Եթե կան ապացույցներ լրտեսության մասին, ապա պետք է գործել իրավական, ոչ թե քաղաքական դաշտում։
Արսեն Խառատյան
Հայաստանի Հանրային Ռադիոյի եթերում Ալիք Մեդիայի հիմնադիր, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը վերլուծում է ընդհանուր իրավիճակը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Քննարկվում է երկրի աշխարհքաղաքական կողմնորոշումը, որտեղ իշխող ուժը հակված է դեպի Արևմուտք, իսկ ընդդիմությունը՝ դեպի Ռուսաստան։ Զրույցն անդրադառնում է նաև պետություն-եկեղեցի բարդ հարաբերություններին և հոգևորականների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների մեղադրանքներին։ Կարևորվում է արտաքին միջամտության և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցը, ինչի համար կառավարությունը դիմել է Եվրոպական միության աջակցությանը։
Խառատյանը նշեց, որ ընտրությունների նախաշեմին Հայաստանի քաղաքական խճանկարը դառնում է ավելի բազմաշերտ ու գունեղ, քան կարելի էր պատկերացնել։ Նրա խոսքով՝ երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում պաշտոնապես գրանցված է շուրջ 120 կուսակցություն, սակայն նախորդ խորհրդարանում ներկայացված էին ընդամենը երեք քաղաքական ուժեր՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» և երկու ընդդիմադիր խմբակցություններ, որոնք ասոցացվում են նախկին նախագահների հետ։
«Դեռ վաղ է կանխատեսումներ անել»,– ասաց նա՝ ընդգծելով, որ արդեն տեսանելի է, թե ինչպես են թե՛ խորհրդարանում ներկայացված ուժերը, թե՛ նոր ձևավորվող միավորումները նախապատրաստվում ընտրություններին։ Նրա կարծիքով՝ հիմնական հարցը ոչ այնքան ուժերի հարաբերակցությունն է, որքան այն, թե ինչ օրակարգով է ընթանալու նախընտրական պայքարը։ Նա դիտարկում է, որ քարոզարշավի առանցքը, ամենայն հավանականությամբ, լինելու է Հայաստանի ապագա արտաքին քաղաքական ուղղությունը՝ դեպի Արևմուտք, թե՞ հարաբերությունների խորացում Ռուսաստանի հետ։
Նա ընդգծեց, որ ցանկալի կլիներ, որպեսզի ոչ մի քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չունենա։ Նրա համոզմամբ՝ կոալիցիոն կառավարումը և բանակցային մշակույթը կարող են նպաստել զսպումների և հակակշիռների մեխանիզմների ամրապնդմանը։ «Այսսահմանադրությամբ կայուն մեծամասնություն ունեցող ուժը փաստացի ստանում է գրեթե բացարձակ իշխանություն, ինչը ժողովրդավարության համար վտանգավոր է»,– նշեց նա։
Խոսելով ընտրական շրջանի մասին՝ Խառատյանը այն բնութագրեց որպես հասարակության կայունության լակմուսի թուղթ՝ ընդգծելով սթափ մտածողության և ապատեղեկատվությունից զերծ մնալու կարևորությունը։ Նրա խոսքով՝ Եվրամիության հնարավոր ներգրավումը՝ ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում, կարելի է դիտարկել ոչ թե որպես արտաքին միջամտություն, այլ հակառակը՝ որպես արտաքին միջամտությունների կանխարգելման միջոց։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ երկրում ձևավորվի իրավիճակ, որը կհիշեցնի Վրաստանի սցենարը՝ եվրոպական ուղղությունից հետ քայլով, նա նշեց, որ Հայաստանը յուրահատուկ իրավիճակում է։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը միակ հետխորհրդային երկիրն է, որտեղ երեք նախկին նախագահներն էլ ողջ են, ազատության մեջ են և ակտիվորեն ներգրավված քաղաքական կյանքում։ Նա հավելեց, որ ընդդիմադիր շրջանակները խոսում են քաղաքական բանտարկյալների մասին, սակայն նախկին նախագահները գտնվում են ազատության մեջ, թեև նրանց դեմ կան դատական գործեր։
Խառատյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը կարող են այդ գործերը ներկայացնել որպես քաղաքական հետապնդում և ձևավորել «ռեպրեսիվ ռեժիմի» մասին օրակարգ։ Նա ընդգծեց, որ եթե ընտրությունների առանցքային հարցը դառնա աշխարհաքաղաքական ընտրությունը՝ Արևմուտք, թե՞ Ռուսաստան, ապա քաղաքական դաշտը հստակ կբաժանվի։ Նրա գնահատմամբ՝ իշխող ուժը կգլխավորի արևմտամետ օրակարգը, մինչդեռ մյուս ուժերը կփորձեն իրենց տեղը գտնել ռուսամետ դաշտում։
Անդրադառնալով պետություն-եկեղեցի հարաբերություններին՝ կոնֆլիկտաբանը շեշտեց, որ ըստ օրենքի՝ Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես և մյուս գրանցված կրոնական կազմակերպությունները, առանձնացված են պետությունից, թեև ունի հատուկ սահմանադրական կարգավիճակ։ Նրա խոսքով՝ խնդրի մեջ կաքաղաքական բաղադրիչ, քանի որ որոշ հոգևորականներ ակտիվորեն ներգրավվել են քաղաքական գործընթացներում։ «Եթե կան ապացույցներ լրտեսության մասին, ապա պետք է գործել իրավական, ոչ թե քաղաքական դաշտում»,–ասաց Խառատյանը՝ ընդգծելով, որ ներկայումս տեսնում է ավելի շատ քաղաքական, քան իրավական գործընթաց։
Նա նաև նշեց, որ ակնկալում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԱՄՆ կառույցների, հստակ և մանրամասն գնահատականներ կրոնական ազատությունների և պետություն–եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ։
Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ Խառատյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է պահպանի զգուշավոր և հավասարակշռված դիրքորոշում։ Նրա համոզմամբ՝ Իրանի շուրջ զարգացումների պարագայում լավագույն տարբերակը դիվանագիտական լուծումն է և չեզոքության պահպանումը։ Նա կտրականապես հերքեց այն պնդումները, թե Հայաստանը կարող է դառնալ որևէ հակաիրանական գործողության հարթակ՝ դրանք անվանելով ապատեղեկատվություն։ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանայի նկայունությամբ և խաղաղ դիվանագիտականգ ործընթացներով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
