26.1 C
Yerevan

Իրան-Իսրա­յել Պատե­րազմ․ Ի՞նչ Է Ուզում Ընդդի­մությունը

Ո՞րն է ՀՀ առաջնա­հերթությունը։ Պաշտպա­նել Խաղա­ղության օրա­կարգը, անել հնա­րա­վոր ամեն ինչ, որպեսզի այս փխրուն խաղա­ղությունը հանկարծ որևէ կերպ չտուժի։ Անել այն ամե­նը, որ այս փոթո­րի­կը անցնի Հայաստա­նի կողքով, քանի որ ևս մեկ աշխարհա­քա­ղա­քա­կան բախման մեջ մտնե­լը կարող է կյանք արժե­նալ։ 

Մեր Ուղին

Հայաստա­նում ընդդի­մությունը վաղուց արդեն դադա­րեցրել է իր քաղա­քա­կան գործունեությունն ու անցել աղմկոտ հայհո­յանքի։ Ու քանի որ այլևս ոչ մի հնա­րա­վո­րություն չկա որևէ հարցում որևէ բան փոխե­լու համար, ապա ԱՄՆ քավո­րությամբ վերսկսված իրա­նա-իսրա­յե­լա­կան պատե­րազմը ևս մեկ առիթ է իշխա­նություննե­րին հայհո­յե­լու և անգործության մեջ մեղադրե­լու համար։ Ընդ որում աչք է ծակում այն, որ Իրա­նի «սիրա­հարնե­րի» մեջ մեծ թիվ են կազմում հենց ռուսա­մետնե­րը։  Այս սարսա­փե­լի պատե­րազմը, որ շարունա­կում է անմեղ մարդկանց ու երե­խա­նե­րի կյանքեր խլել և սպառնում է հրդե­հել ողջ տարա­ծաշրջա­նը ու այն մատնել երկա­րատև ու բորբո­քուն քաո­սի, հայկա­կան ընդդի­մության համար ընդա­մե­նը ևս մեկ առիթ է իշխա­նությանն ու չեզոք հատվա­ծին ֆեյսբուքյան ահա­բե­կության ենթարկել առ այն, «մեզ ձեզ զգուշացրել ենք, ուշքի եկեք, շարժվեք տեղնե­րիցդ» և այլն։ Ու այստեղ հարցն իշխա­նության լավը կամ վատ լինե­լը չէ։ Իշխա­նություննե­րին քննա­դա­տե­լու անհա­շիվ առիթներ կան՝ դեռևս 2018թ․ սկսած մեծա­խո­սությունից ու անհե­ռա­տե­սությունից մինչև կադրա­յին քաղա­քա­կա­նություն, ամեն ինչում արդա­րա­նա­լու միտում և այլն, բայց հարցն այսօր այդ չէ, այլ այն, որ ընդդի­մությունն արդեն ինքն իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է խոսում և ինչու։ Ընդդի­մությունն ուղղա­կի աղմկում է, ոչ ավե­լին։

Ամե­նից հետաքրքիրն այն է, որ ընդդի­մությունը հատկա­պես շեշտում է այն, որ․ «Հարև­ան երկրում պատե­րազմ է, իսկ Փաշինյա­նը պեռաշկի է ուտում» կամ հրճվում են, որ Արտա­շա­տում խանութի աշխա­տա­կի­ցը վարչա­պե­տին ներս չի թողել և այլն։ Ուրա­խա­նում են, որ կարող են Փաշինյա­նին մեղադրել իր անլրջության մեջ, քանի որ վերջինս «պեռաշկի է ուտում, փոխա­նակ․․․․» ու այստեղ էլ ավարտվում է անհասցե քննա­դա­տությունը։ Ավարտվում է, քանի որ ընդդի­մա­դիրներն ու նրանց մերձա­ցած վերլուծա­բաննե­րի մի մասն այդպես էլ չի ասում, թե հատկա­պես ի՞նչ է ընկա­լում կառա­վա­րությունից ու հասա­րակ մարդուց։ Ի՞նչ պետք է անի կառա­վա­րությունը և ինչ պետք է անի հասա­րակ մարդը այս իրա­վի­ճա­կում։ Օրի­նակ ի՞նչ պիտի անի կառա­վա­րությունը, որ չի արել։ Հետաքրքիր է, թե ֆեյսբուքում հայհո­յա­խա­ռը մեկնա­բա­նող մարդիկ  որքանո՞վ են տեղյակ, թե ՀՀ‑ն այս պարա­գա­յում ում հետ ինչ է խոսել, խոսել է, թե ոչ, կամ ինչ պիտի խոսեր, որ չի խոսել։ Կամ էլ հերթա­կան աղմուկն է, թե Հայաստանն ինչո՞ւ չի ցավակցել Խամե­նե­յի մահվան կապակցությամբ և այլն։

