Թե՛ 2018‑ի, թե՛ 2021‑ի համապետական ընտրությունները միջազգային կառույցների կողմից գնահատվել են որպես բարձր ստանդարտներին համապատասխանող, և կառավարությունը նպատակ ունի, որ 2026 թվականի ընտրությունները ոչ միայն չզիջեն նախորդներին, այլ նաև նոր քայլ լինեն ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ։
Արայիկ Հարությունյան
Armenpress‑ը զրուցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումները, ներքին ժողովրդավարական բարեփոխումներն ու տարածաշրջանային անվտանգությունը։ Շոշափվում են Երևանում կայանալիք միջազգային խոշոր գագաթնաժողովները, որոնք փաստում են պետության աճող դերակատարությունը եվրոպական և գլոբալ հարթակներում։ Բացի այդ, անդրադարձ է կատարվում Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և հնարավոր հիբրիդային սպառնալիքների պայմաններում արդար ընտրական գործընթացների ապահովման կառավարության հանձնառությանը։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ մայիսի 3‑ին Երևանում կայանալու է «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով» ութերորդ նիստը, որի մասին հայտնի էր դարձել դեռ նախորդ տարվա գարնանը, և այդ ժամանակից սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Նրա խոսքով՝ այժմ գործընթացը մտել է բուն կազմակերպչական փուլ, ընտրվել է միջոցառման կազմակերպման համար պատասխանատու ընկերությունը, իսկ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երևան կժամանեն մոտ հիսուն երկրի ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և գլխավոր քարտուղարներ։
Նա ընդգծեց, որ նման բարձր մակարդակի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է այն մասին, որ երկիրը սկսել է կարևոր դեր ստանձնել եվրոպական քաղաքական հարթակում։ Հարությունյանի խոսքով՝ գագաթնաժողովը նաև հստակ ուղերձ է տարածաշրջանային զարգացումների համատեքստում, քանի որ այն ցույց է տալիս, որ Հայաստանում և նրա շուրջ ձևավորվել է խաղաղության միջավայր, որը պետք է պահպանել և զարգացնել։ Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ նախատեսվում են մի շարք պաշտոնական պետական այցեր, որոնցից առնվազն մեկը արդեն հաստատված է, ինչը հնարավորություն կտա զարգացնել նաև երկկողմ հարաբերությունները տարբեր երկրների հետ։
Արայիկ Հարությունյանը անդրադարձավ նաև Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովին, որը կհաջորդի եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մեծ օրակարգ ունի Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում, հատկապես այն պատճառով, որ միությունում գործում են բարձր քաղաքական և տնտեսական ստանդարտներ, որոնց համապատասխանելուն ձգտում է Հայաստանը։ Նա նշեց, որ քննարկումների թեմաներից մեկը կլինի նաև վիզաների ազատականացման գործընթացը, ինչպես նաև տնտեսական և հումանիտար համագործակցության տարբեր ուղղություններ։ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ գագաթնաժողովը հնարավորություն կտա ամփոփել արդեն կատարված աշխատանքը և նախանշել համագործակցության զարգացման նոր հնարավորություններ։
Խոսելով առաջիկա ընտրական գործընթացների մասին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է ապահովելու վստահելի և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ։ Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ թե՛ 2018‑ի, թե՛ 2021‑ի համապետական ընտրությունները միջազգային կառույցների կողմից գնահատվել են որպես բարձր ստանդարտներին համապատասխանող, և կառավարությունը նպատակ ունի, որ 2026 թվականի ընտրությունները ոչ միայն չզիջեն նախորդներին, այլ նաև նոր քայլ լինեն ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այդ նպատակով իրականացվում են ծրագրեր Միավորված Ազգերի Կազմակերպության զարգացման կառույցների և միջազգային գործընկերների հետ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարողությունների զարգացման համար։
Արայիկ Հարությունյանը որպես հիմնական մարտահրավերներ նշեց հիբրիդային սպառնալիքները՝ ապատեղեկատվությունը և կիբերհարձակումները, որոնք կարող են օգտագործվել ընտրությունների վրա ազդեցություն գործադրելու նպատակով։ Նրա խոսքով՝ իշխանությունները միջազգային գործընկերների հետ աշխատում են այդ սպառնալիքների դեմ ինստիտուցիոնալ պաշտպանությունը ամրապնդելու ուղղությամբ։ Նա նաև նշեց, որ հնարավոր է ֆինանսական միջամտությունների փորձ, սակայն համապատասխան պետական մարմինները հետևում են այդ տեղեկություններին և ձեռնարկում կանխարգելիչ քայլեր։
