբերական անդորրը չէր ապահովվի։
Արտաքին միջամտությունների մասին խոսելիս Նազարյանը նշեց, որ տարբեր ուժեր փորձելու են ազդեցություն ունենալ, սակայն վճռորոշը հայժողովրդի ընտրությունն է։ Նա շեշտեց, որ արդար ընտրությունները նշանակում են ոչ միայն տեխնիկական խախտումների բացառում, այլ նաև փողի բաժանման և «բարեգործական» քողարկված քարոզչության կանխարգելում։
Գեղամ Նազարյանի համոզմամբ՝ Հայաստանի առաջ կանգնած են բազմաթիվ սոցիալական խնդիրներ, և քաղաքական դաշտը պետք է կենտրոնանա արժանապատիվ կյանքի ապահովման վրա։ Նա ընդգծեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում կան ուժեր, որոն քդեմ են խաղաղ հարավկովկասյան օրակարգին և փորձում են բորբոքել հասարակական տրամադրությունները, ուստի հասարակությունը պետք է ցուցաբերի իմաստություն և քվեարկի գիտակցաբար՝ ոչ նյութական շահագրգռվածությունից ելնելով, այլ համոզմունքից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
