Ախուրիկ անցակետից ռուսական ներկայության դադարեցումը տեղավորվում է փուլային փոփոխությունների ընդհանուր շղթայում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Լեհաստանում Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների պահպանման մասին պետք է դիտարկել դիվանագիտական հարթության մեջ։
Շահան Գանտահարյան
1inTV‑ն զրուցել է Բեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական լարվածությունը՝ կենտրոնանալով Պակիստան-Աֆղանստան սահմանային բախումների վրա։ Գանտահարյանը ներկայացնում է Հայաստանից ռուսական սահմանապահ զորքերի հեռացումը որպես մտածված փուլային գործընթաց, որը սկիզբ է առել «Զվարթնոց» օդանավակայանից և այժմ շարունակվում է Ախուրիկի անցակետում։ Ըստ վերլուծության, Գյումրու 102-րդ ռազմաբազայի ապագա կարգավիճակը ուղղակիորեն շաղկապված է հայ-թուրքական սահմանի վերջնական բացման և տարածաշրջանային անվտանգային նոր ճարտարապետության ձևավորման հետ։
Շահան Գանտահարյանը, անդրադառնալով Պակիստան-Աֆղանստան լարվածությանը՝ դիտարկեց, որ խոսքը սահմանային բախումների մասին է և ընդգծեց ուժերի անհավասարությունը, հիշեցնելով, որ Պակիստանը միջուկային պետություն է, մինչդեռ Աֆղանստանի զինված խմբավորումները գործում են այլ կառուցվածքով։ Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ բախումների հիմքում լինեն ինչպես ներքին գործոններ, այդ թվում՝ Պակիստանում գործող թալիբանական տարրերի կապերը Աֆղանստանի հետ, այնպես էլ արտաքին ազդակներ։
Գանտահարյանը լայն աշխարհաքաղաքական համատեքստում ընդգծեց, որ տարածաշրջանային անկայունության օջախները աշխարհագրորեն մոտենում են Չինաստանին։ Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ-Չինաստան տնտեսական մրցակցությունը և գլոբալ բևեռացման գործընթացները կարող են ազդել նաև այս բախումների վրա, և անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն ռազմաքաղաքական հարաբերակցության մեջ։

Հայաստան-Թուրքիա սահմանին ռուս սահմանապահների հեռացման թեմային անդրադառնալով՝ Շահան Գանտահարյանը հիշեցրեց, որ նման գործընթացներն արդեն ունեցել են նախադեպեր՝ «Զվարթնոց» օդանավակայանում և հայ-իրանական սահմանին։ Նրա գնահատմամբ՝ Ախուրիկ անցակետից ռուսական ներկայության դադարեցումը տեղավորվում է փուլային փոփոխությունների ընդհանուր շղթայում։ Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Լեհաստանում Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների պահպանման մասին պետք է դիտարկել դիվանագիտական հարթության մեջ։
Գանտահարյանը կարծում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը անմիջական օրակարգ չի դառնա մինչև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորումը և սահմանների բացումը։ Նրա խոսքով՝ խնդիրը պետք է դիտարկել անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման և պատմական նախադրյալների վերանայման համատեքստում։ Նա ընդգծեց, որ խոսքը կտրուկ շրջադարձի մասին չէ, այլ փուլային և հանգրվանային գործընթացի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