Ըստ էության բարձրացվող հարցե­րը սիրո­ղա­կան են, մի քանի­սը՝ արա­րո­ղա­կարգա­յին բնույթի, իսկ մի մասն էլ՝ հենց այնպես։ Նորից կրկնենք, հարցը կառա­վա­րության ու հենց Փաշինյա­նի «պեռաշկի ուտե­լու» լավն ու վատը չէ, դա այլ թեմա է, այլ այն, թե ընդդի­մությունն ու նրանց վերլուծա­բաննե­րը ի՞նչ են առա­ջարկում «պեռաշկու փոխա­րեն»։ Փաշինյա­նի «պեռաշկու» էսթե­տիկ լինել-չլի­նելն ամեն մարդու համար իր ճաշա­կի հարցն է, բայց ոչ դա Իրան-Իսրա­յել պատե­րազմի հետ ոչ մի կապ չունի, պարզ բան է։ Փաշինյա­նի ու մանկա­պարտե­զի նախկին տնօ­րե­նի հոր հետ ունե­ցած լեզվակռի­վը նույնպես։ 

Զարմա­նա­լի է նաև այն, որ ընդդի­մության կամ նրանց կողմնա­կիցնե­րի շարքե­րից հնչում են խոսքեր այն մասին, որ Հայաստա­նը «դավա­ճա­նում է» իր բարե­կամ Իրա­նին ու «օրի­նակներ ե բերվում», թե ինչպես է Իրա­նը միշտ օգնել Հայաստա­նին ու Հայաստա­նը հիմա «երախտա­մո­ռություն է անում»։ Նախ շատ տարօ­րի­նակ է, որ պատասխա­նա­տու պաշտոններ չզբա­ղեցրած մարդիկ խոսում են այնպի­սի բանե­րի մասին, որ կարող է տեղյակ լինել միայն բարձր պաշտոնյան, իսկ հետո՝ հիշե­ցում․ աշխարհում ոչ մի պետություն բարե­կամ չունի։ Ամեն երկիր ինչ անում է, անում է միայն սեփա­կան շահի ակնկա­լի­քով։ Դա նորմալ է։ Եթե ընդդի­մությունը նկա­տի ունի, որ Իրա­նը բազմիցս հայտա­րա­րել է, որ Հարա­վա­յին Կովկա­սում սահմաննե­րի փոփո­խություն թույլ չի տա, ապա այստեղ կա երկու նկա­տա­ռում․ նախ Իրա­նը դա արել է միայն ու միայն իր սեփա­կան շահե­րի համար(ինչը նորմալ է), իսկ երկրորդը՝ Իրա­նը արդեն մի քանի անգամ թույլ է տվել այդ փոփո­խություննե­րը։ Եթե չխո­սենք Արցա­խի կորստի մասին, որի առի­թով Իրանն ի դեպ շնորհա­վո­րել է Բաքվին, ապա Թեհրա­նը մատը մատին չի խփել ադրբե­ջա­նա­կան ջոկատնե­րի ՀՀ սուվե­րեն տարածք ներխուժե­լու ժամա­նակ։ Նորմալ է, Իրա­նին միայն Սյունի­քի սահմա­նա­յին հատվածն է հետաքրքրում ու վերջ։ Այդ դեպքում ի՞նչ հավերժ բարե­կա­մության մասին է խոսք գնա­ցել ու գնում։ 90-ականնե­րի օգնությա՞ն։ Իսկ քննա­դատնե­րը տեղյա՞կ են, որ Իրանն ու Իսրա­յե­լը վաղե­մի թշնա­մի­ներ են ու Արցա­խի առա­ջին պատե­րազմի ժամա­նակ ևս այն դարձել է առիթ, որպեսզի Իրանն ու Իսրա­յեը Հայաստա­նին գաղտնի, իսկ Ադրբե­ջա­նին բացե­ցի­բաց օգնեն բացա­ռա­պես սեփա­կան շահե­րի համար։ 

