Հայաստանի աշխարհաքաղաքական ռեսուրսը թույլ չի տալիս ներքաշվել նման հակամարտության մեջ։
Վահրամ Աթանեսյան
FreeNews Armenia‑ն զրուցել է Արցախի նախկին պատգմավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում ներկայացվում է Վահրամ Աթանեսյանի խորքային դիտարկումները Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական բացահայտ բախման վերաբերյալ, որն ուղղակիորեն թիրախավորում է Իրանի իշխանական համակարգը և տարածաշրջանային ազդեցությունը։ Աթանեսյանը հիմնավորում է, որ սա սովորական ճգնաժամ չէ, այլ անվտանգային նոր ճարտարապետության ձևավորման փորձ, որտեղ Արևմուտքի և Իսրայելի նպատակն է թուլացնել իրանական գործոնը՝ տնտեսական ու հաղորդակցային նոր միջանցքներ վերահսկելու համար։
Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ ռազմական սցենարը նախապես մշակված էր, իսկ բանակցությունները ծառայել են տեղեկատվական-քարոզչական ֆոն ստեղծելու նպատակին՝ ցույց տալու համար, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցունակ չէ կամ չի ցանկանում հրաժարվել միջուկային ծրագրից։ Նրա գնահատմամբ՝ բանակցությունները մեծ մասամբ ծածկաքող էին։
Աթանեսյանը նշում է, որ եթե խնդիրը միայն միջուկային զենքն էր, ապա հնարավոր էր հղում անել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ֆեթվային և այդ հիմքով հասնել համաձայնության։ Սակայն, նրա դիտարկմամբ, պատերազմը որոշակի իմաստով ձեռնտու է նաև Իրանին։ Նա կարծում է, որ այստեղ բախվում են քաղաքական կազմակերպվածության և պետական գաղափարախոսության ընդգծված տարբերություններ ունեցող բևեռներ։ Արևմտյան և իսրայելական խոսույթը Իրանը ներկայացնում է որպես «չարիքի առանցքի» կենտրոն, մինչդեռ Իրանը ձգտում է իր շիադավան աշխարհակարգային պատկերացումը պաշտպանել և ամրապնդել՝ նույնիսկ ռազմական բախման գնով։
Եթե Իրանին հաջողվի նվազագույն կորուստներով դուրս գալ պատերազմից՝ պահպանելով ռեժիմը, տարածքային ամբողջականությունն ու ռազմական պոտենցիալը, ապա տարածաշրջանում կարող են ձևավորվել երկրներ, որոնք կհամախմբվեն Իրանի շուրջ։ Նա դիտարկում է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից ոչ միայն ռազմական օբյեկտների, այլև իշխանական բուրգի առանցքային դեմքերի թիրախավորումը նպատակ ուներ խարխլել համակարգը և հնարավորություն տալ չափավոր ուժերին ձևավորելու նոր իշխանություն, որը կընդուներ ամերիկյան պայմանները։
Աթանեսյանը կարծում է, որ Խամենեի սպանությունը, հակառակ հաշվարկներին, ավելի շատ համախմբել է իրանական հասարակությանը, քան բողոքի ալիք առաջացրել։ Նրա համոզմամբ՝ այս պահին իրական իշխանությունը կենտրոնացած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի ձեռքում։ Նա նշում է, որ Լարիջանիի հայտարարությունը՝ Միացյալ Նահանգների հետ բանակցելու ոչինչ չունենալու մասին, վկայում է, որ իշխանության լծակները չեն անցել չափավոր թևին։
Հանրային տրամադրությունների մասին խոսելով՝ հրապարակախոսը ընդգծում է, որ Իրանում չկա կազմակերպված ընդդիմադիր գործիչ, ով լայն հանրային աջակցություն ունի։ Նա հիշատակում է միայն թագաժառանգ Ռեզա Փահլավիին, սակայն կարծում է, որ հասարակության մեջ դեռ կենդանի են շահական ռեժիմի հիշողությունները, և երկու սերունդ դաստիարակվել է շիադավան գաղափարախոսության պայմաններում։
Աթանեսյանը համոզված է, որ Իրանի հակահարվածները էսկալացիայի խորացման միտում ունեն։ Նա նշում է, որ եթե Թեհրանը թիրախավորի Պարսից ծոցի արաբական երկրները, ապա դա կարող է փոխել տարածաշրջանային հաշվեկշիռը։ Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները կարող է փորձել կոնսոլիդացնել արևմտյան դաշնակիցներին, սակայն առանց Չինաստանի, Ռուսաստանի և Եվրամիության լիարժեք ներգրավման, այդ ճարտարապետությունը խոցելի է։

Ռուսաստանի վերաբերյալ Աթանեսյանը կարծում է, որ պատերազմը Մոսկվայի համար քաղաքական առումով հակակշիռ է Ուկրաինայի պատերազմին։ Սակայն նա նշում է, որ Իրանը չի ընդունել իր հարստացված ուրանի պաշարները Ռուսաստանին հանձնելու առաջարկը, ինչը վկայում է իրանական կողմի սկզբունքայնության մասին։ Նա ընդգծում է, որ Իրանը առաջնահերթություն է տալիս պետական ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքակրթական արժանապատվությանը։
Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ Վահրամ Աթանեսյանը դիտարկում է, որ Բաքուն դժվար թե գնա բացահայտ երկակի խաղի՝ մի կողմից աջակցելով Իրանի դեմ գործողություններին, մյուս կողմից՝ հայտարարելով եղբայրության մասին։ Նրա համոզմամբ՝ Իրանը հստակ հայտարարել է, որ իր համար կարմիր գծեր այլևս չկան, և ցանկացած երկիր, որը կաջակցի Միացյալ Նահանգներին կամ Իսրայելին, կարող է դառնալ հրթիռային հարձակման թիրախ։
Հայաստանի դիրքորոշման մասին վերլուծաբանը նշում է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ռեսուրսը թույլ չի տալիս ներքաշվել նման հակամարտության մեջ։ Նա հիշեցնում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Թեհրան և Անվտանգության խորհրդի քննարկումները վկայում են, որ պաշտոնական Երևանը կատարում է անհրաժեշտ քայլերը։ Աթանեսյանը կարծում է, որ դիվանագիտությունը հաճախ անտեսանելի աշխատանք է, և հանրային դաշտում ամեն ինչի չհրապարակումը չի նշանակում անգործություն։
Պատերազմի տևողության վերաբերյալ Վահրամ Աթանեսյանը նշում է, որ դժվար է կանխատեսում անել։ Նա ենթադրում է, որ հակամարտությունը կարող է շարունակվել առնվազն այնքան, որքան հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը, սակայն չի բացառում նաև, որ Վաշինգտոնը կարող է աստիճանաբար հետ քաշվել՝ բեռը թողնելով Իսրայելի վրա։ Նրա համոզմամբ՝ եթե գտնվի մի մոդուս, որը կբավարարի Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի աշխարհաքաղաքական շահերը, դա կլինի լավագույն լուծումը, թեև այդ հավանականությունը փոքր է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
