Եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրահանգի չանդրադառնալ որոշ թեմաների, ապա ներքին հանրային դաշտում հազիվ թե գտնվեն այլ կարծիքներ բարձրաձայնողներ։
Վահրամ Աթանեսյան
1inTV‑ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում ներկայացվում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված կարևոր փոփոխությունները, մասնավորապես՝ ռուս սահմանապահների հեռացումը թուրքական սահմանի անցակետերից և վերահսկողության հանձնումը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: Քննարկվում է Ադրբեջանի նախագահի թշնամական հռետորաբանությունը, որը նպատակ ունի լարվածություն սերմանել Հայաստանի ներքաղաքական կյանքում և խաթարել խաղաղության գործընթացը։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ Սումգայիթի դեպքերի տարելիցի առթիվ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը պետք է դիտարկել որպես անուղղակի պատասխան՝ փետրվարի 26-ին օկուպացված Ասկերանի շրջանում«Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններին։ Նրա խոսքով՝ համատեղ պատասխանատվության մասին խոսելիս պետք է հասկանալ, որ անցյալի ցավալի իրադարձությունները հնարավոր է քննարկել միայն համատեղ ձևաչափով՝ պատմաբանների, իրավագետների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ և փորձել հասնել ընդհանուր եզրակացության։
Աթանեսյանը կարծում է, որ խաղաղությունը չի կարող լինել ինստիտուցիոնալ և կայուն, եթե պատմության վերաբերյալ կողմերի գնահատականները շարունակաբար տարբեր են եղել և մնում են տարբեր։ Նա ընդգծեց, որ Սումգայիթի իրադարձությունների միջազգային ընկալումը տարբերվում է ադրբեջանական մեկնաբանությունից, իսկ Խոջալուի դեպքերի շուրջ հայկական կողմը տարիներ շարունակ համարժեք անդրադարձ չի ունեցել, ինչի հետևանքով դրանց ենթատեքստը նույնիսկ հայ հանրության համար լիովին բացված չէ։ Ըստ նրա՝ խաղաղությանգ ործընթացի հետագա փուլերից մեկում կողմերը պետք է փորձեն համաձայնության գալ նաև այդ հարցում։

Վահրամ Աթանեսյանի գնահատմամբ՝ պատմության համընդհանուր, երկու ժողովուրդների համար ընդունելի գնահատական ձևավորելը չափազանց բարդ խնդիր է և կարող է պահանջել սերունդների ջանք։ Նա դիտարկում է, որ ներկայումս ադրբեջանական կողմից նման պատրաստակամություն չի նկատվում, հատկապես ամենաբարձր քաղաքական մակարդակում։ Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրահանգի չանդրադառնալ որոշ թեմաների, ապա ներքին հանրային դաշտում հազիվ թե գտնվեն այլ կարծիքներ բարձրաձայնողներ։
Աթանեսյանը շեշտեց, որ երբ խաղաղության պայմանագիր նախաստորագրած երկրի նախագահը հայտարարում է, թե «թշնամին պետք է մշտապես վախենա», դա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Նրա կարծիքով՝ այդպիսի ձևակերպումները հակասում են խաղաղության տրամաբանությանը և կարող են ուղղված լինել նաև Հայաստանի ներքաղաքական դաշտի սրմանը։ Նա նշեց, որ մի կողմից քննարկվում են տնտեսական հաղորդակցությունների և առևտրի հնարավորություններ, մյուս կողմից հնչում են վախի մթնոլորտ ձևավորող հայտարարություններ, ինչըհ ակասական իրավիճակ է ստեղծում։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա սահմանի անցակետերից ռուս սահմանապահների դուրսբերմանը՝ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ դժվար է պատկերացնել, թե Հայաստանը նման քայլեր է անում առանց Թուրքիայի հետ քննարկումների։ Նրա կարծիքով՝ գործընթացը փոխադարձ է, քանի որ տեղեկություններ կան նաև թուրքական կողմում ենթակառուցվածքների պատրաստման մասին։ Նա կարծում է, որ այս փուլում Թուրքիան հետաքրքրված է Հայաստանի հետ ուղղակի առևտրով և բեռնափոխադրումների կազմակերպմամբ։
Աթանեսյանը դիտարկում է, որ ներկայումս հայ-թուրքական առևտուրը իրականացվում է հիմնականում Վրաստանի տարածքով, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում, և ուղիղ սահմանային հաղորդակցությունը կարող է տնտեսական առումով շահավետ լինել։ Նա նշեցնաև, որ եթե ապագայում իրականացվեն փոխադարձ բեռնափոխադրումներ Հայաստանի տարածքով՝ դեպի Թուրքիա կամ Ադրբեջան, ապա դա արդեն բոլորովին այլ մակարդակի կոմունիկացիաների մասին կվկայի։Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման քայլերը կարող են նույնիսկ նախորդել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան հրապարակայնորեն չի հայտարարել, թե պայմանագրի ստորագրումը հետաձգում է, և հնարավոր է, որ սահմանային որոշ գործընթացներ կյանքի կոչվեն ավելի վաղ, քան խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը։
Վահրամ Աթանեսյանը եզրափակեց, որ ներկայումս պետք է պահպանել զգոն լավատեսություն և հետևել գործընթացների զարգացմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանային բարդ և փոխկապակցված քաղաքական իրողությունները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
