Այդ շրջանում հայաստանյան որոշ քաղաքական շրջանակներ եւ լրատվամիջոցներ Ռուսաստան Սամվել Բաբայանի եւ Մասիս Մայիլյանի մուտքի արգելքը բացատրել են վերջիններիս «նիկոլական լինելու» հանգամանքով:
Վահրամ Աթանեսյան
Մաս 102
2023թ. սեպտեմբերի 8‑ին, խորհրդարանում նոր նախագահի ընտրության նախօրեին, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո կատարում էր նախագահի պարտականությունները, հանդես է եկել հայտարարությամբ եւ իրազեկել, որ Ստեփանակերտում «որոշ ուժեր փորձում են պառակտել արցախահայությանը»: Իշխանյանը վերագրել է, որ նրանք «այդպիսով սպասարկում են Ադրբեջանի շահերը»: Արցախի նախագահի պաշտոնակատարն իր խոսքն ավարտել է կոշտ նախազգուշացումով», որ այդ ուժերի սադրանքը կանխելու համար կկիրառվեն օրենքով սահմանված միջոցառումներ:
Իշխանյանը չի մանրամասնել, թե ում եւ ինչ «պառակտիչ քայլեր» նկատի ունի: Դեպքերի ականատեսների վկայությամբ, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես նաեւ ՊԲ եւ ԱԱԾ մի քանի նախկին բարձրաստիճան սպաներ «մտավախություն են ունեցել, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կդիմի ուժի եւ կտապալի նախագահի պաշտոնում Սամվել Շահրամանյանի ընտրությունը»:
Արայիկ Հարությունյանի մերձավոր շրջապատի մի քանի աղբյուրներ հետագայում տարբեր առթիներով վկայել են, որ երբ նրան դիմել են իշխանությունը Սամվել Բաբայանին փոխանցելու առաջարկությամբ, լսել են «չեմ կարող» պատասխանը: Այդ մարդիկ ենթադրում են, որ Արայիկ Հարությունյանը «գտնվել է Արկադի Ղուկասյանի, Բակո Սահամյանի եւ Ռուբեն Վարդանյանի ճնշման տակ, որպեսզի Սամվել Բաբայանը ոչ միայն բարձրագույն իշխանություն, այլեւ ռազմաքաղաքական կարեւորության որոշումների ընդունման վրա որեւէ ազդեցություն չունենա»: Ո՞րն էր Բաբայանի նկատմամբ անհանդուրժողականության պատճառը:
Հայտնի է, որ 2020թ. նախագահական ընտրությունների փուլում Սամվել Բաբայանը Ռուսաստանի միգրացիոն ծառայության կողմից ճանաչվել է «անցանկալի» եւ ՌԴ տարածք նրա մուտքը հինգ տարով արգելվել է: Համանման որոշում է կայացվել նաեւ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նկատմամբ: Այդ շրջանում հայաստանյան որոշ քաղաքական շրջանակներ եւ լրատվամիջոցներ Ռուսաստան Սամվել Բաբայանի եւ Մասիս Մայիլյանի մուտքի արգելքը բացատրել են վերջիններիս «նիկոլական լինելու» հանգամանքով:
Նախագահական ընտրություններից հետո Մասիս Մայիլյանը պահպանել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ Սամվել Բաբայանը՝ նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար: Ընդ որում, ԼՂՀ պետական գոյության պատմության մեջ առաջին անգամ Անվտանգությունը փաստացի ստացել է կառավարման մարմնի կարգավիճակ՝ ունենալով առանձին նստավայր, աշխատակազմ եւ ինքնուրույն ֆինանսավորում: Մինչ այդ Անվտանգության խորհուրդը գործունեություն է ծավալել նախագահի աշխատակազմում: Ընդ որում, թե Արկադի Ղուկասյանի, թե Բակո Սահամյանի պաշտոնավարման շրջանում նախագահի աշխատակազմի ղեկավարը հիմնականում համատեղել է նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: 2020թ. մայիսի դրությամբ, երբ Մայիլյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար, իսկ Բաբայանը՝ ԱԽ քարտուղար, Ստեփանակերտում հազիվ թե հակառուսական այնպիսի տրամադրություններ իշխեին, որպեսզի Արայիկ Հարությունյանը ՌԴ մուտքի իրավունք չունեցող երկու անձանց նշանակեր շատ պատասխանատու պաշտոններում: Մանավանդ որ չճանաչված Արցախի համար Մոսկվան ավանդաբար հանդիսացել է ոչ հչապարակային խորհրդատվությունների աղբյուր: 2023թ. հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին Սամվել Բաբայանը հանդես է եկել Ադրբեջանի հետ շփումների միջոցով շրջափակումը հաղթահարելու, փոխվստահություն ներշնչող քայլեր կատարելու եւ այդպիսով հայ բնակչությունը Արցախում պահելու առաջարկությամբ, որ նա մի քանի անգամ հնչեցրել է նաեւ հրապարակավ:
Ըստ երեւույթին, նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը մերժելու, կառավարման համակարգում նրան չներգրավելու քաղաքական որոշման պատճառը Բաքվի հետ երկխոսության մերժումն էր:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
