Բարդ է կողմնորոշվել, թե արդյոք ՀՅԴ Բյուրոն «ձեւավորվող փաթեթ» ասելով այդ առաջարկությու՞ն է նկատի ունեցել, թե Քիուեսթն ունի այլ «գաղտնիքներ» եւս:
Վահրամ Աթանեսյան
Մաս 23
Նախորդիվ նկատել ենք, որ Քիուեսթում Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ բանակցություններից հետո, երբ հայտնի էր, որ Ադրբեջանի նախագահը չի ընդունել ղարաբաղյան կարգավորման սկզբունքները, ՀՅԴ Բյուրոյի «Շրջաբերականը» շրջանառության է դրել «ձեւավորվող փաթեթ» հասկացություն: Դրանից ուղղակի բխում է, որ քիուեսթյան հանդիպումը չի կանխորոշել բանակցությունների ավարտ, այլ նոր փուլի մեկնակետ է հանդիսացել:
Ընդհանուր ընկալում կա, որ այդ շրջանում Հայաստանը քննարկում էր «Արցախի միավորումը»: Քիուեսթում նախնական պայմանավորվածությունները փաստաթղթային ամրագրման չեն հասել: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, այդ մասին փաստական վկայումներ չկան: Ավելին, հայ հանրությունը քառորդ դար հետո էլ տեղյակ չէ քիուեսթյան եւ հետագա բանակցությունների առարկա հանդիսացած «սեւագրից»: Ինչպես հայտնի դարձավ անցյալ տարեվերջին, կառավարությունը չունի «քիուեսթյան փաթեթը», ուստի եւ այն հրապարակել չէր կարող:
Իրավիճակը հասկանալու համար, թվում է, կարելի է հիմք ընդունել լրագրողական «բացահայտումը», ըստ որի Քիուեսթում եւ հետագա բանակցություններում Հեյդար Ալիեւը բարձրացրել է Շուշիի «հատուկ կարգավիճակի» հարցը: Չափազանց սուղ տեղեկությունների պարագայում դժվար է մեկնաբանել, թե նա կոնկրետ ի՞նչ է նկատի ունեցել: Տեսակետ կա, որ Հեյդար Ալիեւը նախկին ԼՂԻՄ‑ի ոչ ամբողջական տարածքը Հայաստանին «փոխանցելու» դիմաց բարձրացրել է Շուշի-Ֆիզուլի «անարգել միջանցք ապահովելու» հարցը:
Բարդ է կողմնորոշվել, թե արդյոք ՀՅԴ Բյուրոն «ձեւավորվող փաթեթ» ասելով այդ առաջարկությու՞ն է նկատի ունեցել, թե Քիուեսթն ունի այլ «գաղտնիքներ» եւս: Բայց եթե անգամ քննարկվել է միայն Շուշին ադրբեջանցիներով վերաբնակեցնելու, քաղաքում կառավարման առանձին կարգ սահմանելու եւ Ֆիզուլիի հետ «անարգել միջանցքի» տարբերակը, ապա Դաշնակցության պնդումը, որ դա «ամբողջական պարտություն» չէ, հնչում է զուտ որպես «ինքնամխիթարություն»:
Ուշադրություն է հայցում իրողությունը, որ ՀՅԴ Բյուրոյի բավական ծավալուն «Շրջաբերականում» բառացիորեն ոչ մի անդրադարձ չկա ԼՂ կարգավորման քիուեսթյան «ձեւավորվող փաթեթի» նկատմամբ Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշման մասին: Դաշնակցությունը, որ ավանդաբար Հայաստանի անվտանգության միջավայր է տեսնում Ռուսաստանի եւ Իրանի հետ սկզբունքային համագործակցությունը եւ հետագայում բազմիցս ջատագովել է Մոսկվա-Երեւան-Թեհրան ռազմավարական առանցքը, չէր կարող Սյունիքի հարավում Ադրբեջան-Նախիջեւան «մասնավոր ճանապարհի» խնդիրը չպայմանավորել Իրանի հավանական հակազդեցությամբ:
Իսկ թե ինչու՞ կուսակցության մարմիններին այդ մասին ոչինչ չի ասել, մնում է գաղտնիք:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
