Այս պատերազմը արդեն իսկ բացասաբար է ազդում համաշխարհային տնտեսության վրա։ Նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 20 տոկոսը գալիս է Պարսից ծոցի տարածաշրջանից, և ռազմական լարվածության պայմաններում գների աճը գրեթե անխուսափելի է։
Հովսեփ Խուրշուդյան
Ա1+-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Իրանի շուրջ ծավալվող ռազմական լարվածությունը և դրա բազմաշերտ հետևանքները Հայաստանի ու համաշխարհային տնտեսության համար։ Խուրշուդյանն ընդգծում է, որ տարածաշրջանային անկայունությունը կարող է վտանգել էներգետիկ մատակարարումները, սակայն միևնույն ժամանակ հնարավորություն է ընձեռում Հայաստանին՝ դառնալու կարևորագույն տարանցիկ հանգույց Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև։ Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ նա շեշտում է առաջիկա ընտրությունների աշխարհաքաղաքական նշանակությունը՝ կոչ անելով ժողովրդավարական ուժերին միավորվել՝ կանխելու համար ռուսամետ ուժերի հնարավոր վերադարձը և ապահովելու երկրի եվրաինտեգրման ուղին։ Վերլուծությունը նպատակ ունի բացահայտելու Հայաստանի անվտանգային մարտահրավերները և հստակեցնելու պետության ինքնիշխանության պահպանման առաջնահերթությունները։
Հովսեփ Խուրշուդյանը անդրադառնալով Իրանի շուրջ սկսված պատերազմին՝ ասաց, որ այս պահին պատերազմի արագ ավարտը կամ Իրանի ամբողջական պարտությունը քիչ հավանական է։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ցամաքային գործողությունների չեն գնա, քանի որ դա մեծ մարդկային կորուստների վտանգ ունի, իսկ նման գործողության համար նույնիսկ Իսրայելի մոբիլիզացված ուժերը բավարար չեն Իրանի նման մեծ երկրի դեմ։ Ներկայումս հիմնականում հրթիռային պատերազմ է ընթանում՝ օդից և հեռահար միջոցներով իրականացվող հարվածներով։ Նրա դիտարկմամբ՝ խոսակցություններ են շրջանառվում, որ նույնիսկ ամերիկյան հրթիռային պաշարները սահմանափակ են և կարող են բավարարել ընդամենը մի քանի շաբաթ նման ինտենսիվության գործողությունների համար։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ հարվածները շատ թիրախային են և ուղղված են հատկապես Իրանի ռազմական ու քաղաքական ենթակառուցվածքներին՝ բարձրագույն ղեկավարության օբյեկտներին, «Քսիրի» կենտրոններին և այլ կառույցներին։ Նրա կարծիքով՝ եթե այդ հարվածները շարունակվեն նույն ինտենսիվությամբ, դրանք կարող են լուրջ և նույնիսկ անդառնալի հետևանքներ ունենալ Իրանի պետական կառույցի համար։
Հովսեփ Խուրշուդյանը նաև նշեց, որ այս պատերազմը արդեն իսկ բացասաբար է ազդում համաշխարհային տնտեսության վրա։ Նրա գնահատմամբ՝ նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 20 տոկոսը գալիս է Պարսից ծոցի տարածաշրջանից, և ռազմական լարվածության պայմաններում գների աճը գրեթե անխուսափելի է։ Խուրշուդյանի խոսքով՝ նավթի գինը կարող է անցնել 100 դոլարը մեկ բարելի համար, ինչը լուրջ հարված կլինի համաշխարհային տնտեսությանը։ Նա հավելեց, որ գազի գներն արդեն աճել են շուրջ 25 տոկոսով, հատկապես այն պատճառով, որ Քաթարը՝ հեղուկ գազի խոշոր արտահանողներից մեկը, հայտարարել է արտադրության դադարեցման մասին, ինչը խնդիրներ է ստեղծում նաև Եվրոպայի համար, որտեղ պահեստային պաշարները այս տարի համեմատաբար ցածր են։
Խուրշուդյանը կարծում է, որ Իրանը ռազմական պաշարների հաշվին չէ, որ փորձում է դիմակայել, այլ գլխավոր նպատակը ռեժիմի գոյատևումն է և երկրի ներքին կառավարելիության պահպանումը։ Նրա դիտարկմամբ՝ Միացյալ Նահանգները նույնպես շահագրգռված չէ Իրանը ամբողջովին անկառավարելի դարձնելու մեջ, քանի որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանի ամբողջական ապակայունացման, ինչը վտանգավոր կլինի նաև Պարսից ծոցի հարուստ երկրների համար։ Այդ պատճառով, ըստ նրա, հենց այդ երկրներն էլ կարող են որոշ ժամանակ անց պահանջել ԱՄՆ-ից դադարեցնել պատերազմը։