Իսկ ի՞նչ կարող է անել Հայաստա­նը։ Ենթադրենք թե Փաշինյա­նը մի կողմ նետեց իր կարկանդակն ու անմի­ջա­պես ԱԽ նիստ հրա­վի­րեց ու այնտեղ․․․․ի՞նչ որո­շե­ցին։ Հայաստա­նը կարո՞ղ է ՄԱԿ անվտանգության նիստ հրա­վի­րել, կարո՞ղ է Իսրա­յե­լին ու ԱՄՆ-ին ստի­պել դադա­րեցնել հարձա­կումնե­րը, կարո՞ղ է ռազմա­կան օգնություն տրա­մադրել Իրա­նին, կարո՞ղ է այնպես անել, որ այդ կռի­վը դադա­րի կամ նման մի բան։ Բնա­կան է, որ ոչ։ Ու եթե Հայաստա­նը իրոք չի կարող որևէ էական ու նշա­նա­կի մի բան անել, ապա ի՞նչ է ակնկա­լում ընդդի­մությունը։ Որպեսզի Հայաստա­նը կոչ անի՞։ Արդյո՞ք ազնիվ կլի­նի բավա­րարվել կոչով, հատկա­պես մեզ համար, երբ վերջին վեց տարում մի քանի արյունա­հե­ղություն ենք ապրել ու շատ լավ գիտենք, որ այդ կոչե­րը գրո­շի արժեք չունեն։ Իսկ միգուցե իրո՞ք Խաչիկ Ասրյա­նին իր կամա­վո­րա­կան գնդով ուղարկի Թեհրան՝ ԱՄՆ դեմ կռվե­լու համար։  

Այդ դեպքում ո՞րն է ՀՀ առաջնա­հերթությունը։ Պաշտպա­նել Խաղա­ղության օրա­կարգը, անել հնա­րա­վոր ամեն ինչ, որպեսզի այս փխրուն խաղա­ղությունը հանկարծ որևէ կերպ չտուժի։ Անել այն ամե­նը, որ այս փոթո­րի­կը անցնի Հայաստա­նի կողքով, քանի որ ևս մեկ աշխարհա­քա­ղա­քա­կան բախման մեջ մտնե­լը կարող է կյանք արժե­նալ։ 

Իսկ ընդդի­մությունը ավե­լի լավ կանի իրա­նա­կան ողբերգություննե­րը չօգտա­գործի սեփա­կան շահե­րի համար։ Իրանցի սպանված երե­խա­նե­րը չպետք է դառնան Փաշինյա­նի դեմ խաղարկվող կոզիր։ Անի­մաստ է ու նաև ամոթ է։

Հայաստա­նը չի կարող պաշտպա­նել որևէ մեկ կողմին։ Մի կողմում իր դարա­վոր հարև­անն է, մյուս կողմում գերտե­րության ներկա­յա­ցուցի­չը, ընդ որում այն գերտե­րության, որը մասնա­կից է Խաղա­ղության օրա­կարգի։ Արդյո՞ք մենք կարող ենք այնքան արկա­ծախնդիր լինել, որ անհե­թեթ հայտա­րա­րություննե­րով վտանգենք այն, ինչը մի կերպ ենք ձեռք բերել։

Դե իսկ այն, որ ՀՀ կառա­վա­րությունը պարտա­վոր է առջնա­հերթ անհանգստա­նալ Իրա­նի հայ համայնքի համար ու օժանդա­կել հնա­րա­վոր ու անհնար ամեն ինչով, դա պարզ է, ինչպես նաև այն, որ Հայաստան ժամա­նե­լու դեպքում Հայաստա­նը իրոք եղբայրա­բար կընդունի ու անհրա­ժեշտ օգնություն ցույց կտա ամեն իրանցու, ով իր կյանքը փրկե­լու համար ստիպված է եղել տեղա­փոխվել Հայաստան։

Հայաստա­նից այլ բան մի պահանջեք։ Հայաստա­նը ոչ թե չի ուզում, այլ չի կարող տալ։

Առնչվող Հոդվածներ