Ի՞նչ հարցեր են նրանք քննարկել, մնում է գաղտնիք: Գաղտնիք է նաեւ, թե արդյոք Սամվել Բաբայանը կամ նրա լիազորած նույնպե՞ս շփվել է Ջեյհուն Շադլինսկու հետ, թե՞ Ադրբեջանը Արցախի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի հետ կապի առանձին «խողովա՞կ է ունեցել»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 99
Վստահելի աղբյուրները վկայում են, որ Ստեփանակերտում 2023թ. օգոստոսի վերջին օրերին «Ազգային ժողովում երկու լուրջ քննարկում է կայացել»: Դրանք «նախաձեռնել է Արայիկ Հարությունյանը, ներկա են գտնվել նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ինչպես նաեւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը»:
Երկրորդ քննարկման մի քանի մասնակիցներ վկայում են, որ հիմնական «բանավեճը ծավալվել է Արկադի Ղուկասյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ»:
Ղուկասյանը հարց է բարձրացրել, թե արդյոք «իրականությանը համապատասխանու՞մ են տարածված լուրերը, որ Սամվել Բաբայանը ինչ-որ մարդկանց միջոցով Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում»: Սամվել Բաբայանը հարցին դրական է պատասխանել եւ հավելել, որ «բանակցում է Արայիկ Հարությունյանի գիտությամբ»:
Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանի «բացահայտումը» չի հաստատել, բայց եւ չի հերքել:
Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անցած փետրվարին հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեղինակավոր հեռուստաընկերությանը եւ ասել, որ «Ղարաբաղի ներկայացուցիչների հետ մի քանի շփումներ են եղել, նրանց ներկայացվել է վերաինտեգրման ծրագիր, բայց նրանք նախընտրել են տեղափոխվել Հայաստան»:
Ե՞րբ եւ ի՞նչ ձեւաչափի շփումներ են եղել պաշտոնական Բաքվի եւ Արցախի իշխանությունների միջեւ, Ալիեւը, բնականաբար, չի մանրամասնել: Այդ կարգի «բանակցությունների» մասին Ստեփանակերտը երբեք պաշտոնական տեղեկություն չի հրապարակել: Հարցը փակ է մնում առայսօր:
Տեղեկատվության մասնավոր աղբյուրներից հայտնի է, որ Բաքու-Ստեփանակերտ առաջին շփումը կայացել է դեռեւս 2023թ. նոյեմբերին՝ զինադադարի հաստատումից ոչ ավելի, քան երկու շաբաթ հետո:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Ջեյհուն Շադլիսնկու հանդիպումը կայացել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա ավանի տարածքում: Քառասունչորսօրյա պատերազմից հետո Կարմիր շուկան հարավային ուղղությամբ դարձել էր սահմանային բնակավայր, որի տարածքում տեղաբաշխված էին ՊԲ ստորաբաժանումները:
Ադրբեջանում ինչու՞ հատկապես ՊԱԾ տնօրենի առաջին տեղակալ Շադլինսկին է ընտրվել Արցախի իշխանությունների հետ շփումների «բանագնաց»: Ջեյհուն Շադլինսկու մասին բաց աղբյուրների տեղեկությունները չափազանց սուղ են: Ստույգ չէ նույնիսկ նրա ծննդյան վայրը: Որոշ աղբյուրներ նշում են, որ նա ծնվել է «Գերանբոյի շրջանում», այլ տեղեկություններով՝ «նա ծագումով Վեդիից է, ընտանիքը Ադրբեջան է տեղափոխվել 1988թ.-ին, երբ Ջեյհունը դեռեւս դպրոցական էր»: Ուշագրավ է, որ Շադլիսնկին Պետական անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ է նշանակվել՝ թողնելով Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը:
Հարկ է մի շատ կարեւոր արձանագրում անել. Ջեյհուն Շադլինսկին Արայիկ Հարությունյանի հետ շփում է հաստատել մի իրավիճակում, երբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Գյանջայի «խաղաղ թաղամասերը հրթիռահարելու հրաման տալու» մեղադրանքով Արցախի նախագահի դեմ քրեական գործ էր հարուցել եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարել: Ի՞նչ հարցեր են նրանք քննարկել, մնում է գաղտնիք: Գաղտնիք է նաեւ, թե արդյոք Սամվել Բաբայանը կամ նրա լիազորած նույնպե՞ս շփվել է Ջեյհուն Շադլինսկու հետ, թե՞ Ադրբեջանը Արցախի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի հետ կապի առանձին «խողովա՞կ է ունեցել»:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
