Ո՞րն է ՀՀ առաջնահերթությունը։ Պաշտպանել Խաղաղության օրակարգը, անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս փխրուն խաղաղությունը հանկարծ որևէ կերպ չտուժի։ Անել այն ամենը, որ այս փոթորիկը անցնի Հայաստանի կողքով, քանի որ ևս մեկ աշխարհաքաղաքական բախման մեջ մտնելը կարող է կյանք արժենալ։
Մեր Ուղին
Հայաստանում ընդդիմությունը վաղուց արդեն դադարեցրել է իր քաղաքական գործունեությունն ու անցել աղմկոտ հայհոյանքի։ Ու քանի որ այլևս ոչ մի հնարավորություն չկա որևէ հարցում որևէ բան փոխելու համար, ապա ԱՄՆ քավորությամբ վերսկսված իրանա-իսրայելական պատերազմը ևս մեկ առիթ է իշխանություններին հայհոյելու և անգործության մեջ մեղադրելու համար։ Ընդ որում աչք է ծակում այն, որ Իրանի «սիրահարների» մեջ մեծ թիվ են կազմում հենց ռուսամետները։ Այս սարսափելի պատերազմը, որ շարունակում է անմեղ մարդկանց ու երեխաների կյանքեր խլել և սպառնում է հրդեհել ողջ տարածաշրջանը ու այն մատնել երկարատև ու բորբոքուն քաոսի, հայկական ընդդիմության համար ընդամենը ևս մեկ առիթ է իշխանությանն ու չեզոք հատվածին ֆեյսբուքյան ահաբեկության ենթարկել առ այն, «մեզ ձեզ զգուշացրել ենք, ուշքի եկեք, շարժվեք տեղներիցդ» և այլն։ Ու այստեղ հարցն իշխանության լավը կամ վատ լինելը չէ։ Իշխանություններին քննադատելու անհաշիվ առիթներ կան՝ դեռևս 2018թ․ սկսած մեծախոսությունից ու անհեռատեսությունից մինչև կադրային քաղաքականություն, ամեն ինչում արդարանալու միտում և այլն, բայց հարցն այսօր այդ չէ, այլ այն, որ ընդդիմությունն արդեն ինքն իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է խոսում և ինչու։ Ընդդիմությունն ուղղակի աղմկում է, ոչ ավելին։
Ամենից հետաքրքիրն այն է, որ ընդդիմությունը հատկապես շեշտում է այն, որ․ «Հարևան երկրում պատերազմ է, իսկ Փաշինյանը պեռաշկի է ուտում» կամ հրճվում են, որ Արտաշատում խանութի աշխատակիցը վարչապետին ներս չի թողել և այլն։ Ուրախանում են, որ կարող են Փաշինյանին մեղադրել իր անլրջության մեջ, քանի որ վերջինս «պեռաշկի է ուտում, փոխանակ․․․․» ու այստեղ էլ ավարտվում է անհասցե քննադատությունը։ Ավարտվում է, քանի որ ընդդիմադիրներն ու նրանց մերձացած վերլուծաբանների մի մասն այդպես էլ չի ասում, թե հատկապես ի՞նչ է ընկալում կառավարությունից ու հասարակ մարդուց։ Ի՞նչ պետք է անի կառավարությունը և ինչ պետք է անի հասարակ մարդը այս իրավիճակում։ Օրինակ ի՞նչ պիտի անի կառավարությունը, որ չի արել։ Հետաքրքիր է, թե ֆեյսբուքում հայհոյախառը մեկնաբանող մարդիկ որքանո՞վ են տեղյակ, թե ՀՀ‑ն այս պարագայում ում հետ ինչ է խոսել, խոսել է, թե ոչ, կամ ինչ պիտի խոսեր, որ չի խոսել։ Կամ էլ հերթական աղմուկն է, թե Հայաստանն ինչո՞ւ չի ցավակցել Խամենեյի մահվան կապակցությամբ և այլն։
Ըստ էության բարձրացվող հարցերը սիրողական են, մի քանիսը՝ արարողակարգային բնույթի, իսկ մի մասն էլ՝ հենց այնպես։ Նորից կրկնենք, հարցը կառավարության ու հենց Փաշինյանի «պեռաշկի ուտելու» լավն ու վատը չէ, դա այլ թեմա է, այլ այն, թե ընդդիմությունն ու նրանց վերլուծաբանները ի՞նչ են առաջարկում «պեռաշկու փոխարեն»։ Փաշինյանի «պեռաշկու» էսթետիկ լինել-չլինելն ամեն մարդու համար իր ճաշակի հարցն է, բայց ոչ դա Իրան-Իսրայել պատերազմի հետ ոչ մի կապ չունի, պարզ բան է։ Փաշինյանի ու մանկապարտեզի նախկին տնօրենի հոր հետ ունեցած լեզվակռիվը նույնպես։