Տարածաշրջանային լարվածության ֆոնին Հայաստանը, մի կողմից, գտնվում է համեմատաբար խաղաղ միջավայրում, քանի որ հարևան երկրներում միաժամանակ մի քանի պատերազմ է ընթանում՝ ռուս-ուկրաինական պատերազմը, Իսրայել-Լիբանան լարվածությունը և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Սակայն, նրա խոսքով, մյուս կողմից Հայաստանն ունի ռիսկեր, քանի որ Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է։Տեսականորեն հնարավոր է նաև Իրանից մարդկանց որոշակի ներհոսք Հայաստան, սակայն դա ավելի հավանական կլինի ծայրահեղ իրավիճակի դեպքում։ Նա ընդգծեց, որ այս պահին Իրանում զանգվածային փախուստ չկա, մարդիկ հիմնականում պարզապես տեղափոխվում են խոշոր քաղաքներից ավելի ապահով շրջաններ։
Խուրշուդյանը նաև անդրադարձավ Իրանի ներսում առկա տրամադրություններին։ Նրա խոսքով՝ Իրանի հասարակության մեջ վերաբերմունքը միանշանակ չէ․ մի հատվածը նույնիսկ աջակցում է իշխանությունների դեմ իրականացվող հարվածներին, հատկապես արտերկրում գտնվող իրանցիները, որոնք ավելի ազատ են արտահայտում իրենց կարծիքը։ Սակայն, նրա դիտարկմամբ, մյուս կողմից հարձակումները կարող են նաև ուժեղացնել հակաամերիկյան տրամադրությունները երկրի ներսում։
Խոսելով հնարավոր սցենարների մասին՝ Խուրշուդյանը նշեց, որ Միացյալ Նահանգների ռազմավարությունը կարող է լինել Իրանի քաղաքական վերնախավի թուլացումը, որպեսզի հետագայում ներքին դժգոհության ալիքը ավելի հեշտ վերածվի իշխանափոխության։ Սակայն նա ընդգծեց, որ այդ գործընթացը բարդ է, քանի որ Իրանում ներսում հստակ առաջնորդություն ունեցող ընդդիմադիր ուժ չկա, իսկ հիմնական ընդդիմադիր ֆիգուրները գտնվում են արտերկրում։

Հայաստանի անվտանգության վերաբերյալ խոսելով՝ Խուրշուդյանը նշեց, որ ամենավտանգավոր սցենարը կլինի այն, եթե Իրանում իրավիճակը վերածվի քաղաքացիական պատերազմի։ Այդ դեպքում տնտեսական և սոցիալական խնդիրները կարող են մեծ արտագաղթ առաջացնել։ Նա նաև հիշեցրեց, որ Իրանը Հայաստանի համար կարևոր տնտեսական միջանցք է՝ հատկապես արտաքին առևտրի և զենքի մատակարարումների տեսանկյունից, օրինակ Հնդկաստանից եկող ռազմական տեխնիկայի ճանապարհը նույնպես անցնում է Իրանի տարածքով։ Նրա կարծիքով՝ եթե Իրանում իրավիճակը վատթարանա, այդ ուղին կարող է տեխնիկապես կամ քաղաքական պատճառներով փակվել։
Խուրշուդյանը անդրադարձավ նաև Հայաստանի իշխանությունների արձագանքին՝ նշելով, որ պաշտոնական Երևանի հայտարարությունը բավական հավասարակշռված էր․ այն պահպանել էչեզոքություն և սահմանափակվել է մտահոգությունհայտնելով ու հումանիտար օգնությունառաջարկելով։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կամ Իրանը կարող են Հայաստանից պահանջել հակառակ կողմի դեմ քայլեր, Խուրշուդյանը նշեց, որ դա քիչ հավանական է։ Նրա խոսքով՝ նույնիսկ Միացյալ Նահանգները չի կարողանում իր մերձավոր դաշնակիցներին, օրինակ Մեծ Բրիտանիային, համոզել մասնակցել Իրանի դեմ գործողություններին, հետևաբար Հայաստանի վրա նման ճնշումը դժվար պատկերացվող է։ Տարածաշրջանի շատ երկրներ փորձում են հնարավորինս զգույշ վարքագիծ դրսևորել՝ հասկանալով, որ Իրանի կողմից ցամաքային ռազմական գործողության առիթ տալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։
Գլոբալ քաղաքական հետևանքների մասին խոսելիս Խուրշուդյանը դիտարկեց, որ եթե Իրանը երկարաժամկետ հեռանկարում թուլանա կամ դուրս մղվի Չինաստան-Ռուսաստան քաղաքական դաշինքից, դա կարող է թուլացնել նաև Ռուսաստանին։ Սակայն կարճաժամկետ հեռանկարում, նրա խոսքով, Ռուսաստանը նույնիսկ որոշակի շահ է ստանում՝ նավթի գների աճի պատճառով։
Խուրշուդյանը հավելեց, որ նույն ժամանակ Միացյալ Նահանգների հնարավորությունները կարող են որոշ չափով սահմանափակվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցում, քանի որ մեծ քանակությամբ հրթիռներ օգտագործվում են Մերձավոր Արևելքում։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով Ուկրաինայի ղեկավարությունը արդեն մտահոգություն է հայտնում զինամթերքի հնարավոր պակասի վերաբերյալ։
Անդրադառնալով եվրոպական էներգետիկ քաղաքականությանը՝ Խուրշուդյանը նշեց, որ Եվրամիությունը փորձում է խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ էներգակիրների մատակարարումները մեծացնելու համար։ Սակայն նրա կարծիքով՝ դա երկարաժամկետ հեռանկարում կարող է նաև բարձրացնել Հայաստանի դերը տարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային նախագծերում, քանի որ Եվրոպան հետաքրքրված է Կենտրոնական Ասիայի էներգակիրները դեպի Եվրոպա հասցնելու նոր ուղիներով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
