«Կարելիություն չունենալը» կապված է միջոցների՞, թե՞ հանրային հեղինակության սղության հետ: Այսինքն, ղարաբաղյան կարգավորման «փուլային» տարբերակը մերժելուց ոչ ավելի, քան երեք տարի հետո Դաշնակցությունը Հայաստանի եւ Արցախի հանրության առջեւ արդեն չունե՞ր «անձնազոհ նվիրյալի» եւ «Հայ դատի երդվյալ պաշտպանի» հեղինակությունը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 26
«․․․Այսօր կարգավորմանը ընդդիմանալու համար ուժ կուտակելու կարելիություն ունե՞նք, երբ նկատի ենք ունենում, մի քանի ամիսների ընթացքում հավանական է հարցի լուծումը»,- 2001թ. ապրիլի 16‑ի դրությամբ ղարաբաղյան կարգավորման քիուեսթյան «ձեւավորվող փաթեթի» մասին այս համոզումն ուներ ՀՅԴ Բյուրոն:
Դաշնակցության բարձրագույն ղեկավար մարմինը, որի կազմում անշուշտ, կային նաեւ Սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչներ, միանշանակորեն գտնում էր, որ առաջարկվող տարբերակը ոչ թե բացառապես հայանպաստ է,- այն գնահատվել էր որպես «ոչ լրիվ պարտություն»,- այլ դրան ընդդիմանալու համար ուժ կուտակելու կարելիությունն է թեական:
Նախորդիվ անդրադարձել ենք Դաշնակցության խոստովանությանը, որ արդեն երեք տարի է՝ իշխանության մաս է եւ չի կարող նույն հեշտությամբ հակադրվել ղարաբաղյան կարգավորման քիուեսթյան «ձեւավորվող փաթեթին», ինչպես դա անում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ՝ մերժելով նրա կողմից պաշտպանված «փուլային տարբերակը»: Նկատել ենք տվել, որ ՀՅԴ Բյուրոյի գոնե հայաստանաբնակ անդամների համար Ռոբերտ Քոչարյանին չհակադրվելը պայմանավորված էր նաեւ նրանց դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ բանտերից ազատ արձակելու հանգամանքով: Խնդիր է, թե դա միայն Դաշնակցության մի քանի ազդեցիկ անդամների բարոյական պարտավորությու՞ն էր, թե՞՝ կուսակցական: Այսինքն, երկու հայտնի քրեական գործը մեղադրանք էր ՀՅԴ մի քանի անդամների՞, թե՞ կուսակցության դեմ:
Անցած շուրջ երեք տասնամյակներին Դաշնակցությունը մշտապես պնդել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից քաղաքական հալածանքների է ենթարկվել, իսկ քրեական գործով մեղադրյալները քաղբանտարկյալ են եղել: Այս հանգամանքը կարեւոր է, քանի որ ՀՅԴ Բյուրոյի «Շրջաբերականի» հարցադրումը, թե ընդդիմադիր շարժում ձեւավորելու «կարելիություն ունե՞նք», երկիմաստ է: «Կարելիություն չունենալը» կապված է միջոցների՞, թե՞ հանրային հեղինակության սղության հետ: Այսինքն, ղարաբաղյան կարգավորման «փուլային» տարբերակը մերժելուց ոչ ավելի, քան երեք տարի հետո Դաշնակցությունը Հայաստանի եւ Արցախի հանրության առջեւ արդեն չունե՞ր «անձնազոհ նվիրյալի» եւ «Հայ դատի երդվյալ պաշտպանի» հեղինակությունը: Այս հարցի պատասխանը գոնե հասկանալի դարձնելու փոխարեն Դաշնակցության Բյուրոն պատճառ է բերել ժամանակի սղությունը եւ կանխատեսում արել, թե հարցը մի քանի ամսվա ընթացքում կարող է լուծվել: ՀՅԴ պարագայում սա ոչ այնքան արտառոց, որքան շատ պարզամիտ կանխատեսում է:
Քաղաքական մեծ փորձառություն ունեցող կուսակցությունը չէր կարող չգիտակցել, որ եթե անգամ Հաայստանը եւ Ադրբեջանը ղարաբաղյան կարգավորման սկզբունքների հարցում համաձայնության հասնեն, ապա բուն պայմանագրի բանակցումը տարիներ է պահանջելու: Իսկ թե ինչու՞ է ՀՅԴ Բյուրոն այդքան «միամիտ գտնվել»՝ կփորձենք հասկանալ հաջորդ «դասին»:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