Զարմանալի է նաև այն, որ ընդդիմության կամ նրանց կողմնակիցների շարքերից հնչում են խոսքեր այն մասին, որ Հայաստանը «դավաճանում է» իր բարեկամ Իրանին ու «օրինակներ ե բերվում», թե ինչպես է Իրանը միշտ օգնել Հայաստանին ու Հայաստանը հիմա «երախտամոռություն է անում»։ Նախ շատ տարօրինակ է, որ պատասխանատու պաշտոններ չզբաղեցրած մարդիկ խոսում են այնպիսի բաների մասին, որ կարող է տեղյակ լինել միայն բարձր պաշտոնյան, իսկ հետո՝ հիշեցում․ աշխարհում ոչ մի պետություն բարեկամ չունի։ Ամեն երկիր ինչ անում է, անում է միայն սեփական շահի ակնկալիքով։ Դա նորմալ է։ Եթե ընդդիմությունը նկատի ունի, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ Հարավային Կովկասում սահմանների փոփոխություն թույլ չի տա, ապա այստեղ կա երկու նկատառում․ նախ Իրանը դա արել է միայն ու միայն իր սեփական շահերի համար(ինչը նորմալ է), իսկ երկրորդը՝ Իրանը արդեն մի քանի անգամ թույլ է տվել այդ փոփոխությունները։ Եթե չխոսենք Արցախի կորստի մասին, որի առիթով Իրանն ի դեպ շնորհավորել է Բաքվին, ապա Թեհրանը մատը մատին չի խփել ադրբեջանական ջոկատների ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու ժամանակ։ Նորմալ է, Իրանին միայն Սյունիքի սահմանային հատվածն է հետաքրքրում ու վերջ։ Այդ դեպքում ի՞նչ հավերժ բարեկամության մասին է խոսք գնացել ու գնում։ 90-ականների օգնությա՞ն։ Իսկ քննադատները տեղյա՞կ են, որ Իրանն ու Իսրայելը վաղեմի թշնամիներ են ու Արցախի առաջին պատերազմի ժամանակ ևս այն դարձել է առիթ, որպեսզի Իրանն ու Իսրայեը Հայաստանին գաղտնի, իսկ Ադրբեջանին բացեցիբաց օգնեն բացառապես սեփական շահերի համար։
Իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանը։ Ենթադրենք թե Փաշինյանը մի կողմ նետեց իր կարկանդակն ու անմիջապես ԱԽ նիստ հրավիրեց ու այնտեղ․․․․ի՞նչ որոշեցին։ Հայաստանը կարո՞ղ է ՄԱԿ անվտանգության նիստ հրավիրել, կարո՞ղ է Իսրայելին ու ԱՄՆ-ին ստիպել դադարեցնել հարձակումները, կարո՞ղ է ռազմական օգնություն տրամադրել Իրանին, կարո՞ղ է այնպես անել, որ այդ կռիվը դադարի կամ նման մի բան։ Բնական է, որ ոչ։ Ու եթե Հայաստանը իրոք չի կարող որևէ էական ու նշանակի մի բան անել, ապա ի՞նչ է ակնկալում ընդդիմությունը։ Որպեսզի Հայաստանը կոչ անի՞։ Արդյո՞ք ազնիվ կլինի բավարարվել կոչով, հատկապես մեզ համար, երբ վերջին վեց տարում մի քանի արյունահեղություն ենք ապրել ու շատ լավ գիտենք, որ այդ կոչերը գրոշի արժեք չունեն։ Իսկ միգուցե իրո՞ք Խաչիկ Ասրյանին իր կամավորական գնդով ուղարկի Թեհրան՝ ԱՄՆ դեմ կռվելու համար։
Այդ դեպքում ո՞րն է ՀՀ առաջնահերթությունը։ Պաշտպանել Խաղաղության օրակարգը, անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս փխրուն խաղաղությունը հանկարծ որևէ կերպ չտուժի։ Անել այն ամենը, որ այս փոթորիկը անցնի Հայաստանի կողքով, քանի որ ևս մեկ աշխարհաքաղաքական բախման մեջ մտնելը կարող է կյանք արժենալ։
Իսկ ընդդիմությունը ավելի լավ կանի իրանական ողբերգությունները չօգտագործի սեփական շահերի համար։ Իրանցի սպանված երեխաները չպետք է դառնան Փաշինյանի դեմ խաղարկվող կոզիր։ Անիմաստ է ու նաև ամոթ է։
Հայաստանը չի կարող պաշտպանել որևէ մեկ կողմին։ Մի կողմում իր դարավոր հարևանն է, մյուս կողմում գերտերության ներկայացուցիչը, ընդ որում այն գերտերության, որը մասնակից է Խաղաղության օրակարգի։ Արդյո՞ք մենք կարող ենք այնքան արկածախնդիր լինել, որ անհեթեթ հայտարարություններով վտանգենք այն, ինչը մի կերպ ենք ձեռք բերել։
Դե իսկ այն, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է առջնահերթ անհանգստանալ Իրանի հայ համայնքի համար ու օժանդակել հնարավոր ու անհնար ամեն ինչով, դա պարզ է, ինչպես նաև այն, որ Հայաստան ժամանելու դեպքում Հայաստանը իրոք եղբայրաբար կընդունի ու անհրաժեշտ օգնություն ցույց կտա ամեն իրանցու, ով իր կյանքը փրկելու համար ստիպված է եղել տեղափոխվել Հայաստան։
Հայաստանից այլ բան մի պահանջեք։ Հայաստանը ոչ թե չի ուզում, այլ չի կարող տալ։