Խոսելով առաջիկա ընտրություններին մասնակցող իշխանական ուժի մարտավարության մասին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել ընտրություններին ժողովրդի լիակատար վստահությունը ստանալու նպատակով։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրականացվել է մեծածավալ աշխատանք տարբեր ոլորտներում, և իշխանությունները պատրաստվում են ներկայացնել ինչպես արդեն իրականացված ծրագրերը, այնպես էլ ապագա զարգացման տեսլականը՝ հատկապես խաղաղության, անվտանգության, տնտեսական աճի և սոցիալական բարեկեցության ուղղություններով։
Արայիկ Հարությունյանը անդրադարձավ նաև իր այցին Միացյալ Նահանգներ, որտեղ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցի հետ հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով՝ այցի հիմնական նպատակը եղել է ներկայացնել Հայաստանի իրական զարգացումները և հակազդել ապատեղեկատվությանը։ Նա նշեց, որ հանդիպումների ընթացքում պարզվել է՝ բացասական տեղեկատվությունը հիմնականում տարածում է կազմակերպված, բայց փոքրաթիվ խումբ, մինչդեռ համայնքի մեծ մասը ընդհանուր առմամբ տեղեկացված է Հայաստանի դրական զարգացումներին։ Արայիկ Հարությունյանը նաև ընդգծեց, որ կառավարությունը երբեմն ավելի շատ կենտրոնացել է աշխատանքի վրա, քան այդ աշխատանքի մասին հաղորդակցության, ինչը որոշ դեպքերում խնդիր է ստեղծում տեղեկացվածության տեսանկյունից։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ խաղաղության գործընթացում վերջին ամիսներին արձանագրվել են կարևոր առաջընթացներ։ Նրա խոսքով՝ սահմանին արդեն շուրջ երկու տարի է, ինչ զոհեր չկան և լուրջ փոխհրաձգություններ չեն արձանագրվում։ Նա նաև նշեց, որ որոշ չափով սկսվել է տնտեսական հաղորդակցությունների ակտիվացում, տեղի են ունենում քաղաքացիական հասարակությունների շփումներ և երկրների ղեկավարությունների միջև կապեր։ Արայիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ հակամարտությունների պատմությունը ցույց է տալիս, որ նման երկարատև հակամարտությունների կարգավորումը սովորաբար շատ ավելի երկար ժամանակ է պահանջում, և այդ առումով ընթացող գործընթացը բավական արագ է զարգանում։
Խոսելով հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծերից՝ Արայիկ Հարությունյանը առանձնացրեց «Թրամփի ուղի» ենթակառուցվածքային նախաձեռնությունը՝ նշելով, որ այն Հայաստանի համար ունի թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային կարևոր նշանակություն։ Նրա խոսքով՝ նախագծի շրջանակում ենթակառուցվածքներում նախատեսվում են մեծ ներդրումներ, ինչը կարող է ապահովել նոր բեռնափոխադրումների ուղիներ արևելքից դեպի արևմուտք և Հայաստանի համար ստեղծել տնտեսական լուրջ հնարավորություններ։ Նա նաև հավելեց, որ ամերիկյան կողմի հետ բանակցությունները շարունակվում են և TRIPP‑ը կյանքի կոչող ընկերության ստեղծման ուղղությամբ արդեն զգալի առաջընթաց կա։
Արայիկ Հարությունյանը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է «COP17 կենսաբազմազանության գագաթնաժողովը»։ Նրա խոսքով՝ այս համաժողովը Հայաստանին հնարավորություն կտա միջազգային լավագույն փորձը ներգրավել կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։ Նա ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացվել են ծրագրեր որ սա գողության դեմ պայքարի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանության ուղղությամբ, և նման միջազգային հանդիպումները հնարավորություն են տալիս գնահատելու այդ ծրագրերի արդյունավետությունը և զարգացնելու դրանք։
Տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ Արայիկ Հարությունյանը նշեց, որ Հայաստանի անվտանգության խորհրդի շրջանակում գործում է աշխատանքային խումբ, որը մշտապես հետևում է Մերձավոր Արևելքում և հատկապես Իրանի շուրջ զարգացող իրավիճակին։ Նրա խոսքով՝ այդ խումբը պարբերաբար զեկույցներ է ներկայացնում երկրի ղեկավարությանը, և ըստ իրավիճակի մշակվում են անհրաժեշտ քայլերը։ Արայիկ Հարությունյանը ընդգծեց, որ տարածաշրջանային լարվածությունը կարող է ազդել գլոբալ տնտեսության վրա, հատկապես էներգետիկ շուկաների միջոցով, սակայն Հայաստանը փորձում է նվազագույնի հասցնել այդ ազդեցությունները և պահպանել տնտեսական աճի տեմպերը։Կառավարությունը վաղուց մշակել է հնարավոր ճգնաժամային սցենարներ և անհրաժեշտության դեպքում կարող է գործարկել համապատասխան հակաճգնաժամային մեխանիզմներ։ Նրա խոսքով՝ նման հարցերը սովորաբար հրապարակային չեն քննարկվում, քանի որ վերաբերում են պետական անվտանգությանն ու ռազմավարական պլանավորմանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
