«Դաշնակցականին վայել աննկուն կամքով», իրականում՝ իբրեւ դեռեւս Չարենցի կողմից քանդակված խանութպան Համո, որ պատերազմը տեսնում էր իբրեւ ճոխ խրախճանք, որտեղ պիտի հորդա իր խանութի անհաշիվ գինին:
Վահրամ Աթանեսյան
1989–2015 թվականներին Ստեփանակերտում իմ աշխատավարձը հավասար է եղել կուսմարզկոմի բաժնի վարիչի, հետագայում՝ ՊԲ գումարտակի հրամանատարի, այնուհետեւ՝ ԼՂՀ նախարարի աշխատավարձին: Չխոսած «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ամսական վաստակը, որ ԼՂՀ նախագահի աշխատավարձից բարձր էր: Հավելեմ, որ ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ լինելով՝ մշտապես ունեցել եմ նաեւ ստեղծագործական-լրագրողական աշխատանքից միջինը ամսական հարյուր հազար դրամի հավելյալ եկամուտ: Մոտ երեսուն տարվա ընթացքում հասցրել եմ Ստեփանակերտում ձեռք բերել մեկ երեք սենյականոց, մեկ երկու սենյականոց բնակարան եւ հիմնանորոգել գյուղի հայրական առանձնատունը:

Ամեն ինչ կորցրել եմ: Եւ երբ կարդում եմ, թե պատկան մարմինները նախկին պաշտոնյաներից որպես ապօրինի ունեցվածք ինչ են պահանջում, երբ տեսնում եմ, թե Արցախի նախկին իշխանավորները Երեւանում ինչ լայն քայլքով են ապրում եւ Հայաստանի գործող իշխանությունների «դեմ պայքարում», վերստին համոզվում եմ, որ «ազատ եւ անկախ Արցախը» եղել է պարզապես բիզնես-ծրագիր, փողերի լվացքատուն: Եւ փակվել է, երբ քերելու բան այլեւս չի մնացել: Թե բա՝ «կոռուպցիա կար, բայց հո Արցախ ունեի՞նք»: Դուք, այո, ունեիք: Եւ հանձնեցիք: Ստեփանակերտի քաղաքական կլոունադայի միջոցով, «Արցախը Սարդարապատ է» կեղծախոսության «դափուծնծղաների» խլացուցիչ աղաղակումներով, որպեսզի հարյուր հազար մարդ ուշքի չգա եւ ձեր խեղկատակությունը չտեսնի:
«Դաշնակցականին վայել աննկուն կամքով», իրականում՝ իբրեւ դեռեւս Չարենցի կողմից քանդակված խանութպան Համո, որ պատերազմը տեսնում էր իբրեւ ճոխ խրախճանք, որտեղ պիտի հորդա իր խանութի անհաշիվ գինին:
Վահրամ Աթանեսյան
