Ընտրությունը, նրա համոզմամբ, միայն ընտրատեղամասերում չէ, այլ նաև աշխարհաքաղաքական ուղղության հարցում է, և հանրային տրամադրությունները ձևավորվում են արդեն հիմա։
Հիվսեփ Խուրշուդյան
Freenews Amenia‑ն զրուցել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները որպես բախտորոշ աշխարհաքաղաքական ընտրություն, որը կորոշի երկրի ինքնիշխանության և զարգացման վեկտորը։ Վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը զգուշացնում է Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային հարձակումների և ներքին «խամաճիկների» միջոցով իշխանությունը զավթելու փորձերի մասին, որոնց նպատակը Հայաստանը կրկին գաղութացնելն է։ Զրույցն ընդգծում է ժողովրդավարական բևեռի համախմբման անհրաժեշտությունը՝ դիմակայելու համար այն մանիպուլյացիաներին, որոնք փորձում են ընտրողներին մոլորեցնել կեղծ թեկնածուների միջոցով։
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ առաջիկա ընտրությունների աշխարհաքաղաքական համատեքստը չափազանց մեծ է։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում փորձում է պահպանել ազդեցությունը և չի թաքցնում, որ չի ցանկանում իր սահմանների երկայնքով տեսնել լիարժեք ինքնիշխան պետություններ։ Վերլուծաբանը կարծում է, որ սա լուրջ վտանգ է Հայաստանի ինքնիշխանության համար, քանի որ, ըստ նրա, Մոսկվան տարբեր երկրներում փորձում է իշխանության բերել իրեն հավատարիմ ուժերի։

Խուրշուդյանը դիտարկում է, որ Հայաստանում ռուսամետ դաշտում հիմնականում երեք ուժ է գործում՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող բևեռները։ Նրա համոզմամբ՝ այդ ուժերից իրական վարչապետի թեկնածու կարող է լինել միայն Ռոբերտ Քոչարյանը, իսկ մյուսների շուրջ ստեղծվող պատկերացումները մանիպուլյացիոն բնույթ ունեն։ Նա կարծում է, որ ընտրողներին փորձ է արվում համոզել, թե տարբեր թեկնածուներ կարող են գլխավորել կառավարությունը, մինչդեռ վերջնական նպատակը Քոչարյանի վերադարձն է իշխանության։
Վերլուծաբանը նշեց, որ այլ փոքր ուժերի շեմը հաղթահարելու հավանականություն չի տեսնում և դրանք չի համարում ազդեցիկ գործոն։ Եվրոպամետ դաշտում, նրա խոսքով, առկա են ինչպես ինքնուրույն մասնակցության ձգտող ուժեր, այնպես էլ համախմբման փորձեր, սակայն առայժմ չի ձևավորվել լայն կոնսոլիդացված այլընտրանք։ Խուրշուդյանը ցավով արձանագրեց, որ նախկինում գոյություն ունեցած համագործակցության հարթակները ներկայումս ամբողջությամբ չեն գործում։
Խոսելով իշխանության հաշվարկների մասին՝ Հովսեփ Խուրշուդյանը շեշտեց, որ հիմնական պայքարը լինելու է չկողմնորոշված ընտրողների ձայների համար։ Նրա գնահատմամբ՝ հասարակության զգալի հատվածը դեռ չի որոշել՝ մասնակցելու է ընտրություններին, թե ոչ, կամ ում է ընտրելու։ Նա դա դիտարկում է որպես ինչպես հնարավորություն, այնպես էլ ռիսկ։
Անդրադառնալով հիբրիդային սպառնալիքներին՝ Խուրշուդյանը նշեց, որ դրանք վաղուց առկա են։ Նա հիբրիդային ազդեցության օրինակ համարեց ապատեղեկատվության տարածումը, վախի մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև տարբեր շարժումների միջոցով հասարակական տրամադրությունների ուղղորդումը։ Նրա համոզմամբ՝ ֆինանսական լծակներով ընտրողների վրա ազդեցությունն էլ նույն հարթության մեջ է տեղավորվում։
Եվրամիության կողմից Հայաստանում հիբրիդային արագ արձագանքման խմբի տեղակայման վերաբերյալ վերլուծաբանը ասաց, որ մանրամասներին տեղյակ չէ և չի մասնակցել այդ քննարկումներին։ Նա մտահոգիչ համարեց այն, որ քաղաքացիական հասարակության որոշ հատվածներ գործընթացում ներգրավված չեն եղել։ Միաժամանակ, Խուրշուդյանը գտնում է, որ եթե աջակցությունն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությանը, ապա այն չի կարելի գնահատել որպես ինքնիշխանության սահմանափակում։ Նրա դիտարկմամբ՝ Եվրոպական միությունում անդամ պետությունները պահպանում են լայն ինքնիշխանություն և որոշումների վրա ազդելու հնարավորություն, ինչը, նրա կարծիքով, հակասում է «կցման» մասին պնդումներին։
Խոսելով սոցիալական քայլերի, մասնավորապես թոշակների բարձրացման մասին, նա նշեց, որ նման որոշումները երկար ժամանակ պահանջված են եղելև դրանք ինքնին ընտրակաշառք որակելն անհիմն է համարում։ Խաղաղության օրակարգի մասով Խուրշուդյանը կարևորեց սահմանին զոհերի բացակայությունը և լարվածության նվազումը՝ ընդգծելով, որ դա դրական է ինչպես երկրի, այնպես էլ իշխանությունների համար։
Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Հայաստանը բնականաբար չի կարող հայտարարել հարաբերությունների խզման մասին և ստիպված է վարել զգուշավոր դիվանագիտություն, սակայն, նրա խոսքով, լարվածությունը պայմանավորված է Ռուսաստանի գործողություններով, որոնք, ըստ նրա, ուղղված են Հայաստանի ինքնիշխանության սահմանափակմանը։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Խուրշուդյանը ընդգծեց Իրանի շուրջ լարվածության աճը և ԱՄՆ‑ի ռազմական կուտակումները տարածաշրջանում։ Նա դիտարկեց նաև Հնդկաստանի վարչապետի՝ Իսրայել կատարած այցը՝ նշելով, որ այն կարող է ազդել լոգիստիկ միջանցքների մրցակցության վրա։ Վերլուծաբանը կարծում է, որ եթե Հնդկաստանը նախընտրի Իսրայելով անցնող ուղին, դա կարող է բացասական լինել Հայաստանի համար, քանի որ կնվազեցնի Հայաստանով անցնող հյուսիս-հարավ միջանցքի նշանակությունը։
Ամփոփելով՝ Հովսեփ Խուրշուդյանը շեշտեց, որ ընտրությունը, նրա համոզմամբ, միայն ընտրատեղամասերում չէ, այլ նաև աշխարհաքաղաքական ուղղության հարցում է, և հանրային տրամադրությունները ձևավորվում են արդեն հիմա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
