Բակո Սահակյանը քառասունչորսօրյա պատերազմին նախորդած երկու տարիներին առանց որեւէ խնդիր ունենալու աշխատել է Հայաստանի նոր իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հետ:
Վահրամ Աթանեսյան
Մաս 100
2023թ. սեպտեմբերի 1‑ին Ստեփանակերտում ի՞նչ հանգամանքներում եւ հաշվարկով է կայացվել Սամվել Շահրամանյանին պետական նախարար նշանակելու եւ նախագահի թեկնածու առաջադրելու որոշումը: Սամվել Շահրամանյանի մասին բաց աղբյուրները հայտնում են, որ 1999թ.ին ավարտել է Արցախի պետական համալսարանը եւ ծառայության անցել ԼՂՀ ԱԱԾ-ում: Այնուհետեւ նա պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հարկային պետական ծառայությունում եւ արդարադատության նախարարությունում, ապա կրկին՝ ԱԱԾ-ում, որտեղ հասել է վարչության պետի, տնօրենի տեղակալի պաշտոնին:
Հայաստանում 2018թ. իշխանափոխությունից հետո մի քանի տասնյակ երիտասարդներ իշխանություններին ներկայացրել են ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանության պետի պաշտոնանկության պահանջ: Բողոքի ակցիաներ են կազմակերպվել Ազատամարտիկների պողոտայում եւ նախագահի նստավայրի մոտ: Այդ օրերին նախագահ Բակո Սահակյանի շուրջ համախմբվելու եւ ներքաղաքական սրացումներ թույլ չտալու հորդոր է հնչեցրել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «հեղափոխությունը չպետք է հասնի Արցախ»:
Շատ կարեւոր է արձանագրել, որ փողոցային ակցիայի կազմակերպիչների հետ այդ օրերին իշխանությունների անունից մի քանի հանդիպում պետական նախարար Արայիկ Հարությունյանն է ունեցել: Նա, սակայն, մայիսի վերջին հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին եւ հունիսի մեկին կայացրել վերջնական որոշում:

Բողոքի ակցիաների ճնշման տակ նախագահ Բակո Սահակյանը զբաղեցրած պաշտոնից հեռացրել է ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանին: Նրա փոխարեն ԱԱԾ տնօրեն է նշանակվել Սամվել Շահրամանյանը:
2020թ. նախագահական ընտրություններից հետո Սամվել Շահրամանյանը ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Որքան էլ արտառոց չհնչի, նույն օրը նախագահ Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Շահրամանյանին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կազմում պահելու համար իշխանությունը «հորինել է» նոր՝ ռազմա-հայրենասիրական դաստիարակության, սպորտի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն եւ նրան նշանակել այդ գերատեսչության ղեկավար: Նախարարության նստավայր, ընդսմին, հաստատվել է Շուշին:
Բարդ է, իհարկե, միանշանակորեն պնդել, որ նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Սամվել Շահրամանյանը իրավահաջորդ է «ընտրվել», քանի որ ուներ հատուկ ծառայություններում երկարամյա գործունեության փորձ: Մյուս կողմից, սակայն, արտառոց է, թե ինչու՞ այդ ծանր պատասխանատվությունը չի դրվել նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կամ Բակո Սահակյանի վրա: Մանավանդ որ վերջինս քառասունչորսօրյա պատերազմին նախորդած երկու տարիներին առանց որեւէ խնդիր ունենալու աշխատել է Հայաստանի նոր իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հետ:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
